Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանին յուղաներկ չեն տրամադրում. արգելված իր է



Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը դատարանում նորից վատացել է: Այս մասին ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Դատավորը նշեց, որ դատարանի միջանցքում զրույց է ունեցել «Սասնա ծռերի» օժանդակության մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի հետ, ով հայտնել է, որ իրեն լավ չի զգում և չի կարող նիստին ներկա գտնվել: Դատական նիստին չէին ներկայացել նաև նրա փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը և Նինա Կարապետյանցը.

«Միաժամանակ հաշվի առնելով, որ Եղնուկյանի պաշտպանները ներկա չեն` Եղնուկյանն ասաց, որ մտնեմ դահլիճ և հայտարարեմ, որ համաձայն եմ առանց իր ներկայության նիստը շարունակել: Բայց այդպես չի կարող լինել, առանց ամբաստանյալների չի կարող գործի քննությունը շարունակվել»,- հայտարարեց դատավոր Գաբրիելյանը:

Դատավորը ճշտեց նաև՝ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանին տեղափոխե՞լ են դատապարտյալների հիվանդանոց, թե` ոչ: Գիչյանն ասաց, որ տեղափոխել են: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի արյան ճնշումը բարձրացել էր, շտապօգնության կանչից հետո Գիչյանին ներարկում էին կատարել, իսկ Եղնուկյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Գաբրիելյանը հայտնեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին խնդրել են Աշոտ Պետրոսյանին տրամադրել համապատասխան յուղաներկեր, նկարչական պարագաներ, սակայն մերժել են: «Չտրամադրելու պատճառն այն է, որ յուղաներկերը համարվել են արգելված իրեր՝ վառվող նյութերի պարունակության պատճառով: Այրվող առարկան մեկուսարան չի թույլատրվում մտցնել»,- տեղեկացրեց դատավորը:

Աշոտ Պետրոսյանը հայտնեց, որ բացի յուղաներկերից` նաև չեն թույլատրում գունավոր թղթեր, մատիտներ, գրիչներ ունենալ, և նշեց, որ կարողանում է նկարել միայն սև մատիտով:

Արմեն Լամբարյանի և Արթուր Սողոմոնյանի՝ խցերում մենակ գտնվելու մասին էլ դատավորը հայտնեց, որ ՔԿՀ-ի որոշումն է, քանի որ նրանք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության մեջ, ուստի մեկուսի են պահում: «Եթե այնպիսի անձիք կգտնվեն, ովքեր կցանկանան ձեր խցում մնալ, այդ հարցն էլ կլուծենք»,- հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:

Արմեն Լամբարյանն էլ խնդրեց դատավորին, որպեսզի միջնորդի՝ «խցերի պլաստմասե դռները միայն փակել», իսկ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ պարզաբանեց. ««Սասնա ծռերի» այն անդամները, ովքեր կալանքի տակ պահվում են դատապարտյալների հիվանդանոցի մասնաշենքում, խցերում սանհանգույցներ չունեն. միջանցքում են: Յոթ ամիս շարունակ խցերի դռները չէին փակվում: Յոթ ամիս անց դրսից խցերի դռները կողպում են, խցից դուրս գալու համար պետք է հսկիչը մոտենա, դուռը բացի»:

Ամբաստանյալների պաշտպանների բացակայության պատճառով այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ