HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կամո Արեյանի ընտանիքի բիզնեսը․ ավագանու նիստին ինչ դրախտի մասին էր խոսում քաղաքապետի տեղակալը

Կամո Արեյան. «Աստված ձեզ դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք»

Կամո Արեյանն արդեն 14 տարի՝ 2003թ. մինչ օրս, զբաղեցնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Քաղաքապետի տեղակալ է եղել նաև 1997-2001թթ.:

Վերջերս քաղաքապետի տեղակալը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 11-ի ավագանու նիստի ժամանակ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամների հասցեին Կամո Արեյանը թույլ էր տվել վիրավորական արտահայտություններ. «Եթե ձեր հոգում ձեր կյանքը քանդվում է, եթե որոշել եք մեր կյանքը դժոխք դարձնել, ես համոզված եմ, տհասության վկայականով աստված ձեզ դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք եւ ռեխներդ բացելուց առաջ, քաղաքապետի անձի եւ մեր աշխատանքի առջև հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք նաև մի կտոր դրախտի այս բաժնից էլ»:

Նրա ասածից կարելի է այսպիսի եզրակացություն անել՝ մենք դրախտում ենք, դուք դժոխքում, մի խանգարեք մեզ։ Հիմա փորձենք պարզել, թե դրախտ ասելով` ինչ նկատի ուներ քաղաքապետի տեղակալը։ 

Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Կամո Արեյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագիր:

2011թ. սկսած նրա եկամուտներում կարծես թե էական տեղաշարժ չկա: 2011թ. համեմատությամբ 1 մլն դրամով ավելացել է աշխատավարձի չափը: Որպես եկամուտ` հայտարարագրում է միայն քաղաքապետարանից ստացված աշխատավարձը:

Նույնն է նաև դրամական միջոցների դեպքում: Հայտարարագրով ցույց է տալիս փոքր գումարներ:

Կամո Արեյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, սեփական ավտոմեքենա չունի: Ունի միայն մեկ բնակարան:

Կամո Արեյանի կնոջ և որդու առևտրային ընկերությունները

Քաղաքապետի առաջին տեղակալի կինը՝ Արմենուհի Հարությունյանը, մի քանի առևտրային կազմակերպություններում բաժնետեր է և ղեկավար:

Նրան է պատկանում «Արմանե Երկիր» ՍՊԸ-ն, որն ըստ պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2007թ.: «Արմանե Երկիր» ՍՊԸ-ի գործունեության ոլորտը զբոսաշրջությունն է: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի կնոջ ընկերությունը նաև սոցփաթեթի շրջանակներում է ծառայություններ մատուցել:

«Մոդդ Իվենց» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.: Ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Շուշանիկ Հարությունյանին: Վերջինս Արմենուհի Հարությունյանի քույրն է: «Մոդդ Իվենտց» ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից մինչ հիմա ընկերության տնօրենը Արմենուհի Հարությունյանն է: Ընկերությունը հայ-ֆրանսիական համագործակցության հիման վրա է ձևավորվել:

Ընկերությունը հարկային մարմնում հաշվառված է որպես հրաձգային գործունեություն ծավալող, մինչդեռ զբաղվում է կորպորատիվ միջոցառումների կազմակերպումով:

Ընկերությունը միջոցառում կազմակերպելու նպատակով տարածքներ է վարձակալել նաև արգելոց-թանգարաններում: Օրինակ՝ 2012թ. Գառնու հեթանոսական տաճարում, 2013թ. «Զվարթնոց» տաճարում և այլն:

«Մոդդ Իվենց»-ն, իր տարածքներն ընդլայնելով, գործունեություն է ծավալում նաև Հայաստանի սահմաններից դուրս: Գրասենյակ ունի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Այնտեղ էլ իրականացնում է հարսանիքների, մկրտությունների, համաժողովների, բիզնես այցելությունների կազմակերպում: Միջոցառումներ է իրականացրել նաև Լոնդոնում և այլն:

Արմենուհի Հարությունյանն է 2001թ. հիմնադրել նաև «Գազպա» ՍՊԸ-ն: Նա ընկերության բաժնետեր է եղել մինչև 2007թ,. որից հետո ընկերությունը փոխանցվել է երևանաբնակ Սեյրան Աբովյանին:

«Մոդ Արտ» ՍՊԸ էլ պատկանում է Կամո Արեյանի ավագ որդուն՝ Մհեր Արեյանին: «Մոդ Արտ» ՍՊԸ-ն զբաղվում է զվարճությունների և հանգստի կազմակերպմամբ: Մհեր Արեյանն ընկերության միանձնյա բաժնետերն է և տնօրենը: Նա աշխատել է «Վալեքս Գրուպ» (Vallex Group) ընկերությունում:

Մհերը «Լույս» հիմնադրամի ուսանողներից է: 16 տարեկանից սովորել է Թաիլանդի Ռեգենտների դպրոցում: Նշելով իր կենսագրական տվյալները` Մհեր Արեյանը պատմել է. «Մինչ Ռեգենտների դպրոց ընդունվելը, ես սովորել եմ Հայաստանում` փոխելով երեք տարբեր դպրոցներ, սակայն ավելի որակյալ կրթություն ստանալու ցանկությունն ինձ տարավ Թաիլանդ»:

Փոխքաղաքապետի կրտսեր որդին՝ Վահագն Արեյանը, 2016թ. դարձել է անհատ ձեռնարկատեր:

Կամո Արեյանի աշխատակազմից փորձեցինք տեղեկանալ` արդյոք փոխքաղաքապետի որդիները ծառայել են բանակում: Գործավարը մի քանի անգամ ուղղորդեց քաղաքապետարանի լրատվական բաժին: Գրավոր հարցում էինք ուղարկել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին: Ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ այն որևէ առնչություն չունի Երևանի քաղաքապետարանի գործառույթների և լիազորությունների շրջանակի հետ»:

Ենթադրվում է, որ Արեյանի որդիները չեն ծառայել բանակում, այլապես նրա աշխատակազմը կպատասխաներ այդ հարցին:

Արմենուհի Հարությունյանի ունեցվածքը

Կամո Արեյանի կինն իր հայտարարագրած ունեցվածքով ամուսնուց հարուստ է: Նա հայտարարագրում է երկու աղբյուրներից ստացած աշխատավարձ և առևտրային ընկերությունից ստացած շահաբաժին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա գերակշռում է դոլարով պահվող գումարը: Արմենուհի Հարությունյանը 2011թ.-ին 12 մլն դրամով գնել է HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT մակնիշի ավտոմեքենա:

Նշենք, որ Կամո Արեյանի երկու որդիներն էլ՝ Մհեր և Վահագն Արեյանները, երբևէ հայտարարագիր չեն ներկայացրել:  «Հանրային ծառայության մասին» օրենքով, մինչև այս տարվա հուլիսի 1-ը, հայտարարագիր էին ներկայացնում պաշտոնյայի չափահաս, չամուսնացած և համատեղ բնակվող զավակները: Էթիկայի հանձնաժողովը ստուգելու մեխանիզմներ չուներ և բավարարվում էր միայն պաշտոնյայի ներկայացրած` ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությամբ:

Մեկնաբանություններ (1)

armen
Kamo Areyan thinks and acts like he is living during the Natzi or Communist regime where local gov't members wore the party symbol on their chest instead of the city or the country symbol. Sad that he's got educated kids but the dad still clings on to his soviet corrupt past running the mayor's office with professor taron as if the city budget is their personal piggy bank while yerevan remains a village with its lawlessness of illegal development, traffic anarchy, corrupt city employees, bribed elections and so on...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter