HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատախազությունը ուսուցիչներին կպաշտպանի այն ժամանակ, երբ նրանք պատրաստ լինեն պաշտպանելու իրենց իրավունքները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հոկտեմբեր ամսին «Հետք»-ին տրամադրեց «Կարապետ Գուլոյանի ընտրած կազմակերպությունը յուրացնում է ուսուցիչների սոցփաթեթի գումարները» հոդվածի հիման վրա կատարած ուսումնասիրության արդյունքները:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Կոտայքի մարզպետարանից մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին այսպիսի հանձնարարական էր ուղարկվել· «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի շրջանակներում համագործակցել բացառապես «Տուրիզմ» ՍՊԸ, «Տ·Մ·Կենտր», «Գոհար 87» ՍՊԸ կազմակերպությունների հետ: Գործակալները կլինեն դպրոցներում: Հրազդանի թիվ 2, 8, 9, 11, 12 հիմնական դպրոցները համագործակցեն «Արմա Տուր» ՍՊԸ-ի հետ»:

Էթիկայի հանձնաժողովը քննում էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հնարավոր մասնակցությունն այս հանձնարարականին: Ինչպես ներկայացրել ենք մեր հրապարակման մեջ, նշվածներից «Տ·Մ·Կենտր» կամ «Տուրիզմ» ՍՊԸ (նույն ընկերությունն է) զբոսաշրջային ընկերության գործակալները ե'ւ անցյալ տարի, ե'ւ այս տարի այցելել են մարզի դպրոցներ եւ դեռեւս մարտ ամսից ուսուցիչներին հարկադրել էին սոցփաթեթի գումարները փոխանցել ընկերության հաշվեհամարին: Փոխանցումը կատարելուց հետո ուսուցիչների հանգիստը կամ չեն կազմակերպել եւ գումարներն էլ չեն վերադարձրել, կամ մատուցված ծառայության դիմաց` գումարը չեն փոխանցել հանգստյան տներին:

Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում դիմեց մեզ հավելյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Մենք տրամադրեցինք այն էլեկտրոնային հասցեն, որից հանձնարարականն ուղարկվել էր դպրոցներին:

«Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ հիշատակված [email protected] էլեկտրոնային հասցեն բացվել է 2012 թ.-ին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար՝ մարզային համակարգող Նաիրա Ավետիսյանի անվամբ՝ Հայաստանի կրթական ցանցի սպասարկում ծրագրի շրջանակում:

Հրապարակման մեջ հիշատակված հանձնարարականն ուղարկվել է [email protected] էլեկտրոնային հասցեից մարզպետի օգնական Հերմինե Ադամյանի կողմից:

Այդ առնչությամբ, ի պատասխան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գրության՝ մարզպետարանից ստացվել է գրություն· «···մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը, սեփական նախաձեռնությամբ, հիշյալ գործընթացի հետ առնչվող ոչ պաշտոնական հաղորդագրություն է առաքել ([email protected] էլեկտրոնային հասցեից) հանրակրթական դպրոցներ: Հիմք ընդունելով վերոնշյալ փաստը` Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանի նկատմամբ իրավասու անձի կողմից կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»:  

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նման փաստակազմի պարագայում հանձնարարականը Կոտայքի մարզպետին վերագրելու հիմքեր չկան, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի օրինականությանը եւ Հերմինե Ադամյանի վարքագծին գնահատական տալը դուրս է հանձնաժողովի իրավասության շրջանակից` վարույթ չի հարուցվել»,- տեղեկացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Դատախազությունը նույնպես նյութեր էր նախապատրաստում հրապարակման հիման վրա եւ մեզ տեղեկացնում են, որ հոդվածում  արձանագրված տեղեկությունները պարզելու նպատակով Կոտայքի մարզպետից պահանջվել է տեղեկատվություն՝ վերջինիս կամ նրա հանձնարարությամբ որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից սոցիալական փաթեթի հանգստի կազմակերպման նպատակով մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական տալու եւ բացառապես «Տուրիզմ», «Տ.Մ.Կենտր» կամ «Գոհար» ՍՊԸ-ների հետ, իսկ Հրազդանի թիվ 2, 8, 9, 11, 12 դպրոցները` «Արմա Տուր» ՍՊԸ-ի հետ համագործակցելու մասին:

Ի պատասխան վերոնշյալ գրության, Կոտայքի մարզպետը 18.06.2017 թ. գրությամբ հայտնել է, որ մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին սոցիալական փաթեթի հանգստի կազմակերպման նպատակով` անձամբ մարզպետի, Կոտայքի մարզպետարանի կամ որեւէ այլ անձի կողմից նշված բնույթի հանձնարարականներ չեն տրվել:

Տեղեկացվել է նաեւ, որ Կոտայքի մարզպետարան սոցիալական փաթեթների շրջանակներում աշխատակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով բողոք-դիմումներ չեն եղել:

«Հրապարակման մեջ նշված հանգամանքները Կոտայքի մարզի դատախազությունը ստուգել է` հարցում կատարելով· Կոտայքի մարզի Գառնիի Բանավան թաղամասի, Գառնի համայնքի, Զառ համայնքի հանրակրթական,  Հրազդան քաղաքի թիվ 11, 8, 2, 12, 9 հիմնական դպրոցների տնօրենները հայտնել են, որ Կոտայքի մարզպետի կամ մարզպետարանի այլ պաշտոնատար անձի կողմից որեւէ ՍՊԸ-ի հետ համագործակցելու գրավոր կամ բանավոր հանձնարարական իրենց չի տրվել»,- տեղեկացնում են դատախազությունից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ այսպիսի պատասխանով կարող էր ավարտել իր վարույթը, եթե չշարունակեինք «Տ.Մ.Կենտր» կամ «Տուրիզմ» ընկերության կատարած չարաշահումների վերաբերյալ մեր ուսումնասիրությունները եւ չներկայացնեինք նոր փաստեր: Հատկապես, եթե հանձնաժողովին չտրամադրեինք այն էլեկտրոնային հասցեն՝ [email protected], որից ուղարկվել էր հանձնարարականը:

Խմբագրությանն ուղղված դատախազության խնդրանքին չընդառաջեցինք՝ «հրապարակման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկությունների կամ փաստաթղթերի առկայության դեպքում դրանք տրամադրել մարզի դատախազությանը», որովհետեւ, կարծում ենք, որ դատախազությունը բավարար մեխանիզմներ ունի քննություն կատարելու եւ բացահայտելու տեղի ունեցածը: Եթե Վերահսկիչ պալատը եւ Էթիկայի հանձնաժողովն իրենց սահմանափակ լիազորություններով կարող էին չարաշահումների վերաբերյալ փաստեր հավաքել, դատախազությունն այսպիսի պարզագույն հարցերի դեպքում չպետք է իր անկարողությունից տրտնջա: Բացի այդ, մեզ դեռեւս հայտնի չէ, որ հանցագործություն բացահայտելիս, դատախազությունը հարցում կատարի՝ «Դո՞ւք եք կատարել այս հանցագործությունը» եւ բացասական պատասխան ստանալու դեպքում, իր անելիքն ավարտված համարի:

Նշված 3 դպրոցների տնօրեններին նույնիսկ հարցում ուղարկելու անհրաժեշտություն չկար, որովհետեւ նրանք այդ մասին արդեն գրել էին մեր հրապարակման կարծիքների տողում՝ ինձ զրպարտիչ անվանեցին: Սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մարզպետարանի տված պատասխանից պարզվում է, որ տնօրենները կեղծ գրություն են ուղարկել դատախազությանը:

[email protected] էլեկտրոնային հասցեն մարզի դպրոցների տնօրինության համար պաշտոնական հասցե է եւ ոչ թե անձնական, այդ իսկ պատճառով այդ հասցեից ուղարկված հանձնարարականն անվերապահորեն կատարվել է: Եթե դատախազությունում կարծում են, որ չի կատարվել, ուրեմն, խնդրում ենք պարզել, թե ինչու մեր հրապարակումից հետո «Տ.Մ.Կենտր» կամ «Տուրիզմ» վերանվանված ընկերությունը որոշ դպրոցներում վերադարձրեց գումարները: Վերադարձրել են Աբովյան քաղաքի թիվ 7, Կոտայքի մարզի Ակունքի, Արզնիի դպրոցների աշխատակիցներից խլված գումարները:

Մարզի մյուս դպրոցների վերաբերյալ դատախազությունը կարող է տեղեկատվություն ստանալ ստուգելով, թե նրանց աշխատակազմից քանիսն են բանկային փոխանցում կատարել «Աիլինդա տուր»-ին եւ նրանցից քանիսն են մեկնել հանգստանալու: Սա էլ համարեք մեր աջակցությունը դատախազության նախաձեռնած ուսումնասիրությանը:

Դատախազությունը տեղեկացնում է, որ «Հետք» էլեկտրոնային թերթի 2017 թ. օգոստոսի 24-ի համարում ««Աիլինդա տուրը» յուրացրել է Մատենադարանի 2 աշխատակիցների գումարները» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ 2017 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է»:

Այս դեպքում քրեական գործ հարուցվել է, որովհետեւ Մատենադարանի աշխատակցուհիներն իրենց անունից հայտարարեցին, որ «Տուրիզմ» ՍՊԸ-ն յուրացրել է սոցիալական փաթեթով իրենց հատկացված գումարը: Ուսուցիչներն այդ համարձակությունը չունեն, որովհետեւ նրանց չի ներվելու իրենց «խիզախումը»: Այդ պատճառով դատախազությունը, տնօրենների մակարդակով հարցուպատասխան կատարելով, իր անելիքն ավարտված է համարում:

Մեր հոդվածներից մեկում գրել էինք նաեւ այն մասին, որ «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի հիմնած «Աիլինդա տուր» զբոսաշրջային գործակալությունը մեծ պարտքեր ունի հյուրանոցներին եւ հանգստյան տներին: Վերջիններս ծառայությունը մատուցել էին հանգստի մեկնածներին, սակայն ընկերությունը գումարները չէր փոխանցել: Նրանցից 13-ը դիմել էին դատարան` գումարները բռնագանձելու պահանջով:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացանք, որ պարտապան «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցված է եղել 13 կատարողական վարույթ, որից 9-ը կատարվել էր օգոստոսի 18-ի դրությամբ, իսկ 4-ի կատարումն ընթացքի մեջ էր: Այսինքն, ով պահանջել է` նրա գումարը վերադարձրել են:

«Հետք»-ն այս թեմային անդրադարձավ, որովհետեւ համոզված էինք, որ հիշյալ կազմակերպությունն այդպիսի ինքնավստահութամբ գումարներ շորթելու համար երաշխավոր պետք է ունենար: Հրապարակեցինք, որովհետեւ խոսքը պետական բյուջեից կատարվող մեծ չափերի յուրացումների մասին է, որի անունը դրվել է սոցիալական աջակցություն պետական հիմնարկների աշխատակիցներին, սակայն ստեղծվել են կազմակերպություններ, որոնք հաջողությամբ կարողանում են հասցեատերերից հավաքել գումարներն ու գրպանել: Խոսքը տասնյակ միլիոների մասին է: Գուցե կոռուպցիայի չափերի մեծությո՞ւնն է անհանգստացնում դատախազությանը, որ որոշել է ձեռնպահ մնալ քննություն կատարելուց:

գլխավոր լուսանկարը՝ armenpress.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter