HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«1000 դոլար թող բերի, կանեմ». կաշառքի գործով փաստաբանը դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ ցուցմունք տվեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննության ժամանակ նույն գործով ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանը հայտարարեց, որ Իշխան Բարսեղյանը 1000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց խոստացել է քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին լուծել վերջինիս բնակարանային վեճի վերաբերյալ գործը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Բարսեղյանն աշխատում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստաբան Էլզա Զաքարյանն էլ նույն գործի շրջանակներում մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Դատարանն այս գործով անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:

Այսօր ցուցմունք տված Զաքարյանը հայտնեց, որ ԱԱԾ-ում Իշխան Բարսեղյանի դեմ հաղորդում տված Նորիկ Հակոբյանին նախկինում իրավական օգնություն է ցույց տվել: Իշխան Բարսեղյանի վարույթում քննվող գործով ևս Հակոբյանը դիմել է նրան, սակայն Էլզա Զաքարյանն այդ ժամանակահատվածում հղի է եղել և փաստաբանական գործունեությամբ զբաղվելիս չի եղել:

Զաքարյան առաջարկել է, որպեսզի Նորիկ Հակոբյանը դիմի փաստաբան Կիմա Սարյանին, ում հետ ինքը՝ Զաքարյանը, մտերիմ հարաբերություններ ունի:

Էլզա Զաքարյանը պատմեց նաև, որ դատավոր Իշխան Բարսեղյանն իրեն 2000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, որը չի վերադարձրել, և ինքը որոշել է գումարի պահանջի վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ: Այս գործով Էլզա Զաքարյանը ևս դիմել է Կիմա Սարյանին:

Նույն հարցով Զաքարյանը Շենգավիթի դատարանում հանդիպել ու խոսել է Իշխան Բարսեղյանի հետ: Մինչ Բարսեղյանի հետ հանդիպելը Կիմա Սարյանն, ըստ Էլզա Զաքարյանի ցուցմունքի, իրեն ասել է, որ Նորիկ Հակոբյանի գործի հետ կապված ինչ-որ խնդիր կա, որ Նորիկն ուզում է հանդիպել Իշխան Բարսեղյանին:

«Ասացի, որ իմ հարցով ես գնալու եմ Բարսեղյանին տեսնելու, եթե կուզի, թող ինձ հետ գա»,- դատարանին պատմեց Զաքարյանն ու նշեց, որ ինքը Նորիկ Հակոբյանի հետ եկել է  Շենգավիթի դատարան, կարգադրիչներից հարցրել՝ դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ նիստ կա՞, թե՞ չէ, ասում են, որ տեղյակ չեն, ապա ինքը  տեսել է, որ Բարսեղյանի դահլիճի դուռը բացվում է, մտել է  դահլիճ, որտեղ շատ մարդիկ են եղել, ապա, երբ Բարսեղյանն ավարտել է այդ անձանց հետ իր գործերը, ինքը դատավորին իր գումարի հարցով մոտեցել է, խոսել են,  Բարսեղյանն ասել է, որ զբաղված է, որ  որոշ խնդիրներ ունի, և դրանով է պայմանավորված նաև այն, որ իր՝ Զաքարյանի հեռախոսազանգերին չի կարողացել պատասխանել:

«Ապա խոսեցինք Նորիկի գործի մասին, ասացի, որ մարդիկ չգիտեն` ինչ փուլում է գործը, չհիշեց, թե ինչ գործի մասին է  խոսքը, հետո պահանջեց գործը, բացեց, ասաց՝ վտարելու ենք»,- պատմեց Էլզա Զաքարյանը:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանի վարույթում է եղել այն բնակարանի շուրջ վիճաբանության հարցը, որում բնակվում է Նորիկ Հակոբյանը: Այս գործով առաջին ատյանի դատարանը Հակոբյանի վերաբերյալ վտարման վճիռ է կայացրել, որը Վերաքննիչ դատարանում բեկանվել ու ուղարկվել է նոր քննության: Գործով նոր դատավորը եղել է Իշխան Բարսեղյանը, և Հակոբյանի փաստաբան Կիմա Սարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որի ընթացքի վերաբերյալ տևական ժամանակ հնարավոր չի եղել դատարանից որևէ տեղեկություն ստանալ:

Երբ Էլզա Զաքարյանն ու Նորիկ Հակոբյանը վերջինիս մեքենայով  դատարանի տարածքում են եղել, զանգել ու այնտեղ են կանչել նաև Կիմա Սարյանին: Վերջինս, Էլզա Զաքարյանի խոսքով, միայն գործի հանգամանքների մասին որոշ մանրամասներ է ասել, ընթացքում պարբերաբար դուրս եկել և վստահորդների հետ հեռախոսով զրուցել:

Զաքարյանի խոսքով՝ Նորիկն իրեն խնդրել է մեկ անգամ ևս գնալ դատավորի մոտ ու հասկանալ՝ ինչ է վերջինիս ուզածը, արդոք պե՞տք է հայցում ինչ-որ բան փոխել:

«Բարսեղյանը հարցրեց` ի՞նչ ձևի մարդ ա, ասացի` խեղճ մարդ ա, հարցրեց՝  ինչի՞ հնարավորություն ունի, ասացի` ոչ մի բանի, ասաց 1000 դոլար թող բերի, կանեմ,  հակընդդեմ հայցը վարույթ կընդունեմ, հետո կբավարարեմ»,- պատմեց Էլզա Զաքարյանը՝ նշելով նաև, որ Բարսեղյանը հենց նույն օրն է պահանջել գումարը:

Այս մասին Զաքարյանն ասել է Նորիկ Հակոբյանին, և վերջինս պատասխանել է, որ չունի նման գումար, ապա նշել, թե ստիպված է դիմել իր մի ընկերոջ, ով այս հարցերում առաջարկել է իր օգնությունը:

«Հետո Նորիկն  ասաց, որ գնամ և ասեմ, որ համաձայն է: Ապա ցանկանում էր, որ ես ինչ-որ բան ևս ասեմ Բարսեղյանին,  բայց չարեցի ու ասացի, որ ինձ տուն տանի»,- պատմեց Զաքարյանն ու նշեց, որ տուն գնալուց հետո զանգահարել է Բարսեղյանին, ապա Նորիկ Հակոբյանն է իրեն զանգել ու ասել, որ գումարն արդեն կա, ինչի մասին Զաքարյանը տեղյալ է պահել Բարսեղյանին:

«Իրենք անպայման ցանկանում էին, որ ես էլ լինեմ մեջը, ես ասացի, որ չեմ կարող:

Բարսեղյանն ասաց՝  դե լավ, որ չես գալիս, թող գա «Հայրենիք» կինոթատրոնի մոտ: Դրանից հետո ես զանգեցի Նորիկին, որ տեսնեմ՝ ինչ եղավ, ասաց, որ գումարը տվել է, հարցրի՝ գործից խոսե՞լ եք, ասաց, որ խոսել են: Դրանից հետո Էլզա Զաքարյանին զանգել ու կանչել են հարցաքննության»:

Նշենք, որ ենթադրյալ կաշառքը ստանալուց անմիջապես հետո Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է:

Զաքարյանը նշեց նաև, որ այն ժամանակ, երբ ինքը Նորիկ Հակոբյանին ասել է դատավորի՝ 1000 դոլար գումար պահանջելու մասին, Կիմա Սարյանը Նորիկ Հակոբյանի մեքենայի մեջ չի եղել, այդ մասին չի իմացել:

Զաքարյանը նշեց նաև, որ ինքը Բարսեղյանին հարցրել է՝ եթե Նորիկը գումարը տա, ինքը կստանա՞ այն գումարը, որը Բարսեղյանը պարտք է իրեն, և վերջինս, ըստ Էլզա Զաքարյանի ցուցմունքի, ասել է, որ չի ստանա, որ այդ գումարն այս գումարի հետ կապ չունի:

«Ասաց՝ այս գումարից կարող եմ 100 դոլար տալ, որն իմ մեջ ծիծաղ առաջացրեց»,- ասաց Էլզա Զաքարյանը:

Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանոսյանը հարցրեց, թե արդյոք դատավոր Բարսեղյանի և իր՝ Զաքարյանի միջև որևէ պայմանավորվածություն եղե՞լ է, թե ով պիտի վերցնի գումարը, ով պիտի տա և այլն, ու Զաքարյանն ի պատասխան նշեց, որ նման որևէ պայմանավորվածություն չի եղել, ավելին, ինքը մինչև վերջ համոզված է եղել, որ Նորիկը չի վճարելու:

Երբ Զաքարյանի պաշտպաններն ավարտեցին իրենց պաշտպանյալին ուղղված հարցերը, Իշխան Բարսեղյանի պաշտպանները  հարցեր  ուղղելու համար ժամանակ խնդրեցին՝ նշելով, որ քանի որ իրենց համար անսպասելի էր, որ Զաքարյանը նման ցուցմունք  կտա և կհայտնի այնպիսի տեղեկություններ, որոնց մասին նախաքննության ընթացքում չի հայտնել, իրենք պետք է նախապատրաստվեն հարցերին: Զաքարյանը հայտարարեց, որ Իշխան Բարսեղյանի պաշտպանների հարցերին չի պատասխանելու:

Հաշվի առնելով, որ Բարսեղյանի պաշտպանները Զաքարյանին հարցեր տալու իրավունք ունեն, եթե անգամ դրանց վերաբերյալ պատասխաններ չեն հնչելու, դատավորը ժամանակ տրամադրեց՝ պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter