HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործում՝ նշելով. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի»:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է ֆրանսիական մշակույթի, գրականության եւ լեզվի ազդեցության նշանակությունը Հայաստանի համար՝ այս համատեքստում կարեւորելով 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը մեր երկրում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել եւ խորացնել Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ կապված իրադարձությունները ՀՀ Ազգային ժողովի եւ հատկապես ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ուշադրության կենտրոնում են:

Արա Բաբլոյանն իր աջակցությունն է հայտնել նորանշանակ դեսպանին՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերին օժանդակելու գործում:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան:

Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին եւ կարեւորել հաջորդ տարի սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը Հայաստանում:

Դեսպանը գագաթաժողովի անցկացումը Հայաստանում դիտարկել է որպես բոլոր տեսանկյուններից կարեւոր իրադարձություն երկու երկրների համար, որը թույլ կտա կազմակերպության անդամ երկրներին համախմբվել մարդասիրական ընդհանուր գաղափարների շուրջ:

Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է նաեւ Հայաստանում ֆրանսիական մշակութային եւ կրթական նոր կենտրոնների ստեղծմանը եւ զարգացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական կրթօջախների նկատմամբ եղած հետաքրքրությունը: 

Մեկնաբանություններ (1)

Օնօրե դը Բալզակ
Հարգելի խմբագրություն, Ինչո՟ւ եք խախտում հայեերենի տառադարձման օրենքները, դեսպանի ազգանունը ֆրանսերեն արտասանվում ԼԱԿՈՏ, բարի եղեք այդպես էլ գրել: Ի դեպ, դա հայկական լակոտության հետ ոչ մի կապ չունի:խ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter