HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի հաստոցային դիմաքանդակների ընտրանին ցուցադրվեց Գյումրիում

98-ամյա քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի` մարդկանց մասին քարե լուռ պատմություններ հիշեցնող բրոնզաձույլ, մարմարե, գրանիտե դիմաքանդակները, կիսանդրիներն ու արձաններն աչքի են ընկնում լուծումների ընդհանրացված ամբողջականությամբ՝ դիտողին փոխանցելով քանդակի հոգեբանական բնութագիրը: Համարվելով խորհրդահայ արձանագործության ռահվիրաներից մեկը՝ սոցիալիստական հեղափոխության համարյա հասակակից արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը։

Նիկողայոս Նիկողոսյան արվեստագետը հասարակությանն առավելապես հայտնի է, որպես գիտության, մշակույթի, պատմական ճանաչված գործիչների բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների, Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Ավետիք Իսահակյանի բրոնզաձույլ արձանը, զարդարում է Գյումրու թատերական հրապարակը 1975թ-ից:

Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունեն մոնումենտալ ե մոնումենտալ-դեկորատիվ քանդակները: Երեւանում տեղադրված են նրա ստեղծած` Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի արձանները: 1940թ-ին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները:

1950-ականներին նրա ստեղծագործություններում գերիշխել են դիմաքանդակները, որոնց լավագույն կողմերը առավելագույնս բացահայտվել են 1960-70 թթ-ին ստեղծած ժամանակակիցների կերպարներում: Լավագույն գործերից են համարվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները:

Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների թանգարանում օրերս բացվեց Նիկողայոս Նիկողոսյանի մոսկովյան հավաքածուի հաստոցային դիմաքանդակների ընտրանի շարքի ցուցահանդեսը: Բացմանը ներկա էր քանդակագործի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, ով բացման խոսքում նշեց, որ շատ ուրախ է եւ զգացված, քանի որ մորաքույրերի անունը կրող թանգարանում այսուհետ ցուցադրվելու են նաեւ հոր ստեղծագործությունները: Նիկողայոս Նիկողոսյանն ամուսնացած է եղել Ասլամազյանների 6-րդ դստեր՝ Թամարայի հետ: Մինչեւ ամուսնությունը, քանդակագործը Սանկտ Պետերբուրգում ծանոթացել էր Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների հետ ու տպավորվել նրանց գեղեցկությամբ:

«1975-80-ականներին հայրս եւ մորաքույրերս  ունեցել են համատեղ արվեստանոց Մոսկվայի Բոլշայա Սպասկայա, տուն 12 հասցեում, միասին բազմաթիվ ցուցադրություններ են ունեցել ու հիմա, Գյումրիում, կարելի է ասել, որ նրանք նորից մեկտեղվեցին նույն հարկի տակ»,- նշեց Գայանե Նիկողոսյանը:

Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների թանգարանի տնօրեն Վահագն Ղուկասյանը պատմեց, որ քանդակագործի ստեղծագործությունների ցուցադրությունը Գյումրիում կազմակերպելու միտքը հղացել է Մոսկվայում Նիկողայոս Նիկողոսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Երեւանի իր արվեստանոցում Նիկողոսյանը 100-ից ավելի քանդակներ էր թողել դեռ 70-ականներից: Իմ ու տիկին Գայանեի մոտ միտք հղացավ, որ անենք նոր ցուցասրահ թանգարանում, որ պարբերաբար կազմակերպվող թեմատիկ ցուցադրությունները չխանգարեն Ասլամազյանների էքսպոզիցիային: Նոր ցուցասրահում էլ որոշվեց ցուցադրել Նիկողոսյանի երեւանյան գործերից՝ 25 քանդակ եւ 6 գրաֆիկական աշխատանք, որոնք ի պահ են տրվում մեր թանգարանին անորոշ ժամանակով»,- նշեց Վահագն Ղուկասյանը:

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանը եւս կարեւորեց նշանավոր քանդակագործի ստեղծագործությունների որոշ հատվածի Գյումրի տեղափոխումն ու մշտական ցուցադրության կազմակերպումը: «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ վերջապես կա տեղ, ուր ուսանողը կարող է գալ եւ ուսումնասիրել կոնկրետ 60-70-ականների քանդակագործությունը, եւ հարկ չկա դրա համար հասնել մայրաքաղաք,- նկատեց Ալբերտ Վարդանյան,- Կոլյա Նիկողոսյանն իր շրջանի լավագույն քանդակագործներից մեկն է, ու կարող եմ ասել, որ նրա ստեղծած լավագույն հուշարձաններից մեկն էլ գտնվում է Գյումրիում: Ավետիք Իսահակյանի արձանի համար Նիկողոսյանն արժանացել է պետական մրցանակի: Շատ լավ կլիներ, որ հետագայում մենք ունենայինք նրա ստեղծագործությունների թանգարանը քաղաքում: Դա պատիվ կբերեր թե´ նրան, թե´ Գյումրուն»:

Այս տարի` դեկտեմբերին, կլրանա Նիկողայոս Նիկողոսյանի 99-ամյակը: Արմավիրի մարզի Շահրիար՝ ներկայիս Նալբանդյան գյուղում ծնված մեծանուն քանդակագործը 1944թ-ից բնակվում է Մոսկվայում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Մոսկվայում, Ֆինլանդիայում, Բելգիայում: ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական նկարչի կոչումներին զուգահեռ` նույն կոչումներին Նիկողոսյանն արժանացել է նաեւ Ռուսաստանում: 2008թ-ին պարգեւատրվել է Հայ եկեղեցու սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ շքանշանով, իսկ 2009թ-ին՝ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: 

Գլխավոր լուսանկարը` scientificrussia.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter