HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արայիկ Խանդոյանը դատական նիստի կարգը խախտելու համար երկու անգամ նախազգուշացվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը դատավորի կողմից երկու անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա ստացավ:

Այն ժամանակ, երբ նիստերի քարտուղարը հայտնում էր նիստի մասնակիցների և բացակաների վերաբերյալ տեղեկություն, նշեց, որ նիստին ներկայացվել են ամբաստանյալները, և Արայիկ Խանդոյանին դուր չեկավ, որ քարտուղարն իրենց «ամբաստանյալ» է անվանում:

«Ես ձեզ ասել եմ. ամբաստանյալը դուք եք, ամբաստանյալը մենք չենք»,- տեղից հայտարարեց Խանդոյանը, և երբ դատավորը փորձում էր նրան դիտողություն անել, շարունակեց, թե իրենց պետք է անուններով դիմել:

«Մեզ անուններով դիմեք, մենք ազատամարտիկներ ենք, ամբաստանյալներ չենք»,- ասաց Արայիկ Խանդոյանը:

«Դատական նիստերի քարտուղարը հավանաբար ձեր երեխայի տարիքին է»,-Խանդոյանին դիմելով՝ ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն Խանդոյանը շարունակեց դժգոհել ու կրկնել. «Ամբաստանյալը դուք եք, մենք չենք»:

«Ամբաստանյա՛լ Խանդոյան, դատարանը  ձեզ նախազգուշացում է հայտարարում դատական նիստի կարգը խախտելու համար»,- Խանդոյանին դիմելով՝ ասաց Մեսրոպ Մակյանը:

«Դու ես ամբաստանյալը»,- նորից կրկնեց Խանդոյանը, և դատավոր Մակյանը ևս մեկ անգամ նրա նկատմամբ նախազգուշացման սանկցիա կիրառեց:

Այսօր մի քանի փաստաբանի կողմից դատարանը դիմումներ էր ստացել, որ նրանք դատական նիստին չեն կարող ներկայանալ այլ նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով:

Այսօր դատարան էր ներկայացել նախորդ դատական նիստին չմասնակցած փաստաբան Հայկ Ալումյանն, ով պաշտպանում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերը: Նախորդ նիստի ընթացքում դատարանն անդրադարձել էր դատավորի ինքնաբացարկի հարցին, և դատավարության մասնակիցները Մակյանին ինքնաբացարկ չէին հայտնել:

Այսօր դատավորն Ալումյանից ճշտեց՝ արդյոք վերջինս ունի ինքնաբացարկի միջնորդություն, և Ալումյանը նշեց, որ այդպիսի միջնորդություն ներկայացնելու կամ չներկայացնելու համար դատարանին նախ մի քանի հարց ունի:

«Ձեզ ոչ պատահական սկզբունքո՞վ է հանձնվել, թե պատահական համակարգչային ընտրության սկզբունքով, դուք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունու դատարան  գործուղվել եք հենց այս գործը քննելու անհրաժեշտությունից ելնելո՞վ, Դուք Ձեր համաձայնությունը տվե՞լ եք գործուղվելու համար, չեմ ասում՝ Ձեր կամքին հակառակ եք գործուղվել, բայց ցանկանում եմ իմանալ՝  Ձեր համաձայնությամբ եք գործուղվել, թե՞  տեղի է ունեցել առանց Ձեր համաձայնությունը նախապես հարցնելու»,- դատավոր Մակյանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Մակյանը նշեց, որ թեև դատավորին հարցեր տալու ձևաչափ չկա, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ալումյանի տված հարցերն ինչ-ինչ կերպ ընդհանուր եզրեր ունեն իրեն հայտնելիք բացարկին, որոշակիորեն կպատասխանի այդ  հարցերին:

Դատավորը պարզաբանեց, որ դատավարության կողմներին, այդ թվում՝ Ալումյանին, ուղարկվել է գործն իր կողմից դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշումը, որում հստակ նշված է, թե ինչպես է գործն իրեն մակագրվել:

«Իսկ այնտեղ հստակ նշված է, որ այն համակարգչային մակագրման սկզբունքով է ինձ մակագրվել»,- ասաց դատավորը:

Ինչ վերաբերում է գործուղման հարցերին, Մակյանը նշեց, որ դատավորին որևէ կերպ իր կամքին հակառակ չեն կարող գործուղել այլ դատարան:

«Իմ կամքով են գործուղել, բայց ոչ հատկապես այս գործը քննելու համար»,- ասաց Մեսրոպ Մակյանը:

Ալումյանը նշեց, որ նախքան այս գործը կմակագրվեր Մակյանին, արդեն լրատվամիջոցներում լուրեր կային այն մասին, որ Մակյանը կգործուղվի  Էրեբունու դատարան այս գործը քննելու համար:

Ալումյանը հայտարարեց, որ հակված չէ զուգադիպություն համարել այս, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դատարանում քննվող մյուս գործերը կոնկրետ դատավորների  պատահականության սկբունքով մակագրվելու հանգամանքը, սակայն Մակյանը հարկ չհամարեց անդրադառնալ  Ալումյանի կողմից արված այս վերջին հայտարարությունը՝ նշելով, որ Ալումյանի կողմից բարձրացված հարցերը դատարանի գործունեության շրջանակներից դուրս են, դրանք վերաբերում են Դատական դեպարտամենտին:

Ալումյանը նշեց, որ թեև այս պահին դատարանը կարող է համարել, որ ինքը դատավորին ինքնբացարկի միջնորդություն չունի, բայց հաջորդ դատական նիստին պատրաստվում է այդպիսի միջնորդությամբ հանդես գալ:

Դատարանն այսօր մասնակի բավարարեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը հանելու վերաբերյալ միջնորդությունը. Բարսեղյանը մերձավոր ազգականների հետ  այսուհետ կկարողանա տեսակցել և հեռախոսակապ ունենալ:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց դատական կարգադրիչների կողմից, ըստ էության, իր իրավունքները խախտելու մասին:

«Թե՛  նախորդ դատական նիստի ընթացքում,  թե՛ այսօր,  ինչպես նախորդ չորսուկես ամիսների ընթացքում, դատական կարգադրիչների կողմից խուզարկության փորձ է կատարվում, այսինքն՝ պայուսակից մետաղական իրերը հանելու, դրանք ցույց տալու անօրինական պահանջ է ներկայացվում, որի պատճառով ես չեմ կարողանում պայուսակով, որում գտնվում են իմ աշխատանքային պարագաները, մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Ստիպված պայուսակը թողնում եմ մեքենայի մեջ և առանց իմ աշխատանքային պարագաների ներկայանում դատարան: Ես համապատասխան արձանագրությունում ներկայացրել եմ իմ առարկությունները, մասնավորապես՝ պահանջել եմ, որ դատարանը միջոցներ ձեռնարկի փաստաբանների անխոչընդոտ մուտքը դատական նիստերի դահլիճ ապահովելու նպատակով»,- ասաց Շուշանյանը՝ նշելով, որ եթե այս խնդիրը դարձյալ լուծում չստանա, հնարավոր է՝ ինքը որոշի այլևս առանց իր աշխատանքային պարագաների չներկայանալ նիստերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter