Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ալավերդու Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցի սպորտ դահլիճը արդեն 4-րդ տարին է` չի գործում



Ալավերդու Սայաթ-Նովայի անվան  N 8 ավագ դպրոցի սպորտ դահլիճը վերանորոգվել է 2014թ.-ին: Պատվիրատուն եղել է Լոռու մարզպետարանը։

«Մենք հրաշալի սպորտ դահլիճ ունենք, սակայն շինարարի կողմից դահլիճի հատակի վերանորոգումը անորակ է կատարվել, շահագործելուց հետո փայտե հատակը դահլիճի ամբողջ երկայնքով ջարդվել է: Սպորտային դահլիճն այսօր  նպատակին չի ծառայում»,- ասում է դպրոցի տնօրենը՝  Անուշ Ավագյանը:

«Արդեն 4-րդ տարին է` մենք սպորտ դահլիճը չենք օգտագործում, և դա  ֆիզկուլտուրայի դասապրոցեսի որակի վրա ազդում է: Խաղային ձևերից վոլեյբոլ, բասկետբոլ, մարմնամարզություն առանց սպորտ դահլիճի հնարավոր չէ կազմակերպել»,- բացատրում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարուժան Մկրտչյանը:

Անուշ Ավագյանը Վարուժան Մկրտչյանը

Տնօրենի խոսքով` դահլիճի վերին հատվածը խոնավ է, ջրահեռացման ու օդափոխության համակարգը նորմալ չի գործում: Այս տարի Անուշ Ավագյանը դպրոցի բյուջեի միջոցներով թենիսի սեղան է գնել՝  ուսումնական պլանով նախատեսված աշակերտների սպորտային պարապմունքները շենքի ներսում կազմակերպելու համար: «Երբ  եղանակային պատճառով դրսում հնարավոր չի լինում պարապմունքներ անել, ֆիզկուլտուրայի դասերը մեր ունեցած հնարավորություններով (սեղանի  թենիս, շախմատ) կազմակերպում  ենք դպրոցի ներսում»,-ասում է Ա. Ավագյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը սպորտադահլիճի վիճակի մասին հարցին  պատասխանեց. «Դպրոցի աշակերտների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես  երեխաներին խոստացել և նախաձեռնել եմ սպորտ դահլիճի վերանորոգումը: Հիմնական վերանորոգումից հետո վերջին տարիներին ևս 3 անգամ վերանորոգվել է այդ  դահլիճի հատակը: Սկզբում մտածում էինք, որ խոնավությունից է փտում հատակի փայտը: Նույնիսկ  դրսի պատը ամրացրինք ցեմենտբետոնով: Դա էլ չօգնեց: Հետո պարզեցինք, որ խորհրդային տարիներին ռեզինե ծածկոց է փռվել դահլիճի հատակին, որից էլ հատակի փայտը  վարակվում է սնկային հիվանդությամբ և փտում։ Գրություն են ուղարկել շինարարական կազմակերպությանը դահլիճի հատակը որակյալ նորոգելու համար»:

Չորս մասնաշենքով Սայաթ-Նովայի անվան դպրոցի շենքը շահագործվել է 1967թ.-ին: Մասնաշենքերից այս պահին շահագործվում է մեկը: Նախկինում Սայաթ-Նովայի անվան դպրոցում սովորել են 860 աշակերտներ: Ավագ դպրոցի 9 դասարաններում 2017թ.-ի  նոյեմբերի 1-ի դրությամբ սովորում են 167-ը:

Անուշ Ավագյանը մեկ տարի առաջ է նշանակվել Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցի տնօրեն: «Մեր շենքային պայմանները դուք ինքներդ եք տեսնում: Դպրոցում մանկավարժական կադրերի և ուսման որակի խնդիրներ չունենք, ունենք ավելի շատ բարեկարգված շենքային պայմանների խնդիր»,- ասում է տնօրենը:

Անցած 50 տարիների ընթացքում կապիտալ վերանորոգման չենթարկված Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցի գործող մասնաշենքի միջանցքների մանրահատակի մեծ մասը  գոյություն չունի, փոքր հատվածներում պահպանվում է արդեն տեղահան եղած մանրահատակը: Կիսաքանդ են աստիճանահարթակները, քանդված են դպրոցի միջանցքների պատերը և զուգարանները: Անուշ Ավագյանը որոշել է դպրոցի 2-րդ հարկի քանդված մանրահատակի փոխարեն հատակը ցեմենտբետոնով հարթեցնել և ներկել:

Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցը ունի բնագիտամաթեմատիկական և հումանիտար թեքումներ: Տնօրենի խոսքով` ավագ դպրոցում աշակերտներին նախապատրաստում են ԲՈՒՀ ընդունվելու համար:  2016-2017 ուս. տարում ավագ դպրոցի  24 շրջանավարտներից 15-ը ընդունվել են պետական բուհեր: «Շրջանավարտների ճնշող մեծամասնությունը մասնավոր պարապմունքների չեն գնացել և  ԲՈՒՀ-եր են ընդունվել ավագ դպրոցի տված գիտելիքներով»,- ասում է տնօրենը:

Դպրոցի տարեկան բյուջեն կազմում է 52 մլն դրամ, որից  48 մլն դրամը կազմում է աշխատողների տարեկան աշխատավարձը: Բյուջեի մնացած 4 մլն դրամը տնօրեն Անուշ Ավագյանը ծախսում է զգուշորեն՝ դպրոցի առջնահերթ խնդիրների վրա: Նրա պատմելով` այս տարի գնել են 20 հատ ազբեստի մեծ շիֆերներ, յուրաքանչյուրը` 4000 դրամով, դրանց  ամրացման մեխերը և մյուս անհրաժեշտ պարագաները: Վերջինիս ծախսը կազմել է 92 հազար դրամ: Դպրոցի բյուջեի խոշոր գնումը եղել են այդ շիֆերը և թենիսի սեղանը: Շիֆերներից 10-ը դպրոցի տանիքին տեղադրվել են դպրոցի աշխատողների միջոցով:

Գրադարանի հարակից սենյակը և գրադարանը նորոգվել են նույնպես դպրոցի ուժերով: Գրադարանը 2900 կտոր գրականություն ունի: Ա. Ավագյանը գրադարանի նախկին ընդարձակ սենյակը որոշել է դպրոցի միջոցներով վերանորոգել և դարձնել դահլիճ: Նախապատրաստվել են  ձմռանը, ցելոֆանապատվել են ամբողջ դասասենյակները:

«Դպրոցը գազով է ջեռուցվում, վառարանները արդեն կարգավորված են, անվտանգության կանոները ինչքան հնարավոր է ապահովված են: Զուգարանները վատ վիճակում են, բայց մինչև ուսումնական տարվա վերջը դրանցից գոնե մեկը կվերանորոգենք»,- վստահեցնում է Անուշ Ավագյանը:

Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցի շենքը դպրոցի բյուջեի նվազ միջոցներով երկար պահպանել հնարավոր չէ: Դպրոցի շենքը կապիտալ լուրջ վերանորոգման կարիք ունի:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ