HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյանում «նախընտրական ասֆալտապատումն» ավարտվեց ճիշտ ժամանակին

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գերմանա-հարավսլավական թաղամասում 300 գծամետր փողոցի շինարարությունն ավարտվեց նոյեմբերի 4-ին՝ ՏԻՄ ընտրություններից մեկ օր առաջ: Շինարարությունը սկսվել էր հոկտեմբերի 27-ին: Մրցույթը շահած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ից հայտնել էին, որ աշխատանքները կավարտեն նոյեմբերի 7-ին, եթե արեւոտ օրերը գերակշռեն: Կատարած աշխատանքի արժեքը՝ 18 մլն դրամ, Ախուրյանի համայնքապետարանը, պատճառաբանելով, որ բյուջեում այդքան գումար չկա, խոստացել է վճարել կեսն այս տարի, գումարի մյուս կեսն էլ 2018թ-ին: Փողոցն ասֆալտապատվել է առանց մայթերի ու եզրաքարերի վերականգման:

Ի դեպ, այս թաղամասում փողոցների ասֆալտապատման մասին սովորաբար խոսակցություններ էին ծավալվում միայն ՏԻՄ ընտրություններից առաջ, հետո՝ մոռացվում: Ախուրյանի նախկին համայնքապետ, խոշորացվող Ախուրյան համայնքի ղեկավարի թեկնածու Արծրունի Իգիթյանը նման խոստումներով հանդես էր եկել նախորդ երկու ՏԻՄ ընտրություններից առաջ: 10 տարի անց Ախուրյանը 21 տարի ղեկավարող համայնքապետը հանկարծակի հիշել էր թաղամասի առաջնահերթ խնդիրներից մեկը: Խոսակցություններ են շրջանառվում, որ խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնում 6 թեկնածուի առաջադրումը խառնել է Արծրունի Իգիթյանի խաղաքարտերը, եւ նա որոշել է որոշակի աշխատանքներ իրականացնելով՝ ձայներ խնդրել նախկին շրջկենտրոնի բնակիչներից:

Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ձեւավորվող փնջի կազմում ընդգրկվելու են Ախուրյան, Բասեն, Արեւիկ, Այգաբաց, Կառնուտ, Ջրառատ, Հովիտ, Կամո գյուղերը: Կենտրոնը լինելու է մոտ 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյանը: Խոշորացված համայնքը կունենա 17 հազար բնակիչ: Այսօր նշված գյուղերում ընթանում են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել է ՀՅԴ անդամ, Ախուրյանի նախկին համայնքապետ Արծրունի Իգիթյանը, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն, Բասեն գյուղի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, ով նույնպես ինքնաառաջադրվել է, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը, ով նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցակցում էր Արծրունի Իգիթյանի հետ, Ախուրյանի սպորտ դպրոցի տնօրեն, անկուսակցական Լեւոն Գեղամյանը, անհատ ձեռներեց Գերասիմ Համբարյանը եւ Շիրակ ՋՕԸ պետ Վանիկ Մկրտչյանը: Ավագանու 15 տեղի համար պայքարելու են 31 թեկնածու: 8 գյուղերի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվն ըստ ընտարցուցակների՝ 13.926 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter