Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց



Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին պաշտպան Կարեն Մեժլումյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պնդելով, որ դատավոր Վարդան Գրիգորյանն անաչառ չէ:

Փաստաբանը իր խոսքը հիմնավորեց նրանով, որ դատավորն անցած նիստի ընթացքում չի թույլատրել հրապարակել գործում առանցքային վկա Գեղամ Սահակյանի նախաքննական ցուցմունքները: «Նա սուտ ցուցմունք է տվել, թե Անդրիասն է նախաձեռնել հանդիպում, մինչդեռ Անդրիասը չի իմացել հանդիպման նպատակի մասին: Նա կամ իր հիվանդության հետ կապված է ցուցմունք տվել, կամ ուղղորդված»,- հայտնեց Կարեն Մեժլումյանը: Փաստաբանը  հայտնեց, որ վկա Գեղամ Սահակյանը երկու անգամ փաստաթղթեր կեղծելու համար դատապարտվել է, ունի պարանոյիկ խանգարում՝ շիզոֆրենիա, և Անդրիաս Ղուկասյանի դեմ ուղղորդված ցուցմունք է տվել. «Դա արվեց դատավոր-դատախազ համատեղ ջանքերով, մինչդեռ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ կդառնար, որ ուղղորդված ցուցմունք է տվել»,- հայտնեց փաստաբանը: Ըստ Կարեն Մեժլումյանի՝ վկայի ցուցմունքների պատճառը մոր հիվանդությունն է:

Անդրիաս Ղուկասյանը ևս պնդեց, որ Գեղամ Սահակյանի ցուցմունքներն ուղղորդված են, քանի որ վկան մեկ տարի հետո այլ բան է ներկայացրել: «Որևէ ջանք չգործադրվեց, որ ցուցմունքը համեմատվի գաղտնալսված խոսակցությունների վերծանումների հետ, հիմք է դրվել իր ցուցմունքների վրա և լրջագույն որոշումներ կայացվել: Զանգվածային անկարգությունների մասին գործը միավորել են «Սասնա ծռերի» գործի հետ, իմ նկատմամբ մեղադրանքն անջատել մյուսների գործից»,- հայտնեց Անդրիաս Ղուկասյանը: Ըստ Ղուկասյանի՝ վկայի ցուցմունքը կարևոր ապացույց է, որն ունի քաղաքական նշանակություն: «Իշխանությունները պիտի գնան և միջազգային հանրությանը ներկայացնեն՝ ինչու են Գեղամ Սահակյանի ցուցմունքները հակասել օբյեկտիվ փաստերին, առկա ապացույցներին և ինչու է զոռբայությամբ հանդես եկել»,- հավելեց Ղուկասյանը: Ըստ նրա՝ դատարանն անաչառ չի գտնվել և չի հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանի կողմից հնչեցրած արտահայտությունները ենթադրության վրա են հիմնված:

Դատավոր Վարդան Գրիգորյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց ներկայացված բացարկի միջնորդությունը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ