HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նովոսելցովո-Վանաձոր մայր ջրատարի վթարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը

Գայանե Սարգսյան

Այսօր վաղ առավոտից վանաձորցիներին հուզող ամենակարևոր հարցը հետևյալն էր. ինչո՞ւ ջուր չկա: Մինչ վանաձորցիները ֆեյսբուք սոցիալական  ցանցում ակտիվորեն քննարկում էին այդ թեման, «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ առավոտյան 05:00-ի սահմաններում Փամբակ-Վահագնաձոր գյուղերի հատվածում գրանցված վթարի հետևանքով ջրազրկվել են ոչ միայն Վանաձորի մի շարք թաղամասեր, այլև հարակից մի շարք գյուղեր:

Գրանցված վթարի մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստանալուց հետո  փրկարարները մեկնել են դեպքի վայր: Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում, որի հետևանքով վնասվել է D-1000մմ մայր ջրատարից մոտ 2 գծամետր խողովակ, ինչպես նաև վնասվել է նոր կառուցվող ավտոմայրուղու կողային հատվածը՝ իր ջրահեռացման համակարգով: Արդյունքում, մոտ 140 գծամետր հողային զանգվածը սահել և լցվել է երկաթգծի վրա:

Քիչ առաջ մեզ հետ զրույցի ժամանակ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ վթարը դեռևս վերացված չէ, վաղ առավոտից դեպքի վայրում աշխատում են մարզի փրկարարական խմբերը:

Երկաթգծի վրա թափվելու հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանի տեղեկացմամբ՝ վաղ առավոտից դադարեցված է գնացքների երկկողմ երթևեկը:

«Առավոտից մինչ հիմա երթևեկությունը փակ է: Մեծ քանակությամբ գնացքներ են կանգնած: Այս պահին 6 գնացք կա կանգնած: Բոլորն էլ ապրանքատար գնացքներ են, երկուսը՝ Հայաստանից Վրաստան, չորսը՝ Վրաստանից Հայաստան ուղևորվող»,- տեղեկացրեց Ռ. Սեխլեյանը:

Վերջինիս խոսքով՝ ջրագծի վթարի հետևանքով մեծ վնաս է հասցվել երկաթուղուն:

«Պատկերացնու՞մ եք, այդքան վագոնները բարձված առավոտից կանգնած են, չենք կարողանում պահանջված ապրանքները հասցնել համապատասխան կազմակերպություններին»,- նշեց նա:

Զրուցակցիս խոսքով՝ վթարի վերացման աշխատանքներում ներգրավված է շուրջ 120 մարդ, օգտագործվում է նաև տեխնիկա:

«Ջրի ամբողջ հոսքը վերևից լցվել է գծերի վրա, մոտ 140 մետր երկարությամբ գիծ չկա: Գծերը ծածկված են մեծ քանակությամբ հողով, ցեխաջրով, ծառերի ճյուղերով: Տեխնիկա ենք բերել, որ կարողանանք գծերը բացել»,- ասաց Ռ. Սեխլեյանը:

Վերջինս հիշում է, որ գրեթե նույն հատվածում կրկին մայր ջրատարի խոշոր վթար էր տեղի ունեցել մոտ 7 տարի առաջ, ու կրկին մեծ ջանքեր էին պահանջվել այն վերացնելու  համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter