HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության մեջ փոփոխություններ են նախատեսվում. թեկնածուի փոխարեն միանգամից դոկտոր կդառնան

Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծ է մշակել: Օրինագիծը հրապարակվել է ԳՊԿ-ի կայքում: Մոտ երկու շաբաթ առաջ նախագիծը փակ քննարկման էր դրվել ԳԱԱ ինստիտուտներում: Նոյեմբերի 13-ին դրա վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա ԳՊԿ-ում:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքն ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին: Կոմիտեն այս նոր օրինագծի հիմնավորման մեջ նշել է, թե ինչու է անհրաժեշտ ընդունել նախագիծը: Ըստ այդմ՝ օրենքն էական փոփոխությունների կարիք ունի՝ կապված գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների հետ, ինչպես նաև միջազգային համատեքստում ՀՀ օրենքը համադրելի պետք է դարձնել օտարերկրյա պետությունների օրենքներին, անհրաժեշտ է «հստակեցնել մի շարք հասկացություններ, ներմուծել նոր հասկացություններ և ընդգրկել նոր հոդվածներ»:

Նոր նախագծից առանձնացնենք մի քանի կետ:

Գործող օրենքի 16-րդ հոդվածը, որը գիտական կադրերի պատրաստմանը, որակավորմանն ու գիտական աստիճաններին և կոչումներին է վերաբերում, փոփոխվել է: Գործող օրենքը սահմանում է, որ գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևերն են ասպիրանտուրան, օրդինատուրան, դոկտորանտուրան և հայցողների համակարգը: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:

Ներկայացվող օրինագծի 11-րդ հոդվածում նշվում է, որ գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևն ասպիրանտուրան է: Սա նշանակում է, որ նոր օրենսդրությամբ նախատեսվում է միաստիճան համակարգ, ինչպես ընդունված է շատ երկրներում. «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է գիտության դոկտորի գիտական աստիճան՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտությունների, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների»:

Ավելի պարզ՝ օրինագծի ընդունման դեպքում ասպիրանտուրան ավարտած և գիտական ատենախոսությունը պաշտպանած անձը միանգամից ստանալու է դոկտորի աստիճան: Հիշեցնենք, որ առայժմ մեր երկրում գործում է գիտական կադրերի պատրաստման երկաստիճան համակարգ՝ գիտության թեկնածուներ և դոկտորներ:

Փոփոխվել է նաև գիտական աստիճան ունեցող կենսաթոշակառուներին տրվող հավելավճարի մասին դրույթը: Գործող օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է. «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»: Ընդ որում՝ գիտնականները մատնանշում են, որ նման կարգ չկա, ինչի արդյունքն էլ այն է, որ թոշակի անցած գիտնականները ձգտում են պահպանել իրենց աշխատանքն ինստիտուտներում:  

Նոր նախագծի 13-րդ հոդվածում կարդում ենք. «Պետությունը տարիքային կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց՝ 65 տարին լրանալու և պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա լրավճար՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով»:

Այս երկար-բարակ դրույթն ավելի մատչելի լեզվով նշանակում է հետևյալը. գիտական աստիճան և առնվազն 20 տարվա գիտական ստաժ ունեցող այն անձը, որն անցել է կենսաթոշակի ու այլևս գիտական գործունեություն չի ծավալում, ամեն ամիս ստանալու է լրավճար: Վերջինս հավասար է լինելու այն ամսական հավելավճարին, որը ստանում են գիտական գործունեություն ծավալողները:

Այս պահին Հայաստանում գիտության թեկնածուներն ամսական ստանում են 25.000 դրամ հավելավճար, իսկ դոկտորները՝ 50.000 (ներառյալ հարկերը):

Փաստորեն, նոր նախագիծ մշակողներն այս վերջին դրույթով փորձում են գիտական աստիճան ունեցող կենսաթոշակառուներին համոզել, որ գիտության ոլորտից դուրս գալուց հետո շարունակելու են ստանալ աստիճանի համար տրվող գումարը, այսինքն՝ կարիք չկա ամեն կերպ ձգտել պահպանել աշխատանքը: Հարցն այն  է, որ սահմանվում է նվազագույն շեմ՝ 20 տարի, այլապես ամսական լրավճար չի տրվի:

Այսկերպ, կարծես, գիտության ոլորտը երիտասարդացնելու փորձ է արվում: Դրա ապացույց է նաև այն, որ նոր օրինագծով պետական գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն կարող են զբաղեցնել մինչեւ 70 տարեկան անձինք, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Ընդ որում՝ 70-ն անց այն անձինք, ովքեր նախագծի ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարելիս կլինեն, իրավունք կունենան պաշտոնը զբաղեցնել առավելագույնը մեկ տարի, ինչից հետո պիտի տեղը զիջեն երիտասարդներին: «Գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդրի լուծմանն է միտված գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն զբաղեցնելու իրավունքի տարիքային սահմանափակման մասին դրույթը»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Մեկնաբանություններ (1)

Վանո Եղիազարյան
Սա խայտառակություն կլինի, եթե բոլորը դառնան դոկտոր, այս մասին Առավոտ օրաթերթում եղել է իմ հիմնավորումը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter