Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Հողագործ «մաեստրո» Մուրադը. 18 հոգով՝ մեկ հարկի տակ


«Ուրախ եմ, մաեստրո Մուրադ»,- արծվանիստցի Մուրադ Մուրադյանը ձեռքը մեկնում է մեզ՝ բարևելու:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում նրան ճանաչում են որպես լավ կատակերգու: Մուրադի հետ զրույցում դժվար է հասկանալ՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում հումորը: Խոսքն էլ արտիստիկ է, հատուկ շեշտադրումներով: Միայն կնոջ՝ Սեդայի ծիծաղից կարելի է իմանալ՝ Մուրադը կատակո՞ւմ է, թե՞ ոչ:

Բաց պատշգամբում հավաքվում են Մուրադի որդիները, թոռները, կինը նստում է Մուրադի կողքին: Հարսներն այդ ընթացքում սուրճ են պատրաստում, միրգ բերում:

Մուրադը 4 որդի և մեկ դուստր ունի: Դուստրն ամուսնացել է Սևանում, որդիներից մեկն էլ բնակվում է Երևանում: Հիմա նա մի հարկի տակ ապրում է կնոջ, 3 որդիների, հարսների ու 10 թոռների հետ:

«Ամեն ինչը խաղաղ ձևով է մեր տանը: Մի նորություն ասեմ՝ էս հարսս ու էն մյուս հարսս քույրիկներ են»,- ասում է Մուրադը: «Երկու քույր երկու ախպոր հետ են ամուսնացել»,- ավելացնում է կինը:

«Էն մեկը երևանցի էր, պարզ ա՝ կտաներ տղին, լեննականցի լիներ՝ Լեննական կտաներ, բնական բան ա»,- Երևանում բնակվող որդու կնոջ մասին է խոսում հայրը, քիչ անց շեշտում, որ այդ որդին էլ ընտանիքով հաճախ է գյուղ գալիս, ամռանը 4 տղաները մի հարկի տակ են լինում:

«Մի քիչ զուլալ ձևով ասեմ, էլի. խալտուրա չկա, 5 երեխեն էլ մեր բոյին են, եթե մեկը բարձրահասակ լիներ, կկասկածեին, կասեին՝ էս որտեղի՞ց հայտնաբերեցիք»,- ծիծաղում է Մուրադը:

Էջմիածնի ակումբագրադարային ուսումնարանն է ավարտել 1977-ին: Մասնագիտությամբ ռեժիսոր է: Պատմում է, որ ավարտելուց հետո աշխատելու համար Ստեփանակերտ էին ուզում ուղարկել, բայց ինքը չհամաձայնեց: Ասում է՝ անծանոթ միջավայր էր, գյուղից չէր ուզում կտրվել: Ավարտելու նույն տարում Արծվանիստի մշակույթի տան տնօրեն է դարձել: 15 տարի ղեկավարել է այն: Թատերական ներկայացումներ էր բեմադրում, ինքն էլ դերեր էր ունենում: Թվարկում է՝ «Ստախոս կինը», «Չառլիի մորաքույրը», «Փարիզեցի փեսացուն»… Վերջին ներկայացման մեջ գլխավոր դերում ինքն է եղել: Ներկայացումը ոչ միայն գյուղի, այլև Վարդենիսի շրջանում Արծվանիստի թատրոնի այցեքարտն էր:

15 տարվա աշխատանքից հետո Մուրադին ազատել են գործից: Նրա դեմքը մթնում է, ժպիտը սահում-ընկնում է: 1992-1993 թվերին է վերադառնում: Ասում է՝ երբ աշխատանքը կորցրեց, դժվար էր, 5 երեխաները փոքր էին, պատերազմական տարիներ էին: Իսկ այդ ժամանակ առհասարակ բոլորի համար էր ծանր:

Կինն ասում է, թե Մուրադը մինչև հիմա էլ չի հաշտվում իր հեռացման փաստի հետ, թեև 15 տարի է անցել այդ օրից: Երկրորդ անգամ նույն աշխատանքին հրավիրել են 1995-ին, բայց հրաժարվել է: Սա բաց նյարդ է, որին դիպչելիս Մուրադը ցավ է ապրում: Աշխատանքից դուրս գալուց հետո թատրոնում արված բոլոր լուսանկարներն այրել է: Հիմա ափսոսում է, որովհետև, օրինակ, մեզ փաստեր ցույց կտար իր գործունեությունից: Ասում է, թե նկարները վառել է, քանի որ հիշողություններից ուզում էր ազատվել:

Լուսանկարները չկան, բայց հիշողություններն ապրում են: Մուրադի շնչառությունը ծանրանում է, հոգոց է հանում, ասում է՝ հա, կարոտով եմ հիշում այդ օրերը:

Զվարթությանը վերադառնալու համար հարցնում եմ, թե ոնց ծանոթացավ կնոջ հետ:

«Տիկնոջս հետ ոնց ծանոթացա՞… Չգիտեմ, ներկայացում կա, տեսե՞լ եք: Մեկը միջնորդ էր: Էս մեր հարևանի աղջիկն էր (կնոջը նկատի ունի- հեղ.): Էդ ժամանակ արդեն աշխատում էի կուլտուրայի տան տնօրեն, ճշմարտությունը որ ուզում եք իմանալ, 6-7 տուն գնացի՝ աղջիկ չտվեցին»,- պատմում է Մուրադը: «Վա՜յ, Մուրադ, ինչ հումորիստ ա»,- արձագանքում է կինը, իսկ ամուսինը շարունակում է. «Դու մի ասա էս միջնորդը խանգարում էր գործին: Որ տունը գնում էի, համաձայն էին, բայց առավոտ մեկ էլ խաբար էր գալիս, որ փոշմանել են: Դու մի ասա էս միջնորդը գնում ասում է՝ չտաք աղջիկ, կարճ ա, փոքր ա, էդ ի՞նչ ա: Ու էդ միջնորդն ուզում էր ինձ ծանոթացնել տեգոր աղջկա հետ: Վերջը ստիպված էի ամուսնանալ»:

Սեդան ծիծաղում է, Մուրադն էլ: Կնոջը հարցնում եմ՝ կատակ է անում, չէ՞, գլխով պատասխանում է, թե բա ինչ է անում: Մուրադն ասում է՝ 38 տարվա ամուսիններ են, հաշտ ու համերաշխ ապրում են:

Մշակույթի տնից հեռանալուց հետո մենատնտես է դարձել: Նշում է, թե ֆերմերությանը չէր հասնի, եթե սիրտը չկոտրեին: 3 որդիների հետ հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ է զբաղվում: Այս տարվա կարտոֆիլի ու խնձորի բերքից շատ գոհ է: Հիմա սկսել է նաև մեղվաբուծությամբ զբաղվել:

Մի ժամանակ, ասում է, գյուղում 2000 գլուխ խոշոր անասուն կար, մոտ 15 հազար ոչխար, իսկ հիմա հազիվ 200 գլուխ խոշոր անասուն է մնացել ու մի 300 գլուխ ոչխար: Ժամանակին Մուրադը 45 կով ուներ, հիմա 5-ն են մնացել:

«Այ, օրինակ, ինչո՞ւ պիտի ֆինանս չունենայի, որ մի 200 հատ խոշոր եղջերավոր պահեի, 200 հատ ոչխար: Անտեր փողայինը չի կպնում, ինչո՞ւ չի կպնում, որովհետև 10 թոռանը պահել է պետք, հագցնել է պետք, բոբիկ հո ման չե՞ն գալու, դա է հիմնականը: Իսկ պետությունը երեխաներին 67 հազար դրամ նպաստ է տալիս, դրանով հո չե՞ս կարա պահես»,- ասում է զրուցակիցս:

Մուրադը ցանկանում է վարկ վերցնել՝ անասնաֆերմա բացելու համար: Ասում է, թե այդտեղ որդիներն ու հարսները կաշխատեն: «Բտման անասուններ, ցուլիկներ կաճեցնեմ, դա էլ է հանրապետությանն օգուտ»,- նշում է մշակույթից ֆերմերությանն անցած Մուրադը:

Կիսատ թողած երազանքները նա կապում է թոռների հետ: Մտածում է՝ կմեծանան, արվեստասեր կլինեն: Երեխաների հետ տանը ներկայացումներ է բեմադրում, պարեր է սովորեցնում:

Զրույցն ավարտելուց հետո ընտանիքով լուսանկարվում են, հարսները չեն միանում: Գյուղի աշխատանքն անսպառ է: Մուրադն ու կինը հրավիրում են ճաշելու, հրաժարվում ենք, Մուրադը նեղանում է, խոստանում ենք մեկ ուրիշ անգամ այցելել: Կինն ասում է՝ մեր օջախ էնքան հյուր ենք ընդունել, որ տան անունը դրել են «հայկական խոհանոց»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի00:34 - 9 նոյեմբերի, 2017
ֆերմերությանը ???????
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։