HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Նոր քաղաքական «պայմանագրի» դժվարությունները

2018-ի վարչապետության խնդիրը կարելի է համարել քաղաքական կյանքի գլխավոր հանելուկը։ Այն, որ Սերժ Սարգսյանը որևէ տեխնիկական խնդիր չունի զբաղեցնելու վարչապետի՝ այսինքն երկրի ղեկավարի պաշտոնը, բոլորի համար հասկանալի է, սակայն անհասկանալի են դրա հետ փոխկապակցված այլ հարցերը․ ովքե՞ր են զրկվելու իրենց քաղաքական դիրքերից նոր կառավարությունում, ինչպե՞ս է խախտվելու փխրուն հավասարակշռությունը, և դա ի՞նչ ցնցումների կարող է բերել իշխանության համար ապագա պայքարում։

Հայաստանում ընտրական համակարգի բացակայությունը դեռ չի նշանակում, որ գոյություն չունի քաղաքական համաձայնություն, սակայն այդ համաձայնությունը, կամ «պայմանագիրը» կնքվում է այն սուբյեկտների միջև, որոնք ունեն ազդեցություն քաղաքական և տնտեսական կյանքում։

1998-ի Տեր-Պետրոսյանի հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ նա չկարողացավ քաղաքական դերակատարների միջև կոնսենսուս ձևավորել, որը կանվանենք «պայմանագիր»։ Տեր-Պետրոսյանի կոշտ պահվածքը ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ՝ հատկապես 1996-ի զանգվածային հետապնդումները և խոշտանգումները, քաղաքական կյանքում կոնսենսուսի հնարավորությունը բացառում էին։ Ռոբերտ Քոչարյանին Արցախից հրավիրով` Տեր-Պետրոսյանը փորձեց նրա շուրջը կայացնել համաձայնությունը։ Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի քաղաքական ճակատագրերն այն ժամանակ էր կանխորոշված, մնացածը տեխնիկայի հարց էր։ Առանց քաղաքական համաձայնության երկիրը չէր կարող շարունակել իր կենսունակությունը։

Հայաստանում առաջին նման «պայմանագիրը» կամ համաձայնությունը կարողացավ ձևավորել Ռոբերտ Քոչարյանը։ Տնտեսության ոլորտում ազդեցության գոտիներ ձևավորելով և քաղաքական կյանքում ներգրավելով նախկին ըննդիմությանը՝ Վազգեն Մանուկյանի թիմին, Դաշնակցությանը և այլ մանր դերակատարների` քաղաքական կյանքում նա կարողացավ կայուն համաձայնության հասնել։ Դուրս մնացածները լուրջ ազդեցություն չունեին։

Հաջորդ համաձայնությունը կարողացավ ձևավորել Սերժ Սարգսյանը և 2007-ին նվաճելով խորհրդարանը` կարողացավ «կնքել» նոր քաղաքական «պայմանագիր», կամ ավելի ֆորմալ կերպով եթե արտահայտվենք՝ իշխող դաշինք, որտեղ ոչ ֆորմալ կերպով տեղ ունեին նաև «պաշտոնական» ընդդիմադիրները։

Առհասարակ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես պետք է համարել «պայմանագրի» կողմ, կամ նոր տերմինաբանությամբ «ինստիտուցիոնալ» ընդդիմադիրներ։

Պետք է հասկանալ, որ խորհրդարանի կազմը որոշվում է մինչև ընտրությունները։ Իսկ Հայաստանի նախագահները տվյալ համակարգում հանդիսանում են քաղաքական «պայմանագրերի» երաշխավորներ։ Դա է Հայաստանի քաղաքական համակարգի էությունը։

2008-ին նախագահական ընտրություններում քաղաքական կյանքում հայտ ներկայացնողները հաջորդ խորհրդարաններում նույնպես տեղեր ստացան, այսինքն մաս կազմեցին այդ համաձայնությանը, ինչը սկսվեց ՀԱԿ-ի հայտնի «երկխոսությամբ»։ ՀԱԿ-ից բացի` ընդդիմությունը ներկայացնում էր նաև «Ժառանգությունը»։ Միայն նրանց ներգրավելով էր կարող Սերժ Սարգսյանը քաղաքական կյանքը տեղափոխել խորհրդարան և զսպել փողոցը։

Որոշ փուլերում համաձայնության դուրս եկած ուժերը՝ Բարգավաճ Հայաստանը և Դաշնակցությունը, կարճ ժամանակ հետո վերադարձան «Պայմանագրին»։ Իսկ Հանրապետական կուսակցությունը տարբեր դերակատարների կոնգլոմերատ է՝ կուսակցական ֆունկցիոներներ, նախկին ընդդիմադիր մանր կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ, տեղական ֆեոդալներ և այլն։

Քաղաքական կյանքում լինում են հավասարակշռության և հավասարակշռության խախտման փուլեր։ Հավասարակշռությունը, բնականաբար, պետք է հասկանալ այն խմբերի միջև, ովքեր կարող են «պայմանագրի» կողմ հանդիսանալու հայտ ներկայացնել։

Սահմանադրության փոփոխությունը և «ներդրողների ակումբի» ներկայացուցիչ նոր վարչապետի առկայությունը նոր խնդիրներ է առաջացնում իրեն սպառած «պայմանագիրը» մի նոր «պայմանագրով» փոխարինելու հարցում։ Սակայն «նոր պայմանագրի» հարցում կան խնդիրներ՝ քաղաքական կյանքից դուրս մնացած դերակատարների համար լուծումների բացակայությունը։

Այդ հիմնական խմբեր են․

1․ «Կռված տղերքի» կամ բանակի նախկին ղեկավար կազմի հավակնությունները առկախված վիճակում են։ Նախընտրական շրջանում Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց է տալիս,  որ «Օհանյան» դաշինքի հավակնություները զսպվել են ուժային եղանակով, քաղաքական լուծման բացակայության պատճառով։ «Սասնա Ծռերը» նույնպես «կռված տղերքի» շերտն է ներկայացնում։  Հակառուսական հայտարարությունների միջոցով փորձ է արվում ռուսական ռազմական շրջանակների աջակցությունը վայելող «Օհանյան» դաշինքը վարկաբեկել։ Պատահական չէր նաև ներկայիս պաշտպանության նախարարի բանակում ծառայելու հարցի հանրային քննարկումը։

2․ Մանր և միջին բիզնեսի շահերի պաշտպանության հռետորաբանությունը որդեգրած «Օրինաց երկիրը» նույնպես դուրս է մնացել «պայմանագրից», որի արդյունքում բիզնեսի այդ շերտը, թեկուզ հռետորաբանության առումով, քաղաքական կյանքից օտարվել է։

3․  Ժամանակին մեծ հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանի և Հանրապետականների «խոշոր» կրիմինալը ներկայացնող կարկառուն դեմքերի քաղաքական ճակատագրերը նույնպես անհայտ են։

4․ Իսկ ամենակարևոր հարցը «ներդրողների ակումբի» քաղաքական ճակատագրին է վերաբերում։ Բնականաբար «ներդրումները» պետք է երաշխավորված լինեն քաղաքական տանիքով։ Դա է Հայաստանի համակարգի բնութագիրը։ Բիզնեսը և քաղաքականությունը Հայաստանում չկարողացան տարանջատվել։

Քաղաքական «պայմանագրի» թարմացման խնդիրն այն առկախված խնդիրն է, որի լուծումն անհասկանալի է։

Մեկնաբանություններ (2)

Վահան
Փաստորեն Հետք-ին էլ առան: Լավ չի, երբ նման լուրջ լրատվամիջոցը վերածվում է միջին վիճակագրան անմակարդակ կայքի, որը օդից կախված լուրերից ենթադրություններ անելով մարդկանց փորձում է պիտակավորել կամ ահրեստական կերպով կրիմինալի հետ կապել: Սթափվե՛ք գժուկներ, մի՛ անլրջացեք:
Սարգիս
Կրիմինալ բառից պետք չի նեղանալ, դա պատվաբեր ու եկամտաբեր կոչում ա, դրա շնորհիվ շտաբի պետ են դառնում եւ ընտրություններ սարքում, Մանումենտում այգու տեղում դղյակ սարքում (պետական ծառայողները), մարզի գյուղացիների համար նախատեսվող վառելանյութը գրպանում, քրեական աշխարհի դոների հետ հարցեր լուծում ու մամուլն էլ դա լուսաբանում ա ու լիքը նման բաներ ... Նեղքնալու բան չկա, անցած լինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter