HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի ծավալն ու քանակն աճել է այս տարի

Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակն այս տարվա առաջին  կիսամյակում սահմանափակել է ֆինանսական հաստատությունների կողմից անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները։ Դրա հետ մեկտեղ անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար:  Նման եզրահանգման է եկել Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) 2017թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունը կազմելիս։ 

Այս հունվար-հունիսին, նախորդ տարվա երկու կիսամյակների համեմատ, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նվազել են շուրջ 3-ական տոկոսային կետով: «Միևնույն ժամանակ բանկերը շարունակել են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը պահպանել 60-80% միջակայքում, ինչն էականորեն զսպել է անշարժ գույքի գների հնարավոր տատանումներով պայմանավորված վարկային ռիսկը։ Հաշվարկները կատարվել են Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների հիման վրա»,- նշված է հաշվետվության մեջ: 

Ըստ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող եռամսյակային հարցումների՝ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը համեմատաբար բարձր է առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների մասով։ Կենտրոնական բանկում դա պայմանավորվում են 2015 թ. ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: 

Ինչպես տեղեկանում ենք նույն հաշվետվությունից, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված անշարժ գույքի ձեռքբերման վարկերի ծավալն աճել է 2.4%-ով, իսկ քանակը՝ 3.4%-ով։ 

Իսկ անշարժ գույքի ձեռքբերման «չաշխատող» վարկերի մասնաբաժինն անշարժ գույքի ձեռքբերման ընդհանուր վարկերում նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.2%: 

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա մյուս ամիսների համար և՛ բանկերը, և՛ վարկային կազմակերպությունները ակնկալում են սպառողական և հիփոթեքային վարկավորման ծավալների հետագա աճ: 

Նշվում է, որ տարվա առաջին կիսամյակի ընթացքում 14.3%-ով աճել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված վարկավորումը: Ընդ որում՝ բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված «չաշխատող» վարկերի մասնաբաժինը վերոնշյալ ոլորտին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 5.7%: 

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 48.8%-ով նվազել են կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և շահագործման հանձնված բնակելի շենքերի ծավալները, որի հետևանքով զգալիորեն նվազել է նաև վերջինիս մասնաբաժինը շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալում և կազմել ընդամենը 5.8% (2016 թ. առաջին կիսամյակում` 11.8%): Միաժամանակ, ավելացել են բնակչության միջոցներով շահագործման հանձնված բնակելի շենքերի ծավալները (12.1%)` նպաստելով ընդհանուր շահագործման հանձնված շենքերի ծավալների 4.9% աճին: 

Կենտրոնական բանկը շեշտում է, որ շենքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասի համար որպես անշարժ գույքի շինարարությանը խոչընդոտող հիմնական գործոն է շարունակում մնալ պահանջարկի նվազումը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter