HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանում ջրատարները խցանվել են, 63 համարի ավտոբուսը հայտնվել է ջրափոսում (լուսանկարներ)

Կեսգիշերից տեղացող անձրեւի հետեւանքով Երևանում ջրահեռացման համակարգը որոշ հատվածներում խափանվել է։

Երթեւեկությունը դժվարացել էր Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի փողոցում։ Իսկ ահա Գյուրջյան փողոցում (Նորքի 3-րդ զանգված)արտակարգ պատահար էր տեղի ունեցել։ Ջրահեռացման համակարգի խափանման պատճառով հսկայական՝ մոտ մեկուկես մետր խորությամբ ջրափոս էր առաջացել, եւ մի քանի ավտոմեքենա մնացել էր ջրի մեջ` չկարողանալով ընդհանրապես տեղաշարժվել։

«Հետք»-ի՝ դեպքի վայր հասնելու պահին ջրի մեջ խափանված կայանված էր 63 համարի ավտոբուսը։ Ականատեսները պատմեցին, որ նույն վիճակում է եղել նաեւ մեկ միկրոավտոբուս, որը ջրից քաշելով` հանել է 26 համարի ավտոբուսը։

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ժամը 10-ի դրությամբ կարողացել էին ջրի տակ գտնել ու բացել դիտահորը, ինչի արդյունքում լճակը սկսել էր փոքրանալ։ Քաղաքացիները ջրից երկու տարբեր ավտոմեքենաների պետհամարանիշներ էին հանել, ինչը խոսում է այն մասին, որ ջրափոսում նաեւ թեթեւ մարդատար մեքենաներ են հայտնված եղել։

Վթարի վայրում էին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը։

Արեյանն ասաց, որ ողջ գիշեր «ոտքի վրա» են եղել, քանի որ, պայմանավորված տերեւաթափով, ջրատար համակարգը անձրեւներից որոշ տեղերում խցանվել է։ Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերությանն առաջարկել է ամբողջ համակարգը մաքրել՝ խցանումներից խուսափելու համար։ 

Փոխքաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքի ջրատար համակարգի ընդհանուր երկարությունը 350 կիլոմետր է, եւ հիմնական մասը բարեկարգ վիճակում է։ «Կային խնդրահարույց հատվածներ, որ հաճախ էին խցանվում, խնդիրը լուծվել է։ Հիմա միայն մի քանի հատվածում են խնդիրները առաջանում, քաղաքապետարանը լուծումներ կգտնի»,- նշեց Կամո Արեյանը։

Արեյանը հավելեց, որ վերջին տարիներին փողոցները անձրեւաջրերով հեղեղվելու պատճառներից մեկն էլ քաղաքի ընդհանուր բարեկարգ վիճակն է. «Եթե փողոցներն ու մայթերը բարեկարգ կամ ասֆալտապատված չեն, ջուրը ներծծվում է հողի մեջ։ Հիմա քաղաքը բարեկարգ է, եւ ողջ անձրեւաջրերը մնում են մակերեսին, որովհետեւ որոշ դեպքերում կոյուղու խողովակները նեղ են, քան անհրաժեշտ է։ Նույն վիճակն է, օրինակ, Մաշտոցի պողոտայի թունելում։ Խողովակները կփոխարինվեն ավելի լայնով, եւ այնտեղ նույնպես խնդիր չի լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter