Կիրակի, 25 փետրվարի

Ո՞ր օրենքով է պետությունը պարտավոր հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնել կամ տարածքով ապահովել. Սախարովի կենտրոնի պատասխանը



Կառավարության առընթեր պետական գույքի վարչության «Հետք» էլեկտրոնային պարբերականին ուղղված պատասխանի վերաբերյալ ասենք հետեւյալը՝ երբ նրանք ծանրակշիռ եւ հիմնավորված պատասխան չեն ունենում, ապա հարցին պատասխանում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ իրենց է շահավետ, շրջանցում են բուն հարցը, ինչպես դա արել են մեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների վերաբերյալ։ Վարչության սույն պատասխանն ավելի շատ արդարանալու եւ ինքնապաշտպանվելու բովանդակություն ունի։

Նախեւառաջ, Սախարովի կենտրոնը խոսել է վարչության ընդհանուր գործելաոճի եւ վարած քաղաքականության մասին, որի ղեկավարը հանդիսանում է հենց ինքը՝ Ա․ Սահակյանը, եթե տվյալ պաշտոնում այլ անձ լիներ, ապա նույն հարցի վերաբերյալ նույն դրքորոշումն էինք ունենալու եւ նույն պահանջն էինք ներկայացնելու։ Եվ ի վերջո, տվյալ կառույցի ղեկավարն ի պաշտոնե Ա․ Սահակյանն է եւ, բնականաբար, սույն հարցի լուծումը գտնվում է նրա իրավասության ներքո: Ավելին, վիճելի տարածքի նկատմամբ վարչության սեփականության իրավունքը ճանաչվել է Ա․ Սահակյանի անմիջական մասնակցությամբ ու ջանքերով, կադաստրային գործում առկա են նրա ստորագրություններով գրագրությունները։

Երկրորդ, Սախարովի կենտրոնը պետգույքի վարչության հասցեին անհիմն մեղադրանքներ չի հնչեցրել, այլ ներկայացվել են միայն իրականությանը համապատասխանող տեղեկություններ, որոնք հաստատվում են Սախարովի կենտրոնի ձեռքում գտնվող եւ դատարան ներկայացված բոլոր իրավական փաստաթղթերով, որոնք ներկայացված են եղել նաեւ վարչությանը։

Ինչ վերաբերում է վարձակալության պայմանագրերի պետական գրանցմանը, ապա այդ ժամանակ գործող օրենսդրությամբ եւ վարձակալության պայմանագրերով ամրագրված չի եղել, որ տվյալ վարձակալության պայմանագրերը պետք է ներկայացվեին պետական գրանցման։ Այդ պահանջն ամրագրվել է 1999 թ․ հունվարի 1-ից՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ ժամանակ մեր կազմակերպությունը գրավոր դիմել է «Կենտրոն» թաղապետարան (նախկին թաղապետ Գ․ Բեգլարյանին), սակայն թաղապետարանը հրաժարվել է մեզ հետ 1999 թ․ կնքված վարձակալության պայմանագիրը վերակնքել, որն ուժի մեջ էր մինչեւ 2004 թ.-ը: Պատճառաբանել են, որ ՀՀ կառավարությունը պետք է ընդունի որոշում եւ հաստատի պայմանագրերի օրինակելի ձեւերը, ինչը չի ընդունել, ուստի իրենք հիմք են ընդունում 1999 թ․ կնքված վարձակալության պայմանագիրը, իսկ Սախարովի կենտրոնը շարունակելու է նույն պայմաններով ու վարձավճարի չափով վարձակալել տվյալ տարածքը: Մենք համաձայնվել ենք եւ ամեն տարի թաղապետարանի հաշվին փոխանցել ենք վարձակալության ամենամյա գումարը՝ 418,000 ՀՀ դրամ (առկա են անդորրագրերը)։ Ի դեպ, այսօր Հայաստանում բազմաթիվ նման վարձակալներ կան, որոնց հետ կնքված չեն վարձակալության պայմանագրեր։  

Վարչության կարծիքն այն մասին, որ «կազմակերպության ներկայացուցիչները գրեթե չեն  խոսում Հայաստանում եւ մասնավորապես տվյալ ոլորտում գործող օրենքների մասին, սակայն պարբերաբար հիշատակում են սեփական դոնորի հետ կնքած պայմանագիրն ու փորձում  վերջինիս պայմանները պարտադրել  պետական կառավարչական  մարմնին եւ առաջնորդվել միայն դրանով», ապա պետք է առաջարկենք վարչությանը վեր հանել մեր կողմից իրեն, ՀՀ վարչապետերին ու ՀՀ նախագահին ուղղված մեր գրությունները, կրկին վերընթերցել ու համոզվել, որ դրանք որեւէ պարտադրողական բովանդակություն չեն ունեցել, այլ եղել են միայն խնդրի ներկայացում եւ օրենսդրական առաջարկություն։

Նշված բոլոր գրություններն ամբողջովին պարունակում են ՀՀ գործող օրենսդրության պահանջները եւ որեւէ դոնորի պահանջի մասին չի նշվել, բացառապես՝ կենտրոնի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետի հիշատակման մասին։ Ինչ վերաբերում է դոնորի հետ կնքված պայմանագրերին հղում կատարելուն, ապա նրանց ֆինանսական միջոցներով է կազմակերպությունը գործունեություն ծավալում՝ հօգուտ իր շահառուների, հետեւաբար պարտավոր ենք մեր ծրագրերի ու նրանց հետ կնքված պայմանագրերի ու դրանց ժամկետների մասին խոսել։ Դոնորի պահանջները երբեւիցե որեւէ պետական կամ տեղական մարմնի չենք ներկայացրել, նույնիսկ մեր կազմակերպության տեսակետներն ու կարծիքները երբեք չեն համընկնում մեր դոնորների տեսակետների հետ:

Սախարովի կենտրոնի գործելաոճն է ցանկացած հարցի վերաբերյալ ՀՀ օրենսդրության բազմակողմանի վերլուծություն կատարելը, ինչն արել եւ վարչությանն է ներկայացրել նաեւ պետական եւ տեղական մարմինների ձեռքերով խճճված մի քանի գործերով (օրինակ՝ Երեւանի Նորքի այգիներ 227,  Սիսակյան 22 եւ Նազարբեկյան 48 կիսակառույց շենքերի կարգավիճակի ու այնտեղ ապրող բնակիչների իրավունքների պաշտպանության վերաբերյալ): Մեր իրավական հիմնավորումները հետագայում հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության, վարչության, Երեւանի քաղաքապետարանի համար համապատասխան իրավական ակտեր ընդունելու համար։ Այս գործերով Սախարովի կենտրոնը դոնոր կազմակերպության պայմանները չի պարտադրել վարչությանը, այլ բացառապես ՀՀ սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջները։

Ինչեւէ, մեր տարածքի օգտագործման հարցի վերաբերյալ գրություններով խնդրել եւ առաջարկել ենք վարչությանը հանդես գալ ՀՀ կառավարության 22.02.2001 թ. թիվ 125 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկությամբ, ըստ որի այդ որոշումը չի կարող կիրառվել ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կազմակերպությունների նկատմամբ։ Նույն առաջարկությամբ դիմել ենք նաեւ ներկա եւ նախկին վարչապետերին, սակայն ինչպես ընդունված ձեւ է Կառավարությունում ու նրա գերատեսչություններում, քաղաքացիական հասարակության կառույցներից ու քաղաքացիներից ստացված դիմումներն ու առաջարկությունները վերահասցեագրվում են միմյանց եւ վերադարձվում են այն մարմնին, որի գործողությունները վիճարկվում են, դա կոչվում է՝ oтписка։

Վարչությունը մեր կողմից արված առաջարկությանն ըստ էության պատասխանելու փոխարեն, բոլոր իր պատասխաններում հիշատակում է ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշման եւ դրա հաստատման կարգի գոյության մասին։ Սա խոսում է այն մասին, որ ինչպես մնացած, այնպես էլ սույն դեպքում ՀՀ պետական գերատեսչություններում որեւէ մեկի պահանջն, ըստ էության, եւ առարկայական չի քննարկվում: Քննարկվում են այն հարցերն ու առաջարկությունները, որոնք ներկայացվում են բացառապես իրենց կողմից՝ «իրենք ասում են, իրենք լսում են» սկզբունքով։

Պետգույքի ներկայացրած հաջորդ նկատառումը` իբրեւ Սախարովի կենտրոնին  առաջարկել են անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել՝ որեւէ ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված (ծրագրի օրինակելի ձեւին համապատասխանող) ծրագրի առկայության դեպքում՝ համաձայն ՀՀ կառավարության 17.02.2011թ. թիվ 304-Ն որոշման, պետք է նշենք, որ վարչությունը երբեք նման առաջարկ չի կատարել Սախարովի կենտրոնին եւ, բնականաբար, մենք էլ որեւէ ծրագիր չենք ներկայացրել։ Ընդունելության ժամանակ Արման Սահակյանն ընդամենը պատասխանել է մեր ներկայացուցչի այն հարցին, թե ո՞ր դեպքերում է հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման տարածք տրամադրվում: Կառավարության հիշյալ որոշման մասին հիշատակել է մեր ներկայացուցիչը, իսկ վարչության պետն ընդամենը պատասխանել է, որ պետության հետ՝ ի դեմս վարչության, համատեղ ծրագրի իրականացման շրջանակում է ՀԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրվում։

Իրականում՝ ՀՀ կառավարության 304-Ն որոշման շուրջ լայնածավալ եւ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել վարչության պետի հետ, վարչության ներկայացուցիչը նույնիսկ դատարանում այս մասին չի ակնարկել եւ որեւէ այլընտրանքային կամ հաշտության տարբերակներ չի առաջարկել մեզ։ Եթե նրանք այս բովանդակությամբ առաջարկություն ներկայացնեին, ապա մեր կենտրոնը պատրաստ էր քննարկել, բանակցել եւ մեկ հայտարարի գալ, սակայն դա տեղի չի ունեցել։ Վարչությունն օգտվում է նրանից, որ մեր քննարկումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում եւ այն չի տեսաձայնագրվել։

Եթե ընդունենք, որ տարածքի անհատույց օգտագործման իրավունքով հնարավոր է հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնել, եւ դրանից օգտվել են տասնյակ հասարակական կազմակերպություններ, ինչպես նշում է վարչությունն իր պատասխանում, ապա առաջարկում ենք վարչությանը հրապարակել այդ տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների անվանումներն ու նրանց կողմից ներկայացված եւ իրականացված ծրագրերը։ Մեզ շատ հետաքրքրեց, թե որոնք են այն հ/կ-ները, որոնք շտապել են օգտվել պետության ընձեռած նման հնարավորությունից։ Թե՛ վարչության, թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության հրապարակայնությունն ապահովելը պարտադիր պայման է իրավական պետությունում, զարմանալի է, որ այդ շահավետ հնարավորության գոյության մասին երբեւէ չի լուսաբանվել մամուլով։  

Վարչությունն իր պատասխանում նշում է՝ «ընդհանրապես տարածքի խնդրի կարգավորման  հետ կապված ամբողջ պատմության ընթացքում ՀԿ-ն ինքն է փորձում պայմաններ թելադրել, վկայակոչելով իր ծրագրերի դոնորին, սակայն մոռանում, որ խնդրին այս կամ այն կերպ առնչվող պետական մարմինները, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչությունն առաջնորդվում են երկրում գործող օրենսդրությամբ, ինչի պարտավորությունն ունեն նաեւ ՀՀ բոլոր սուբյեկտները ...», ինչպես նաեւ՝ «... մոռանում, որ հենց իրենք են պետությանը ոչ իրավաչափ պահանջներ ներկայացնում»։

Սույն պատասխանին կարձագենք հետեւյալ բովանդակությամբ, որ Սախարովի կենտրոնի «ոչ իրավաչափ» պահանջն է՝ ընդամենը կատարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 09.10.1990թ. հ. 457 որոշման, այնուհետեւ՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի իրավահաջորդ՝ ՀՀ կառավարության 12.11.1992թ. թիվ. 570 որոշման պահանջները, եթե ոչ՝ ապա ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշման մեջ կատարել լրացումներ եւ փոփոխություններ։

Որպես լրացուցիչ տեղեկատվություն, ժամանակագրական հերթականությամբ հիշատակում ենք, թե ինչ գրագրություն է տեղի ունեցել մեր եւ վարչության միջեւ:

Սախարովի կենտրոնն իր նախաձեռնությամբ 2015 թ․ հոկտեմբերի 1-ին Ե-2347 գրությամբ դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ պրն Ա․ Սահակյանին` խնդրելով տեղեկացնել, թե արդյոք Երեւանի Սարմենի փող 1 հասցեում գտնվող շինության 4-րդ հարկը գտնվում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, եթե այո, ապա խնդրել ենք հիմք ընդունել մեր կողմից ներկայացված փաստաթղթերը եւ մեր կազմակերպության հետ կնքել ոչ բնակելի շինության օգտագործման/վարձակալության պայմանագիր։ Ինչու՞ ենք դիմել, քանի որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը (նախկին Կենտրոն թաղապետարանը) հրաժարվել էր մեզ հետ վերակնքել վարձակալության պայմանագիր, որի պատճառի մասին արդեն նշել ենք վերեւում։

Վարչության աշխատակազմի ղեկավարի 26.10.2015թ․ հ․ 04/2221/5435-15 գրությամբ տեղեկացվել ենք, որ 13․03․2015թ․ միակողմանի ընդունման ակտով, Երեւան քաղաքի Սարմենի 1 շենքի թիվ 12 տարածք հասցեում գտնվող շենքի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարկերի տարածքները հաշվառվել են վարչության հաշվեկշռում, ինչպես նաեւ մեջբերվել է ՀՀ կառավարության 22․02․2001թ․ հ․ 125 որոշմամբ սահմանված կարգը եւ նշվել, որ հիշյալ տարածքի 4-րդ հարկի 388,7քմ․ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության ամսեկան վարձավճարը՝ համաձայն հ․ 125 որոշմամբ սահմանված կարգի, կկազմի 333,000 ՀՀ դրամ։

Պատասխանը չի գոհացրել մեզ եւ 09․11․2015թ․ հ․ 2364 գրությամբ դիմել ենք ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դ․ Հարությունյանին՝ ներկայացնելով մեր խնդիրը եւ հայտնել, որ Սախարովի կենտրոնը որպես իրավապաշտպան կազմակերպություն չի հավակնում որոշակի զիջումներ ստանալ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներից դուրս, սակայն եթե գոյություն ունեն եւ գործում են հ/կ-ների գործունեությունն արհեստականորեն սահմանափակող նորմատիվային ակտեր, ապա դրանք, մեր կարծիքով, պետք է վերացվեն, այդ կապակցությամբ հայցել ենք ՀՀ կառավարության աջակցությունը։

Սակայն սույն գրությունը ՀՀ վարչապետի 30․11․2015թ․ թիվ 02/23․17/20346-15 հանձնարարականով վերահասցեագրվել է վարչությանը, որտեղից 08․12․2015թ․ հ․ 04/22․22/6214-15 գրությամբ կրկին վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից տեղեկացվել ենք ՀՀ կառավարության 22․02․2001թ․ հ․ 125 որոշմամբ սահմանված կարգի մասին եւ միեւնույն ժամանակ առաջարկվել է մեր կողմից բարձրացված հարցին ընթացք տալու նպատակով, քննարկել կազմակերպության կողմից փաստացի օգտագործվող տարածքների վարձակալության տրամադրումը, ինչի արդյունքում տարածքի մակերեսին համապատասխան կնվազի նաեւ վարձակալության տրամադրվող տարածքի նվազագույն վարձավճարը։

Մեր կազմակերպությունը հիմք ընդունելով վերը նշված գրությունը եւ նշյալ տարածքի վարձակալությամբ տրամադրելու հարցի քննարկման կապակցությամբ 09․12․2015թ․ հ․ 2383 գրությունը, դիմել ենք վարչության պետին՝ քաղաքացիների ընդունելության օրը մեր ներկայացուցիչներին ընդունելու խնդրանքով։

Ընդունելությունը տեղի է ունեցել 2015 թ․ դեկտեմբերի 25-ին վարչության պետ Ա. Սահակյանի գրասենյակում, ընդունելությանը ներկա էին վարչության պետ Ա․ Սահակյանը եւ վարչության աշխատակազմի համապատասխան բաժնի երկու աշխատակիցները։ Այդ ժամանակ Սախարովի կենտրոնի տնօրենն ու իրավաբանը ներկայացրել են կազմակերպությանը տվյալ տարածքի հատկացման բոլոր իրավական հիմքերը: Սակայն, Ա. Սահակյանն անընդհատ շեշտում էր, թե ո՞ր օրենքով է պետությունը պարտավոր հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնել կամ տարածքով ապահովել։ Ի պատասխան իր այդ հարցադրմանը մենք պատասխանել ենք, որ կոնկրետ գործով, կոնրետ սույն դեպքում Սախարովի կենտրոնին տարածք հատկացնելու պարտականությունն ամրագրված է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 09.10.1990թ. հ. 457 որոշմամբ, այնուհետեւ՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի իրավահաջորդ՝ ՀՀ կառավարության 12.11.1992թ. թիվ. 570 որոշմամբ, իսկ վերացական հարցադրմանը կազմակերպությունը չի պատասխանում։ Այնուհետեւ, նա խորհուրդ տվեց դիմել ՀՀ վարչապետին՝ կառավարության խնդրահարույց որոշումներում կազմակերպության տեսակետը հայտնելու մասին։  

Ի պատասխան ՀՀ նախկին վարչապետ Հ․ Աբրահամյանին ուղղված 28․12․2015թ․ Ե-2389, 19․02․2016թ․ հ․ Ե-2398 մեր գրություններին՝ կրկին պատասխաններ ենք ստանում վարչության աշխատակազմի ղեկավարից, որը երկու պատասխաններով էլ մեզ տեղեկացնում է ՀՀ կառավարության 22․02․2001թ․ հ․ 125 որոշման մասին։

Տեսնելով, որ ՀՀ կառավարությունը եւ վարչությունը ըստ էության եւ առարկայական չեն քննարկում Սախարովի կենտրոնի բարձրացրած խնդիրը ու չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ստիպված 09․02․2016թ․ հ․ 2396 գրությամբ դիմել ենք ՀՀ նախագահին, հույս ունենալով, որ գոնե սայլը տեղից կշարժվի: Աավաղ, առ այսօր պատասխան չենք ստացել։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ իրավական առցանց տեղեկատվական բազայում մեզ չհաջողվեց հայտնաբերել այն գույքի (շենք, շինությունների) ցանկը, որը ՀՀ կառավարության 20.11.2008թ. «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին»  հ. 1346-Ն որոշմամբ հանձնվել/ամրացվել են ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը, ուստի 14․12․2015թ․ հ․ Ե-2385 գրությամբ դիմել ենք վարչության պետին, եւ խնդրել մեզ տրամադրել վարչության հաշվեկշռում գտնվող շենք, շինությունների ցանկը կամ անհնարինության դեպքում տրամադրել այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ կարող ենք գտնել մեր կողմից փնտրվող տեկատվությունը կամ թույլ տալ տեղում ծանոթանալ:

Պատասխան չստանալով զանգահարել ենք պետգույքի վարչություն եւ խոսել բաժնի աշխատակից Վահագն Ասատրյանի հետ: Պարզել ենք, որ մեր գրության պատասխանը դեռեւս պատրաստ չէ, քանի որ առկա են ծրագրային որոշ խնդիրներ եւ վերջինս առաջարկեց մեզ կրկին դիմել Վարչություն, բայց այս անգամ նշելով թե կոնկրետ ո՞ր տարածքի մասին է խոսքը, քանի որ ցանկը շատ ծավալուն է:

01․03․2016թ․ հ․ 2402 գրությամբ կրկին դիմել ենք վարչությանը նույն հարցով, այս անգամ կոնկրետ նշելով մեզ հետաքրքրող հասցեն:

Վարչությունից 15․03․2016թ․ հ․ 04/22-34/1269-16 գրությամբ հայտնվել է, որ հաշվի առնելով, որ վերը նշված հասցեում գտնվող շենքը, որը նախկինում զբաղեցվել է տարբեր պետական ընկերությունների եւ կազմակերպությունների՝ «Երեւաննախագիծ»  ՊՓԲԸ, Կառավարման ակադեմիա եւ այլնի կողմից, սակայն հաշվառված չի եղել որեւէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1346-Ն որոշումը, վարչությունը սեփականության իրավունքով այլ սուբյեկտների չպատկանող 1-ին հարկի մի մասի եւ 4-7 հարկերի տարածքներն ընդունել է հաշվեկշիռ եւ դրանց նկատմամբ կատարել է ՀՀ սեփականության իրավունքի գրանցում։

Ինչպես Երեւանի քաղաքապետարանը, այնպես էլ Վարչությունն այդպես էլ չկարողացան պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ «Երեւաննախագիծ»  ՊՓԲԸ-ի, Կառավարման ակադեմիա եւ այլնի կողմից տարիներ շարունակ զբաղեցրած տարածքը հանկարծակի դուրս է մնացել հաշվառումից (թե ինչ հիմքով հայտնի չէ) եւ դառնում է տիրազուրկ, սակայն այդ տարիների ընթացքում պետական եւ տեղական մարմինները հաջողացրել են առանց իրենց սեփականության իրավունքի պետական գրանցման այդ տարածքները տնօրինել՝ տալ վարձակալության եւ գանձել վարձակալության գումարներ, իսկ որտեղ էր այսքան տարի ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը։ 

Փորձեցինք հույսներս կապել նորանշանակ ՀՀ վարչապետի հետ եւ 11․10․2016թ․ հ․ Ե-2468 գրությամբ դիմել ենք ՀՀ վարչապետ Կ․ Կարապետյանին, կրկին պատասխան ենք ստացել վարչության աշխատակազմի ղեկավարից, որը 21․11․2016թ․ հ․ 04/22-31/6070-16 գրությամբ հայտնել է, որ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի տեղեկացնում է ՀՀ կառավարության 125 եւ  հ․ 304-Ն որոշումների մասին:

Սախարովի կենտրոնն այս փակուղուց դուրս գալու եւ ելք փնտրելու համար 13.10.2016թ. դիմել է դատարան՝ խնդրելով ճանաչել կազմակերպության օգտագործման իրավունքը Երեւանի Սարմենի փողոց 1, 12 տարածքի 4-րդ հարկի 388,7քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ՝ նախկին պայմաններով եւ վարձավճարի չափով, այսինքն, տարեկան 1քմ դիմաց 1,000 ՀՀ դրամ վարձավճարի հաշվարկով։ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Ափինյան) քննության առնելով կենտրոնի հայցը 29.09.2017թ. վճռով (ԵԿԴ/4205/02/16) մերժել է այն։ Սախարովի կենտրոնը սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռեւս վարույթ չի ընդունվել։

Վարչությունն իր պատասխանում հիշատակում է վերը նշված դատարանի վճիռը եւ մեղադրում է Սախարովի կենտրոնի իրավաբանին, որ նա մոռանում է այդ եւ տարածքն ապօրինի զբաղեցնելու մասին, այն դեպքում, երբ տվյալ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել եւ Սախարովի կենտրոնի ներկայացուցիչները դեռեւս հիշողության կորուստ չունեն: Բուն հարցին պատասխանելու փոխարեն վարչությանը խորհուրդ կտանք զերծ մնալ անձնական վիրավորանքներից եւ գործին մոտենալ միայն իրավական տեսանկյունից։

Հ.գ. Ըստ կադաստրային գործի՝ ՀՀ Կառավարության 03.05.2007թ. թիվ 522-Ն որոշմամբ հանձնարարվել է վարչությանը Երեւանի Ջրաշատի (ներկայիս՝ Սարմենի) փողոցի հ. 1 շենքի 5-րդ եւ 6-րդ հարկերը գրանցել Հայաստանի Հանրապետության անվամբ: Վարչությունը սկսած 2007թ. ձեռնամուխ է եղել Սարմենի 1 հասցեի 12 տարածքում գտնվող անշարժ գույքի՝ մասնավորապես 5-րդ եւ 6-րդ հարկերի, սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացին եւ դիմել է կադաստր իր՝ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու խնդրանքով:

Կադաստրը վարչությանը գրավոր հայտնել է, որ Սարմենի 1 հասցեի 12 տարածքում գտնվող անշարժ գույքի 5-րդ եւ 6-րդ հարկերի պետական գրանցման նպատակով իրականացված չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ 4-րդ հարկը եւս պետական գրանցում չունի, որին ի պատասխան վարչությունը 10.12.2008թ. հայտնել է, որ չի առարկում 4-րդ հարկի նկատմամբ պետական գրանցում կատարելուն եւ խնդրել է այն եւս գրանցել Հայաստանի Հանրապետության անվամբ:

Այն դեպքում, երբ վարչությունն ի տարբերություն վերը նշված տարածքի 5-րդ եւ 6-րդ հարկերի, որեւէ իրավասություն չի ունեցել այդ տարածքի 4-րդ հարկի վերաբերյալ պետական գրանցման նախաձեռնությամբ հանդես գալու, քանի որ չի ունեցել որեւէ իրավահաստատող փաստաթուղթ կամ իրավական հիմք: Տվյալ պարագայում կադաստրային մարմինը նույնպես իրավասու չէր պետական գրանցում կատարել, քանզի բացակայում էր տվյալ տարածքի 4-րդ հարկի վերաբերյալ իրավահաստատող որեւէ փաստաթուղթը կամ իրավական հիմքը, այլ ոչ թե վարչության պետի նամակ-պատասխանը: Սրանով, փաստացի խախտվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը, քանզի տվյալ հասցեի 4-րդ հարկի վերաբերյալ պետական գրանցման գործողություններում ո՛չ վարչությունը, ո՛չ էլ կադաստրային մարմինը որեւէ լիազորությամբ օժտված չեն եղել պետական գրանցում կատարելու՝ համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի 2-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջների:

Ահա այս փաստերի առկայության պարագայում վարչությունը Սախարովի կենտրոնի իրավաչափ պահանջները որակում է ոչ իրավաչափ եւ դեռ խոսում է օրինականությունից ու իրավաչափությունից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ