Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատարանի նախագահի, դատավորի, դատախազի և փաստաբանի գործի քննությունը սկսվեց
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյմեբերի 8-ին սկսվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:
Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Կամո և Մելանյա Գալստյաններն, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով անցնող մեկ այլ անձի՝ իրենց բարեկամին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված որոշումը:
Այս դրվագներով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Աղվան Պետրոսյանը, Սևակ Շհոյանը, Կամո և Մելանյա Գալստյանները, Հայկ Կարապետյանը, Կարեն Մարտիկյանը:
Գործի քննության ընթացքում ենթադրյալ կաշառքի վերաբերյալ ևս մեկ հանգամանք է բացահայտվել, որի հետևանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, մարզի փաստաբան Էդվարդ Չինարյանը, քաղաքացի Ռոբերտ Գրիգորյանը և այլ անձինք:
Քրեական գործի քննության ընթացքում մեկ այլ ենթադրյալ հանցագործության դեպք ևս բացահայտվել է, և այս դրվագով, ըստ մեղադրանքի, դարձյալ անցնում են դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ Հայկ Կարապետյանն, ինչպես նաև մեկ այլ անձ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լաուրա Մարտիրոսյանը:
Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի Լաուրա Մարտիրոսյանը, ծառայելով ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում, կալանավորներից մեկին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450 000 դրամ ապօրինի վարձատրություն։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա է տեղեկություն ևս երեք անձանց՝ այս գործով անցնելու վերաբերյալ, թե կոնկրետ ինչ դրվագներով են անցում վերջիններս, այս պահին մեզ հայտնի չէ:
Դատավորների մասնակցությամբ այս գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի դատարանի 3 դատավորի, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել ու նշել, որ մեղադրյալներից մի քանիսի հետ մտերիմ հարաբերություններ ունեն, և գործն ըստ ընդատության ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հաշվի առնելով, որ այս դատարանի դատական տարածքում է ավարտվել գործի մինչդատական վարույթը:
Պաշտոնատար անձանց վերաբերյալ գործը քննվել է Հատուկ Քննչական ծառայությունում, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում:
Քրեական գործով անցնում է 13 մեղադրյալ, որոնցից հինգը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը գտնվում են կալանքի տակ:
Մյուս 7 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց:
Այսօրվա դատական նիստը կարճ տևեց. դատարանը քննարկեց դատավորին ինքնաբացարկի հարցը, ճշտեց ամբաստանյալների ինքնությունն, ինչպես նաև քննարկվեց դատախազին բացարկ հայտնելու հարցը:
Դատավոր Արսեն Նիկողոսյանին դատավարության կողմներն ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին: Ամբաստանյալների ինքնությունները ճշտելիս նրանց մեծամասնությունը հայտարարեց, թե առողջական խնդիր ունի:
Դատախազին բացարկի միջնորդություն ներկայացվեց Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Սևակ Շհոյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանի կողմից:
Պաշտպանի խոսքով՝ մեղադրող դատախազը որպես այդպիսին գործի նկատմամբ հսկողություն չի իրականացրել, սակայն ամբաստանյալ Կամո Գալստյանի նկատմամբ փորձել է ճնշում գործադրել: Բացի այդ, պաշտպանի խոսքով` գործում առկա է համապատասխան արձանագրություն այն մասին, որ մեղադրող դատախազը փորձել է գաղտնալսել Սևակ Շհոյանի և վերջինիս նախկին պաշտպանի խոսակցությունը:
Մեղադրող դատախազը նշեց, որ Սարգիս Խաչատրյանը մտացածին փաստաթղթերի է հղում կատարում է, և իրեն բացարկի հիմքերը բացակայում են:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 9-ին:
Նշենք, որ դատական նիստին դատավարության մասնակիցները, բացառությամբ դատախազի և դատավոր Արսեն Նիկողոսյանի, հայտնեցին, որ դեմ են տեսանկարահանմանը: Այսինքն՝ այս գործով թույլատրվում է տեսանկարահանել միայն դատավորին և դատախազին:
Լուսանկարում դատավոր Արսեն Նիկողոսյանն է
Մեկնաբանել