
Դատարանի նախագահը չի հայտարարագրել մեծաչափ վարկային միջոցները. դրա մասին հայտնի է դարձել դատական գործի շրջանակում
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը և նրա որդին՝ Ալբերտ Աբրահամյանը, տարիներ շարունակ վարձակալության են հանձնել ոչ բնակելի տարածքներ և դրա դիմաց, որպես եկամուտ, խոշոր գումարներ ստացել: Դատավորը չի հայտարարագրել իր ստացած վարկերը, ինչպես նաև ստացած նվիրատվությունը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի միջև 2011թ. հունվարի 14-ին կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` բանկի ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 շենքի թիվ 118 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը՝ վարձակալի կողմից բանկային գործունեություն իրականացնելու նպատակով: Տարածքի ամսական վարձավճարը՝ 2011թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, սահմանվել է 1 մլն 125 հազար դրամ, որը համարժեք է եղել 3000 ԱՄՆ դոլարին։
Նույն օրը նշված բանկի և Վարդան Աբրահամյանի որդու՝ Ալբերտ Աբրահամյանի միջև ևս նույն ժամկետով կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր՝ Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման տարածքի վերաբերյալ: Այդ տարածքը ևս բանկի կողմից օգտագործվելու էր բանկային գործունեություն իրականացնելու նպատակով: Կոմիտասի պողոտայի 16/1 տարածքի ամսական վարձավճարի չափը կազմել է 3 մլն 375 հազար դրամ, որն այն ժամանակ համարժեք է եղել 9000 ԱՄՆ դոլարին։ 2012թ. դեկտեմբերի 25-ին բանկի և Ալբերտ Աբրահամյանի միջև կնքվել է համաձայնագիր, որով փոխվել է վարձավճարի չափը՝ դառնալով ամսական 6 մլն 970 հազար դրամ, կամ՝ 17 000 ԱՄՆ դոլար։
2016թ. դեկտեմբերի սկզբին Ալբերտ Աբրահամյանի և Վարդան Աբրահամյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման տարածքի սեփականության իրավունքը որդուց փոխանցվել է հորը՝ Վարդան Աբրահամյանին։
Մինչ այդ, 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի շահառու և խորհրդի անդամ Կարեն Սաֆարյանը ձեռք է բերել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Դրանից հետո Հայաստանի օրենսդրության համաձայն սկսվել է Առէկսիմբանկի՝ Արդշինբանկին միացման գործընթացը։ Ներկայումս բանկը հանդես է գալիս «Արդշինբանկ» ընդհանուր բրենդի ներքո։ Իսկ Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 13-ի որոշումով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մասնաճյուղերը գրանցվել են որպես «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն Կոմիտասի պողոտայի վրա ուներ թվով 2 մասնաճյուղ: Միացման արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա ավելացել էր ևս մեկ մասնաճյուղ՝ «Կոմիտաս 2» մասնաճյուղը՝ Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում: Կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի ապրիլի 5-ի որոշումով թույլատրվել է նույն թվականի ապրիլի 21-ից դադարեցնել «Կոմիտաս 2» մասնաճյուղի գործունեությունը:
2017թ. փետրվարի 13-ին գրությունով Վարդան Աբրահամյաններին տեղեկացվել է, որ բանկը նախատեսում է վարձակալած տարածքների ազատում և առաջարկել է հունիսի 1-ից լուծել պայմանագրերը: Նշված գրությունից 3 ամիս անց «Արդշինբանկ»-ը Վարդան Աբրահամյանին տեղեկացրել է, որ պայմանագրերով վարձակալված տարածքները ազատված են բանկի սեփականությունը հանդիսացող գույքից, չեն օգտագործվում, բերված են նախնական տեսքին: Բանկն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնարկել տարածքների հանձնումը և ընդունումը կազմակերպելու համար անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև մինչ հունիսի 1-ը ներկայանալ նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի լուծման համաձայնագրեր կնքելու համար։
Դատավորի՝ վարձակալության տրված տարածքի վրա փակցրած բանկի գրությունը
Երկու գրություններով Վարդան Աբրահամյանը հայտնել է, որ պայմանագրերը լուծելու օրենսդրական և պայմանագրային հիմքեր առկա չեն, իսկ ինքը համաձայն չէ լուծել այդ պայմանագրերը: Բանկին տեղեկացրել է նաև, որ հենց վարձակալի պահանջով է Կոմիտաս պողոտա 16 շենքի թիվ 118 բնակարանի նպատակային նշանակությունը փոփոխվել «հասարակական»-ի, և բնակարանը կից կառույցով միացվել է նշված շենքին, իսկ դրանք հողամասի հետ միասին օգտագործվում են բանկի կողմից: Միաժամանակ, հայտնել է, որ պայմանագրերով նախատեսված վարձավճարները չեն վճարվում, խախտվել են պայմանագրերի դրույթները, իսկ կետանցի հետևանքով առաջանում են տույժեր, բացի այդ, պետք է քննարկման առարկա դարձվեն վարձավճարի չափի ավելացման և վնասի հատուցման հարցերը:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ դատավոր Աբրահամյանի՝ վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով, հունիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հուլիսի 3-ին Վարդան Աբրահամյանի ներկայացուցչի կողմից դատարան հակընդդեմ հայցադիմում է ներկայացվել վարձավճարի` 8 մլն 95 հազար դրամ գումարի, նշված գումարի նկատմամբ սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0,1% դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի, նախապես վճարված պետական տուրքի` 166.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
8.095.000 դրամը երկու պայմանագրերի հիման վրա գոյացած հունիս ամսվա վարձավճարն է:
Գործի քննության ընթացքում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում գործող մյուս երկու մասնաճյուղերը ևս վարձակալական հիմունքներով են աշխատում, սակայն Վարդան Աբրահամյանին պատկանող գույքը շատ ավելի մեծ է, և դրա վարձավճարը շատ ավելի թանկ է:
Դատարանի նախագահի չհայտարարագրած եկամուտները «ջրի երես» են դուրս եկել
Դատական գործի շրջանակներում ի հայտ է եկել, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Վարդան Աբրահամյանի միջև 05.05.2015թ.-ին կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն՝ բանկը Վ. Աբրահամյանին մինչև 10.05.2022թ.-ը մարելու ժամկետով տրամադրել է 100.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Երևան քաղաքի Հյուսիսային ճառագայթ փողոցի թիվ 3/1 հասցեով անշարժ գույքի վերանորոգման նպատակով:
Բացի այդ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, Վարդան և Ալբերտ Աբրահամյանների միջև 16.05.2016թ.-ին կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման /վերանորոգման/, կառուցապատման վարկավորման պայմանագիր: Տրամադրվել է 90.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ մինչև 11.05.2026թ.-ը մարելու ժամկետով: Նշված պայմանագրով ստանձնած պարտավորություններն ապահովվել են երաշխավորության պայմանագրով:
Խոշոր վարկային պատավորություններ է վերցրել նաև դատավորի որդին՝ Ալբերտ Աբրահամյանը: Նրա և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև 07.03.2013թ.-ին կնքվել է վարկային պայմանագիր: Ալբերտ Աբրահամյանին. մինչև 2021թ. վերադարձնելու պայմանով. սպառողական նպատակով տրամադրել է 45 մլն 100 հազար դրամի չափով վարկ: Որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց է հանդիսացել բանկում Ալբերտ Աբրահամյանի հաշիվներում ապագայում ստացվելիք ամսական վարձավճարը՝ 6 մլն 970 հազար դրամի չափով:
Նույն բանկի և Ալբերտ Աբրահամյանի միջև 07.05.2014թ.-ին կնքվել է մեկ այլ վարկային պայմանագիր: Բանկը վարկառուին սպառողական նպատակով տրամադրել է 55 մլն դրամի չափով վարկ՝ մինչև 2021թ. վերադարձնելու պայմանով: Այստեղ նույնպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց է հանդիսացել ապագայում ստացվելիք 6 մլն 970 հազար դրամը:
Նշենք, որ դատավորները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագիր: Վերցրած վարկերը կամ փոխառությունները համարվում են եկամուտ, հետևաբար դրանք պետք է հայտարարագրվեն: Սակայն, թե´ որդուց ստացած նվիրատվությունը, թե´ 2015-2016թթ. վերցրած խոշոր չափի վարկերը Վարդան Աբրահամյանը չի հայտարարագրել:
«Հետք»-ն անդրադարձել է վարկառու դատավորներին, հնարավոր ռիսկերին: Հաշվի առնելով վերցրած վարկերի մեծությունը` դրանք ռիսկային են դատավորի համար: Հավանաբար այդ պատճառով էլ նա չի հայտարարագրել:
Ստորև ներկայացնում ենք Վարդան Աբրահամյանի տարեկան եկամուտներն` ըստ տարիների:
Այս տարիների ընթացքում Վարդան Աբրահամյանը նաև դրամական միջոցներ է ունեցել, կատարել է գույքի առուվաճառք: 2011թ. մոտ 13 մլն դրամով ձեռք է բերել NISSAN TEANA մակնիշի ավտոմեքենա: 2013թ. 11 մլն 259 հազար դրամով գնել է NISSAN PATHFINDER 2.5 L և 10 մլն դրամով վաճառել NISSAN TEANA 2.5 մակնիշի ավտոմեքենաներ: 2016թ. վաճառել է NISSAN PATHFINDER 3.5 մակնիշի ավտոմեքենան՝ 12 մլն դրամ արժեքով:
Ըստ հայտարարագրի՝ 2016թ. ձեռք է բերել երկու անշարժ գույք՝ մոտ 1 մլն 262 հազար դրամ արժողության հասարակական նշանակության շինություն և հողամաս՝ մոտ 5 մլն 571 դրամ արժեքով: Դատական գործից պարզեցինք, որ նշված շինությունն ու հողամասը գտնվում են Կոմիտաս պողոտա 16/6 հասցեում:
Տարեկան մոտ 3,5 մլն դրամի եկամուտ էլ ստանում է դատավոր Աբրահամյանի կինը՝ Սուսաննա Աբրահամյանը: Նա Առևտրային ընկերություններից մեկում ունի բաժնեմաս և եկամուտի մոտ կեսը այդ ընկերությունից ստացած շահաբաժինն է:
Պարզեցինք, որ Վարդան Աբրահամյանի որդին՝ Ալբերտ Աբրահամյանը, իրավաբան է:
Պետռեգիստրի տվյալների համաձայն` նա համարվում է 2010թ, աշնանը հիմնադրված «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիրը:
Ալբերտ Վարդանյանը 2011-2013թթ. եղել է «Ուլտրա Սերվիս» ՍՊԸ-ի բաժնետեր: Ընկերությունը հիմնադրվել էր 1999թ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, մաքսային համակարգում աշխատած Ռոբերտ Կայֆաջյանի և այլոց կողմից: Ներկայումս ընկերության միակ բաժնետերը Վահե Ենգիբարյանն է:
«Ուլտրա Սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է գյուղատնտեսական գործունեություն:
Ալբերտ Աբրահամյանն այս տարվա օգոստոսի 31-ին հիմնադրել է նոր ընկերություն՝ «Բեստ Իմպորտ» ՍՊԸ-ն: Նա է միակ բաժնետերը: Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան:
Վճիռը կայացվել է դատավորի օգտին
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հովիկ Շահնազարյանի վճիռ է կայացրել դատարանի նախագահի օգտին: Մասնավորապես՝ դատարանը որոշել է մերժել բանկի հայցը՝ պայմանագրերը լուծելու մասին և վարձավճարի գումարի պահանջի մասին դատավորի հայցապահանջը բավարարել: 13.06.2017 թվականից մինչև 8.095.000 դրամ գումարը փաստացի վճարելու պահը հաշվարկվել է օրական 0,1% դրույքաչափով հաշվարկվող տույժի գումար:
Բանկից հօգուտ դատավոր Աբրահամյանի բռնագանձվել է 400 000 որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 165.900 դրամն էլ՝ պետական տուրք:
Դատարանը պատճառաբանել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և Աբրահամյանների միջև կնքված վարկային պայմանագրերով բանկը որպես իր վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու երաշխիք, գրավադրել է վարձավճարի գումարը, որը վարձակալության պայմանագրի հիմքով պետք է վճարեր հենց ինքը, և վարկային պայմանագրի համաձայն՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկայի վրա ակնկալում էր տարածել բռնագանձում: Դատարանը փաստել է, որ դրանով բանկը վստահել է պայմանագրի գործողությանը և դրանով իսկ բացառել է պայմանագրային կողմերից մեկի նախաձեռնությամբ վարձակալության պայմանագրի լուծման հնարավորությունը, այդ թվում՝ հանգամանքների էական փոփոխության հիմքով:
Հետևաբար Դատարանը եկել է այն համոզման, որ Բանկն իրոք ուներ համոզմունք, որ անկախ Կենտրոնական բանկի կողմից սահմանված և հնարավոր փոփոխություններից՝ այդ վարձավճարները կվճարվեն, ըստ այդմ՝ պայմանագրերը երբևէ չեն լուծվի և կընդունվեն որպես հիմք:
«Այսինքն՝ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ, մի կողմից՝ Բանկը մինչև 2021թ. վարկավորել է Վարձատուին, քանի որ վերջինս մինչև նույն թվականը վարձակալության պայմանագրերի հիմքով ուներ ստաբիլ եկամուտ, որոնցից Վարձատուն չէր կարող զրկվել՝ դրանով իսկ բացառելով վարձակալության պայմանագրերի վաղաժամկետ լուծման հնարավոր դեպքը, մյուս կողմից՝ ներկայումս պահանջում է լուծել վարձակալության պայմանագրերը՝ զրկելով Վարձատուին վարձավճարների հաշվին վարկային պարտավորությունները կատարելու փաստացի հնարավորությունից»,-նշված է վճռում:
Դատարանը փաստել է, որ կողմերը բանկի բերած հիմքերով պայմանագրի լուծում չի նախատեսել, հետևաբար պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին հայցը՝ իրավական ոչ ճիշտ հիմքի վրա է կառուցվել, ուստի ենթակա է մերժման:
Դատարանը գտնում է, որ վարձակալության պայմանագրեր կնքելով և ստորագրելով՝ կողմերը պայմանավորվել են Վարձակալի նախաձեռնությամբ պայմանագրերի միակողմանի լուծման կոնկրետ պայմանների շուրջ, այդ իսկ պատճառով հենց դրանք էլ պետք է կիրառվեն կողմերի իրավահարաբերությունների նկատմամբ: Մասնավորապես՝ բանկը դիմել է Վարդան Աբրահամյանին՝ խնդրելով կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լուծել վարձակալության պայմանագիրը: Ստանալով մերժում` բանկը դատարան է դիմել վարձակալության պայմանագրերը լուծելու մասին հայցով՝ կապված հանգամանքների էական փոփոխության հետ՝ այդպիսին համարելով բանկի մասնաճյուղի լուծարումը, ԿԲ որոշումը և բանկերի միավորման մասին որոշումը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել