Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողները դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման



Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատավճիռը՝ ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանին դատապարտելով 24, իսկ Արթուր Միհրանյանին` 22 տարվա ազատազրկման: Այս մասին «Հետք»-ին ասաց Արթուր Միհրանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը` նշելով, որ դատավճռի համաձայն` ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանվել է նաև 1 միլիոն դրամի չափով տուգանք:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը սպանվել է 2016 թվականի մարտ ամսին:

Այս գործով ամբաստանյալները մեղադրվում էին նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի չափով գույքը գաղտնի հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան:

Ըստ մեղադրանքի` պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել, որից հետո Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ պլանավորելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։

Ըստ նախաքննության տվյալների՝ իր մտադրության մասին Զոհրաբյանը հայտնել է գործով մյուս ամբաստանյալ` 1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանին, ով 2016-ի հունվարից օրավարձով վարելիս է եղել Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ գործի նյութերի՝ պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Վարդանյանին Վրաստան ուղեկցելու պատրվակով: 

Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ