HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դաշնամուրն ու ջութակը՝ «մեռնող գործիքներ». մոդայիկ է վոկալիստ կամ դուդուկահար լինելը

Հայաստանում տարեցտարի նվազում է երաժշտության ակադեմիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Երաժշտական քոլեջներում սովորող դաշնակահարների, ջութակահարների, փողային կամ հարվածային գործիքներ սովորող ուսանողների թիվն անիմաստ է համեմատել խորհրդային տարիների հետ: Իսկ երաժշտության տեսության եւ խմբավարության բաժիններ դիմում են հատուկենտ ուսանողներ:

Հասկանալի է, որ խորհրդային տարիներին մեծ աշխատանք էր տարվում ակադեմիական երաժշտությունը մասայականացնելու ուղղությամբ, ինչի հետեւանքով փոքրիկ Հայաստանում կար ավելի քան 300 երաժշտական դպրոց: Հիմա հակառակ պատկերն է՝ երաժշտական միջին մասնագիտական հաստատությունների որոշ բաժիններում սովորում է 1-2 ուսանող, կամ ընդհանրապես դասախոսները պարապուրդի են մատնված:

«Հետք»-ը Կրթության եւ գիտության նախարարությունից ստացել է տեղեկանք՝ հանրապետությունում գործող երաժշտական եւ արվեստի քոլեջներ դիմողների մասնագիտական ընտրության դինամիկան եւ պարզել, որ ազգը, մեղմ ասած, հետաքրքրված է ժողովրդական գործիքներով, իսկ ակադեմիական գործիքները, նման դինամիկայի դեպքում, կհամարվեն մեռնող:

Արմավիրի արվեստի պետական քոլեջի լարային եւ փողային ու հարվածային գործիքների բաժիններում հատուկենտ ուսանողներ են սովորում, համեմատաբար լավ դրություն է երգեցողության եւ ժողգործիքների բաժիններում, իսկ տեսաբաններ ընդհանրապես չկան: Կրթության եւ գիտության նախարարությունը տեսաբանների համար տարեկան երկու տեղ է հատկացնում, սակայն դիմորդներ չեն լինում:

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ակադեմիական մասնագիտությունների գծով անկում է արձանագրվում: Փոխարենը ավելանում են ժողովրդական գործիքները՝ դհոլ, դուդուկ եւ այլն: Հարությունյանի խոսքով՝ դա պայմանավորված է առաջին հերթին պրոպագանդայով, որ արվում է հեռուստատեսությամբ:

«Ժողովրդական գործիքների պրոպագանդան լավ է, բայց տուժել են ակադեմիական գործիքները: Երկրորդ խնդիրն այն է, որ ծնողները մտածում են՝ իրենց զավակները դասական երաժշտությամբ հաց վաստակել չեն կարող: Ես ինքս ջութակահար եմ եւ ամեն տարի մեկ-երկու ամսով լինում եմ Եվրոպայում, այդ ընթացքում եմ գումար վաստակում, եւ հանգստանում: Եվ շատ-շատ երաժիշտներ եվրոպական շուկայում նորմալ գումար են վաստակում: Հայ ծնողները միանգամից մտածում են՝ լավ է ժողգործիք նվագի երեխան, գոնե ռեստորաններում, հարսանիքներում գումար կվաստակի: Արդյունքում ակադեմիական մասնագիտությունների գծով մեծ անկում ունենք»,- ասաց քոլեջի տնօրենը:

Նա պատմեց, որ արդեն քանի տարի է` քոլեջն ակադեմիական մասնագիտությունների գծով սահմանել է ամբողջովին անվճար կրթություն, որպեսզի խրախուսվի դաշնամուրի, ջութակի, փողային եւ այլ գործիքների ուսուցումը:

Քոլեջում, ըստ մեզ տրամադրած տեղեկանքի, ժողովրդական գործիքների բաժնում 2010-2011 թվականներին ԿԳՆ հատկացրել է 16 տեղ, իսկ դիմորդների թիվը եղել է 21: Երկու տարի անց նախարարությունը մեծացրել է տեղերի քանակը՝ 29, սակայն մեծ է եղել նաեւ դիմորդների թիվը՝ 34: Տարեցտարի նախարարությունը մեծացրել է այս հաստատության ժողգործիքների բաժնի համար հատկացրած տեղերի թիվը, սակայն մրցակցությունն էլ ավելի է մեծացել: Ընթացիկ ուսումնական տարում արդեն, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ժողգործիքների բաժնին ԿԳՆ-ն հատկացրել է 40 տեղ, իսկ դիմորդների թիվը եղել է 54:40 ուսանող, ընդունվել են նաեւ երգեցողության բաժին: Այնինչ խմբավարության, դաշնամուրի, տեսական, լարային, փողային եւ հարվածային գործիքների բաժինների համար դիմել է ընդամենը 32 ուսանող:

Քոլեջում դաշնակահարների թիվը գնալով նվազում է, այդ պատճառով, եթե ԿԳՆ-ն 2010-2011 թվականներին հատկացրել էր 25 տեղ, ապա ընթացիկ ուսումնական տարվա համար՝ 11 տեղ: 

Դիլիջանի արվեստի պետական քոլեջն այս տարի ընդամենը 14 դիմորդ է ունեցել, որից 11-ը՝ ժողգործիքների եւ երգեցողության բաժիններում:

Գավառցիներն ընդհանրապես կորցրել են հետաքրքրությունը լարային գործիքների, մասնավորապես ջութակի նկատմամբ: Այս տարի Գավառի պետական երաժշտական քոլեջ ոչ մի ջութակահար չի դիմել:

Դրությունը մտահոգիչ է նաեւ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում, որտեղ 2017-2018 թթ ուսումնական տարում դիմել է ընդամենը 24 ուսանող: Մեծ մասը վոկալիստներ են: Երկրորդ տեղում ժողնվագարաններով հետաքրքրվածներն են: Որոշ բաժիններում ընդհանրապես դիմորդ չկա:

Կապանի արվեստի պետական քոլեջն ընդհանրապես տարեցտարի դիմորդներ է կորցնում:

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջը Հայաստանի ամենահին կրթական երաժշտանոցներից մեկն է: Եթե 10-15 տարի առաջ այստեղ տեսաբանների մեծ կուրսեր էին լինում, ապա վերջին ութ տարիներին երաժշտական տեսության ամբիոնն ընդամենը երեք հայտ է ստացել: Լինում են տարիներ, երբ դիմորդ չի լինում լարային եւ երգչախմբային դիրիժորության բաժիններում:

Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի լարային բաժնի բոլոր չորս կուրսերում այս պահին սովորում է ընդամենը 10 ուսանող, փողային եւ հարվածային գործիքների բաժնում՝ 14: Կարծես թե վատ չէ երաժշտության տեսության բաժնի վիճակը, եթե հաշվի առնենք, որ խոսում ենք մարզային հաստատության մասին: Թավրիզյանի անվան քոլեջում ներկայումս սովորում է 8 տեսաբան:

Այս երեք բաժիններում սովորող ուսանողների թվի հանրագումարից էլ ավելի սովորողներ կան միայն երգեցողության բաժնում՝ ավելի քան 40 ուսանող:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում խնդիրն այդքան նկատելի չէ, ինչպես քոլեջներում: Բանն այն է, որ յուրաքանչյուր քոլեջից մեկ-երկու դաշնահակար ու ջութակահար, փողային նվագարանների տիրապետող երաժիշտներ դիմելու դեպքում կոնսերվատորիայում ամբողջական կուրսեր են ձեւավորվում:

Կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ժողովրդական արվեստը կոնսերվատորիա մուտք է գործել 1980-ականներից՝ շատ ավելի ուշ, քան ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասում: Ըստ Շահինյանի՝ մյուս հանրապետություններում, բացառությամբ թերեւս Ռուսաստանի, կոնսերվատորիաները հիմնված էին հենց ժողովրդական գործիքների ուսուցման վրա, եւ որոշ տեղերում վիճակը մինչեւ հիմա նույնն է:

«Հայաստանը էն երկրներից էր, որտեղ շատ արագ զարգացավ ակադեմիական կատարողական արվեստը, որովհետեւ Հայաստանը գոնե սփյուռքի միջոցով աշխարհի հետ ուներ սերտ կապեր: ԽՍՀՄ 15 հանրապետություններից, չհաշված Ռուսաստանը, միայն Հայաստանն էր, որ ակադեմիական կատարողական արվեստի զարգացման նման մակարդակ ուներ»,- ասում է կոնսերվատորիայի ռեկտորը:

Խոսելով առանձին մասնագիտությունների մասին, Շահինյանը նշեց, որ խորհրդային շրջանի վերջին երկու տասնամյակում դաշնակահարների բում էր: Տարեկան 50-60 դիմորդ է եղել: Շուկան էր պահանջում: Հիմա լինում է միջինը 15 դիմորդ, փոխարենը ավելացել են փողային գործիքները:

«Երբեք չի եղել, որ 6 ֆագոտիստ դիմի: Բայց նախորդ տարի ունեինք: Հոբոյ, շեփոր, գալարափող, տրոմբոն, տուբա գործիքների գծով նույնպես դրական տեղաշարժ կա: Հիմա մեր շուկան Եվրոպական երկրներն են, որտեղ փողային կամ լարային գործիքները տեղ ունեն: Նույնը՝ դասական վոկալը: Եվրոպական շուկան իրենը պարտադրում է: Այսօր այն մեր կադրերով հեղեղված է»,- ասում է Շահեն Շահինյանը:

Կոնսերվատորիայում դաշնակահարների համար սահմանված է 8 պետպատվեր եւ 20 վճարովի տեղ, սակայն ընթացիկ ուսումնական տարում դիմորդների թիվը եղել է 13: Այսօր արդեն չկան մասնագիտություններ, որոնց համար դիմորդների թիվը մեծ լինի սահմանված տեղերից:

Պետպատվերի շրջանակներում, բոլոր բաժինների համար, յուրաքանչյուր տարի հատկացվում է 60 տեղ: Շահեն Շահինյանն ասում է. « Եթե նրանցից հինգն էլ շատ տաղանդավոր լինեն, դա արդեն լավ է»:

Կոնսերվատորիայի ռեկտորը համարում է, որ երաժշտական մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է շուկայի թելադրանքով, եւ պետք է հաշվի առնել ժամանակի փոփոխությունները:

«Եթե ժամանակների փոփոխությունը ակադեմիական գործիքների ընտրության վրա ազդել է, քանի որ մենք խորհրդային շուկայից տեղափոխվել ենք եվրոպական շուկա, ապա ժողովրդական գործիքների համար շուկան նույնն է՝ ներքինը:

Հարցը նրանում է, որ ժողգործիքները հնչում են ոչ միայն երաժշտական դահլիճներում, այլ նաեւ սպասարկման ոլորտում՝ ռեստորաններում: Դա էլ ապրելու ձեւ է: Ամենալայն տարածում ունեցող գործիքը դուդուկն է: Յուրաքանչյուր տարի ունենում ենք մոտ 15 դիմորդ, որից երկուսը սովորում են պետպատվերի շրջանակներում»,- ասում է Շահինյանը:

Կար ժամանակ, երբ Երեւանի կոնսերվատորիան թառի դիմորդներ չէր ունենում: Վերջին 4 տարիներին այս բաժին դիմել է 5 դիմորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter