HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական գույքի կառավարման վարչությունը պատասխանում է Սախարովի կենտրոնին

Պետական գույքի կառավարման վարչությունը պատասխանել է «Հետք»-ի` «Պետգույքի վարչության պետը Սախարովի կենտրոնին ինքնալուծարման պայմաններ է առաջադրում» հրապարակմանը, որում ներկայացրել ենք «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության զբաղեցրած տարածքի հետ կապված Սախարովի կենտրոն-պետգույքի վարչություն վեճին: Կարծում ենք, Սախարովի կենտրոնը պատասխան կունենա Պետգույքի կառավարման վարչության ստորեւ ներկայացված առարկություններին, որը նույնպես պատրաստ ենք հրապարակելու:

Հրապարակման մեջ խնդիրը միակողմանի է ներկայացվում, ինչը թյուրընկալման տեղիք է տալիս, ինչպես նաեւ Պետական գույքի կառավարման վարչությանն են ուղղվում անհիմն մեղադրանքներ, որոնց հետ կապված պարզաբանում ենք ներկայացնում, ակնկալելով, որ այն եւս կհրապարակվի Ձեր կայքում:

Ի կատարումն ՀՀ կառավարության 12.11.1992 թ. թիվ 570 որոշման՝ Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 27.05.1994 թ. թիվ 23/9 որոշմամբ, որպես գրասենյակային տարածք, «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությանն է հատկացվել նախկին «Երեւաննախագիծ»  ինստիտուտի Երեւան քաղաքի Ջրաշատ 1 /ներկայիս Սարմենի 1/ հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկը /418 քառ.մետր/ եւ Կենտրոն վարչական շրջանի կողմից տարածքի օգտագործման համար որպես վարձավճար գանձվել է տարեկան 418 000 ՀՀ դրամ`1 քմ-ը 1000 դրամ: Սակայն, տարիներ շարունակ տարածքը պետական գրանցում  չի ունեցել:

Երեւան քաղաքի Սարմենի 1 շենք թիվ 12 տարածք հասցեում գտնվող շենքի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարկերի տարածքները 13.03.2015թ. ընդունման ակտով, որպես պետական սեփականություն, հաշվառվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում՝ համաձայն ՀՀ կառավարության 1346-Ն որոշման, որի պահանջն է, մասնավորապես՝ «... որեւէ պետական կառավարչական հիմնարկի չամրացված կամ որեւէ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»:

Այս փաստը հրապարակման մեջ ներկայացվում է՝ «պետական գույքի կառավարման վարչության պետի պարտադրած պահանջների պատճառով»: Ի դեպ, հոդվածում, պետական մարմնի կողմից խնդրի կարգավորման յուրաքանչյուր քայլի վերաբերյալ կիրառվում է անձնավորված մոտեցում: Այն դեպքում, երբ  կազմակերպության ներկայացուցիչները գրեթե չեն  խոսում Հայաստանում եւ մասնավորապես տվյալ ոլորտում գործող օրենքների մասին, սակայն պարբերաբար հիշատակում են սեփական դոնորի հետ կնքած պայմանագիրն ու փորձում  վերջինիս պայմանները պարտադրել  պետական կառավարչական  մարմնին եւ առաջնորդվել միայն դրանով,  ինչը պարզապես քննարկման ենթակա չէ: Գնահատելով հանդերձ ՀԿ-ի անցած ճանապարհն ու ներկայացվող վաստակը, պետական  կառույցը չի կարող շրջանցել երկրում  գործող օրենսդրությունը:

2015 թ.-ին հասարակական կազմակերպությունն իր կողմից զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելու խնդրանքով դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը:

Պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) տարածքների վարձակալության կարգը եւ նվազագույն վարձավճարի հաշվարկման մեխանիզմները սահմանված են ՀՀ կառավարության 2001 թ.-ի փետրվարի 22-ի N 125-Ն որոշմամբ, ինչից ելնելով, վերոնշյալ ՀԿ-ի զբաղեցրած տարածքի (388.7 քմ մակերես՝ առանց ընդհանուր օգտագործման տարածքների) վարձակալության ամսական նվազագույն վարձավճարը կազմել է 333 000 ՀՀ դրամ: Այսինքն, ՀԿ-ն դիմել է հենց վարձակալության համար եւ դիմումատուին ներկայացվել են վարձակալության՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները, սակայն Վարչությունում լրացուցիչ  իրազեկել են նաեւ անհամեմատ շահավետ՝ ՀԿ-ի կարգավիճակով տարածքն անհատույց օգտագործելու հնարավորության  մասին:

Պետական գույքի կառավարման վարչությունը կազմակերպությանը տեղեկացրել է նաեւ, որ համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ եւ 6.2-րդ կետերի՝ «...պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել համապատասխան ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրի օրինակելի ձեւին հա­մա­պա­տաս­խանող ծրագրի առկայության դեպքում, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամ­կե­տով, եթե կազմակերպության կողմից առաջարկվող ծրագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված պետություն-մասնավոր հատ­ված համագործակցության սկզբունքին...»:

Ըստ այդմ, առաջարկվել է գործող կարգի պահանջներին համապատասխան՝ ծրագիր ներկայացնել, սակայն Վարչությանն այդպես էլ կազմակերպության կողմից որեւէ փաստաթուղթ չի տրամադրվել: Առնվազն զարմանալի է, որ իր իսկ գնահատմամբ՝ ֆինանսական խնդիրներ ունեցող, միաժամանակ եւ բազմաթիվ հանրօգուտ ծրագրեր իրականացնող իրավապաշտպան կազմակերպությունը չի շտապել օգտվել պետության ընձեռած նման հնարավորությունից, ինչն,  ի դեպ, արել են  տասնյակ այլ հասարակական կազմակերպություններ ու լրատվամիջոցներ: Այդուհանդերձ էլ փորձում են սակարկել վարձակալության գնի շուրջ կամ առաջարկում  իրենց օտարել  տարածքը՝ կադաստրային արժեքով, այն դեպքում, երբ հայաստանյան  օրենսդրության պահանջը շուկայականն է:

Առավել եւս տարակուսելի է, որ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր «ասել են՝ կարող են տարածքը անհատույց տրամադրել, բայց պայմանով, որ Վարչության հետ համատեղ ծրագիր իրականացնեն»

Հիշեցնենք, որ Վարչությունը որեւէ կազմակերպության հետ համատեղ ծրագիր իրականացնելու գործառույթ չունի եւ անհասկանալի է, թե ինչ նկատառումներով է նենգափոխվել անհատույց տարածքի համար ՀԿ-ի աշխատանքային ծրագիրը ներկայացնելու առաջարկը եւ ավելին, անտեսվել այն:

Կրկին փաստում ենք՝ Վարչության կողմից  համատեղ ծրագիր իրականացնելու որեւէ առաջարկ չի եղել եւ չէր կարող լինել, իսկ գործող օրենսդրության շրջանակում կատարված առաջարկությունները փաստորեն չեն  ընդունվել ՀԿ-ի կողմից: Ընդհանրապես,  տարածքի խնդրի կարգավորման  հետ կապված ամբողջ պատմության ընթացքում ՀԿ-ն ինքն է փորձում պայմաններ թելադրել, վկայակոչելով իր ծրագրերի դոնորին, սակայն մոռանում, որ խնդրին այս կամ այն կերպ առնչվող պետական մարմինները, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման  վարչությունն առաջնորդվում են երկրում գործող օրենսդրությամբ, ինչի պարտավորությունն ունեն նաեւ ՀՀ բոլոր սուբյեկտները:

«Ակնհայտ է, որ Պետգույքի վարչությունը ներկայացրել եւ ներկայացնում է մեզ համար տարածքի օգտագործման ոչ իրավաչափ պահանջ»,- դժգոհում է կազմակերպության ղեկավարն ու  կրկին մոռանում, որ հենց իրենք են պետությանը ոչ իրավաչափ պահանջներ ներկայացնում:

Կազմակերպության ներկայացուցիչները, ներառյալ՝ իրավաբանը, իրենց ձեւակերպումների մեջ հաճախ Վարչության կամ համապատասխան ստորաբաժանման փոխարեն վկայակոչում են  հենց Վարչության պետին, կրկին անհասկանալի անձնական թիրախավորմամբ, այն էլ՝ իրավաբանի դեպքում. «Սարմենի 1 հասցեի 12-րդ տարածքի 4-րդ հարկի պետական գրանցումն իրականացրել է առանց իրենց մասնակցության ու գիտության՝ հաշվի չառելով կազմակերպության օգտագործման իրավունքը, դրանք հիմնավորող կառավարության որոշումները, գործկոմի որոշումները, օրդերը, պայմանագրերը, կատարված վճարումները»:

Կազմակերպության իրավաբանը մոռանում է, որ առնվազն պետական գրանցում իրականացնելու շրջանում եւ այդուհետ, տարածքը փաստացի զբաղեցնում են ապօրինի հիմունքներով  (ինչը հաստատվել է նաեւ դատարանի համապատասխան  վճռով) եւ տվյալ դեպքում  իրենց մասնակցության ու իմացության հարց բարձրացնելը, մեղմ ասած, տեղին  չէ:

Իրավաբանը նշում է, որ կենտրոնն իր օգտագործած տարածքի նկատմամբ ունի սեփականության իրավունքի ձեռք բերման նախապատվություն, եւ դա ամրագրված է  նաեւ վարձակալության պայմանագրերում: Ճիշտ է նկատում  մասնագետը,  որին վստահեցնում ենք, որ տարածքն օրինական հիմքերով զբաղեցնող վարձակալը իսկապես կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից: 

«Այժմ էլ կենտրոնի համար օրինական հիմունքներով զբաղեցրած տարածքը կորցնելու եւ կազմակերպությունը լուծարելու իրական վտանգ է ստեղծվել». ՀԿ ներկայացուցչի այս մտահոգության հետ կապված՝ ինքներս ենք հարց բարձրացնում. Ինչպե՞ս է, որ իրավապաշտպան կազմակերպությունը ժամանակին հետամուտ չի եղել իր կողմից զբաղեցրած տարածքի նկատմամբ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու` տարածքի օգտագործման իր իրավունքին: Արդյոք, չե՞ն օգտվել տարածքի, այսպես կոչված՝ «օդի մեջ կախված լինելու» փաստից եւ դրանից բխող «առավելություններից»:

Խնդիրը ՀԿ նախաձեռնությամբ տեղափոխվել է դատական հարթություն, իրավիճակի համառոտ պատկերը հետեւյալն է. «Ա. Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն 13.10.2016 թ.-ին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի՝ նախկին պայմաններով  եւ վարձավճարի չափով (այսինքն 1 քմ տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարի հաշվարկով) օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով վարչության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը եւ դրա հիմքով կատարելով իրավական նորմերի վերլուծություն, 29.09.2017 թ. կայացրած վճռով հաստատված է համարել, որ ՀԿ-ի կողմից Երեւան քաղաքի, Սարմենի 1, 12 տարածքի 4-րդ հարկի 388.7 քմ մակերեսով տարածքի վարձակալության վերաբերյալ ներկայացված վարձակալության պայմանագրերն օրենքի ուժով անվավեր են, քանի որ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման եւ նման պահանջի չկատարումը հանգեցնում է գործարքի անվավերության:

Նշված իրավական նորմերի վերլուծության հիմքով Դատարանը՝ հայցն անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժել է այն:

ՀԿ-ի կողմից 25.10.2017 թ.-ին բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որի դեմ Վարչության կողմից պատասխան է պատրաստվում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter