HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել համալսարան՝ ուսանողների ներկայությունը ստուգելու համար

Նելլի Պետրոսյան

Նախօրեին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ տեղի ունեցած հանդիպումը չի բավարարել տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների պահանջը: Նախարարն ասել է՝ այլևս քննարկում չի լինելու։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պայքարի 3-րդ օրը «մեգադասադուլ» են անվանել։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից շարժման մասնակիցները ուղևորվեցին դեպի մյուս ֆակուլտետներ՝ վանկարկելով «ազատ, անկախ դասախոս», «ազատ, անկախ ուսանող»։

Կենսաբանության ֆակուլտետի դիմաց անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների մուտքը համալսարան՝ սահմանափակելով նրանց թիվը։ Ներս մտնելու թույլտվություն տրվեց միայն ԶԼՄ 3 ներկայացուցչի:

«Փորձում են հնարավորինս այնպես անել, որ մենք նյարդայնանաք։ Ուղղակի մեզ դեմ արտահայտվողները չեն կարողանում համալսարանն էնպես պահել, ինչպես որ պետք է, դա է նրանց ագրեսիայի պատճառը։ Արդեն չգիտեն՝ ինչ անեն, դրա համար էլ մարդիկ են ուղարկում։ Թող միայն նրանց կողմից լինեն նյարդային դրսևորումներ, դա պարտության նշան է»,- հայտարարեց ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Գարիկ Պետրոսյանը։ Նա նաև հավելեց, որ իր ֆակուլտետի դեկանը կողմ է արտահայտվել իրենց նախաձեռնությանը։

Ֆակուլտետի դիմաց բախում տեղի ունեցավ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի և շարժման նախաձեռնողների միջև։ Վերջինս զայրացավ՝ տեսնելով ֆակուլտետի դիմաց հավաքված ուսանողներին և լրագրողներին, ովքեր ուզում էին ներս մտնել։ Շարժման նախաձեռնող Դավիթ Պետրոսյանը ներսում առանձնազրույց ունեցավ Ալիկ Ղարիբյանի հետ։

Ի դեպ, ներսում գտնվող լրագրողներին թույլ չտրվեց լուսաբանել առանձնազրույցը։ Սենյակում տեղադրվեց միայն «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը, որն ապահովեց ուղիղ եթեր։ Դավիթի խոսքով՝ զրույցի ընթացքում քննադատվեց անվտանգության աշխատակիցների կողմից դռները փակելը. «Սա շեշտվեց համալսարանի ղեկավարության կողմից։ Ասացին, որ երեկ դռները փակելը ճիշտ որոշում չի եղել։ Նաև նրանք, ովքեր պատասխանատու են եղել դրա համար, ընդունեցին, որ դա սխալ էր։ Քննարկվեց նաև ուսանողների բացակայության հարցը։ Չեմ կարող ասել, թե ինչու ներսում լրագրողներ չկային։ Դրա վերաբերյալ մեկնաբանություն չտրվեց»։

Դավիթ Պետրոսյանը

Կենսաբանության ֆակուլտետի 550 ուսանողից միայն 100-ն էր դասի եկել։ Դավիթը համոզված է՝ դա ուղղակիորեն պայմանավորված է նոր օրինագծի դեմ ընդվզումով: «Այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե համալսարանում 17 հազար ուսանող կա, պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ կրթության որակն ինչպիսին է։ Եթե մարդն անունով գրանցված է համալսարանում, բայց դասի չի գալիս, պետք է հասկանանք՝ էդ ուսանողի խնդիրը որն է»,- ասում է նա։

Գարիկ Պետրոսյանը հայտնեց, որ շարժմանը փորձել են խոչընդոտել առանց համազգեստի անվտանգության աշխատակիցներ. «Բացի ԵՊՀ անվտանգության աշխատակիցներից՝ էստեղ էին գտնվում առանց  համազգեստի ոստիկաններ։ Մենք մոտեցանք նրանց և խնդրեցինք ցույց տալ փաստաթուղթ։ Մենք նրանց մեր ուսանողական քարտերը ցույց տվեցինք, ասացինք՝ քանի որ համազգեստով չեք, ցույց տվեք ձեր փաստաթղթերը։ Սակայն նրանք մեր կոչին չարձագանքեցին ու հեռացան»։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ ԵՊՀ որոշ դասախոսներ միացել են իրենց շարժմանը՝ հայտարարելով, որ համալսարանի ղեկավարության կողմից եղել է ներքին հրաման՝ թույլ չտալ դասախոսներին արտահայտել իրենց դիրքորոշումը։

Դավիթ Պետրոսյանը, խոսելով մարզերում երիտասարդների ակտիվության մասին, նշեց, որ իրենց միանալու որևէ առաջարկ դեռ չեն ստացել. «Մենք մարզերում սովորող ուսանողների հետ կապ չենք հաստատել։ Բայց մի բան հստակ է. ֆեյսբուքը հնարավորություն է տալիս մարդկանց տարբեր մարզերից արտահայտվելու, և մեր շարժումը լայնորեն տարածվել է»։

Դասադուլին միացել են նաև ուսանողներ Եվրոպական , Ամերիկյան, Սլավոնական համալսարաններից։ Մասնակիցները երթով ուղևորվեցին դեպի մյուս համալսարաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter