HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց վարչական կարգով բողոքարկումների արդյունավետությանն ուղղված առաջարկներ ներկայացնել

Կառավարության հերթական՝ նոյեմբերի 9-ի նիստը գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը հանձնարարականով սկսեց՝ անդրադառնալով վարչական կարգով բողոքարկումներին:

«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկողների դեպքերին, կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերին: Միաժամանակ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի խոսքով` ըստ վիճակագրական տվյալների՝ վարչական դատարաններում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է շուրջ 9200 գործ, ուստի նոյեմբերին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր կարող է նշանակվել 2018-ի հունվարին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով նշանակումը՝ 2019 թվականին:

«Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից: Ելնելով վերոնշյալից` հանձնարարում եմ արդարադատության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ոստիկանության պետին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին եռամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ապա, դիմելով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք երկար ժամկետ չէ՞ երեք ամիսը: Հարությունյանը պատասխանեց՝ կարող են իրականացնել երկու ամսում:

«Երկու ամիս, պայմանավորվեցինք»,- եզրափակեց Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter