HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խոշոր հաշվով հաղթանակ, որը դեռ քիչ բանի մասին է խոսում

Հայաստանի ազգային հավաքականը շարունակական ձախողումներից հետո 4-1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն ու, թերեւս, փոքր-ինչ լիցքաթափեց իր հանդեպ երկրպագուների լարված տրամադրությունները:

Այն, որ «Հանրապետական» մարզադաշտը կիսով չափ էլ չէր լցվել, միանշանակ հավաքականի ցուցադրած խաղի արդյունքն էր: Ճիշտ է՝ օրը աշխատանքային էր, բայց առաջին հերթին պետք է շեշտել ԱԱ-2018-ի ընտրական փուլում խոշոր հաշվով կրած պարտությունների թողած ծանր հետքը: Այդ նույն «Հանրապետականում» էին մերոնք 0-5, 1-4 ու 1-6 հաշիվներով պարտվել ռումիններին, դանիացիներին ու լեհերին: Այլ կերպ ասած՝ երկրպագելու սիրտ էլ չէր մնացել: Ու չնայած մարզական տեսանկյունից Արթուր Պետրոսյանը նպատակ ուներ փորձարկել նոր կադրերի (սա էլ հարաբերական է), պարզ է, որ ազգային թիմը մարզասերների վստահությունը վերականգնելու, կրկին նրանց մարզադաշտ բերելու խնդիր ուներ: Թե արդյոք այս հարցում հավաքականը հաջողեց, պարզ կդառնա ամսի 13-ին, երբ կկայանա Հայաստան-Կիպրոս մրցավեճը:

4-1 հաշիվը, ինչպես հայտարարել է Բելառուսի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն, չի համապատասխանում խաղադաշտում տեղի ունեցածին: Դժվար է նրա հետ չհամաձայնել, քանի որ բելառուսներն ավելի սուր ու իրական պահեր ունեցան մեր դարպասի մոտ հատկապես առաջին կեսում, բայց ինչ-որ բան ամեն անգամ չէր հերիքում:

Մեր հավաքականի կազմին ու դասավորվածությանը քաջատեղյակ երկրպագուները երեւի անակնկալի եկան, երբ տեսան, որ պաշտպանության ձախ եզրում խաղում է նախկինում գրոհի թեւում հանդես եկած Գեղամ Ղադիմյանը: Հետխաղյա ասուլիսում Պետրոսյանը նշեց, որ պատանի հասակում Ղադիմյանն այդ դիրքում խաղացել է, եւ նպատակը լրացուցիչ մրցակցություն ստեղծելն էր, քանի որ Լեւոն Հայրապետյանը վնասվածքից նոր է ապաքինվել, իսկ Գագիկ Դաղբաշյանն «Ալաշկերտում» ոչ միշտ է հանդես գալիս որպես ձախ պաշտպան: Ղադիմյանի հարեւանությամբ հանդես եկող Անդոնյանի, Միքայելյանի ու Համբարձումյանի մասով նորություն չկար: Ուղղակի մարզչական շտաբը որոշել էր Հարոյանի փոխարեն խաղաժամանակ տալ Միքայելյանին, ով ղազախների հետ վերջին պաշտոնական խաղում նույնպես թիմի մեկնարկային կազմում էր:

Ունենալով կիսապաշտպանական գոտում հանդես գալու փորձ՝ Ղադիմյանը պարբերաբար իր թեւով միանում էր հարձակմանը, բայց հիմնականում հենց նրա եզրով էին բելառուսներն առաջին կեսում գրոհներ կազմակերպում: Ու դրանք բավականին վտանգավոր էին, չնայած ամեն անգամ կամ բանը վերջին հարվածին չէր հասնում, կամ էլ այն շեղ էր ստացվում: Քանի որ Ղադիմյանը երբեմն չէր հասցնում նահանջել՝ փակելու թիկունքում առաջացած բացը, նրան փոխօգնության էին շտապում թիմակիցները, մասնավորապես՝ Անդոնյանը, Հովսեփյանը կամ Մալաքյանը, բայց, ամեն դեպքում, մեր պաշտպանության ձախ թեւը խնդրահարույց էր առաջին կեսում:

Մինչեւ 40-րդ րոպեն ուրախանալու ոչ մի առիթ չկար, քանի որ մրցակցի հարվածներից մեկից հետո գնդակը, շոշափելով ուղղահայաց դարպասաձողը, դուրս եկավ դաշտի սահմաններից, մյուս դեպքում էլ այն դիպավ հորիզոնական դարպասաձողին: Արսեն Բեգլարյանը մի դրվագում անվստահ ընդառաջ դուրս եկավ գնդակին, չնայած հարեւանությամբ միայն թիմակիցներն էին: Այդուհանդերձ, դարպասապահը լուրջ սխալներ թույլ չտվեց, բայց ահա կենտրոնական պաշտպանները՝ Անդոնյանն ու Միքայելյանը, պարբերաբար հայ երկրպագուների լարվելու պատճառ էին դառնում: Բնականաբար, Վարազդատ Հարոյանի բացակայությունը զգացվում է, նրա մարզական չարությունն ու դիրք ընտրելու, գլխով խաղալու վարպետությունը հավաքականում մեկ-երկու հոգի ունեն, մյուս կողմից՝ Անդոնյանն ու Միքայելյանը իրար հետ խաղալու փորձ չունեն. ղազախների հետ արտագնա խաղում Գաելը հենց Միքայելյանին փոխարինեց: Փաստն այն է, որ պաշտպանության գլուխկոտրուկը լուծել չի հաջողվել, եւ Պետրոսյանի շտաբը շարունակում է տարբերակներ փնտրել, այդ թվում՝ Ղադիմյանին թիկունքում փորձարկելով:

Առաջին կեսում նկատելի էր նաեւ մրցակցի մեծ առավելությունը երկրորդ հարկում: Գլխով խաղը նույնպես մեր թիմի թույլ կողմերից է: Այն անհրաժեշտ է, մասնավորապես, հենակետայիններին մրցակցի գրոհը «քանդելու» կամ սեփականը ձեռնարկելու ընթացքում: Սակայն այս հանդիպմանը մեր թիմի կենտրոնում հանդես էին գալիս Մխիթարյանն ու Ռումյան Հովսեփյանը, որոնցից երկրորդը եթե բարձրահասակ է ու ցատկունակ, ապա Հենրիխի հաղթաթուղթը երբեք էլ գլխով խաղը չի եղել: Մխիթարյանը, լինելով թիմի ավագն ու առաջատարը, առաջադրանք ունի կազմակերպել թիմի գրոհը խորքից՝ կամ փոխանցումներով գնդակը խաղարկելու, կամ էլ ընկերներին նուրբ փոխանցումով առաջ նետելու միջոցով: Բնականաբար, շռայլություն կլիներ, եթե հավաքականը չօգտագործեր նրա հարձակողական որակները, բայց Մխիթարյանը սրանից բացի նաեւ թիմի պաշտպանության կազմակերպիչներից է, այլ կերպ ասած՝ նա ամենուր է: Թիկունքում անլուծելի թվացող խնդիրները մեղմելու համար է, թերեւս, մարզչական շտաբը ավագին խաղացնում պաշտպանությանն ավելի մոտ, բայց չի սահմանափակում նրա գործողությունների շրջանակը (բացի, իհարկե, դարպասում կանգնեցնելուց):

Առաջին կեսի վերջնամասում Մարկոսի վաստակած 11-մ հարվածը գուցե բելառուսներն անարդարացի համարեն, բայց հետեւից հպում կար, եւ վրացի մրցավարը չանտեսեց դրվագը: Դժվար է հիշել դեպք, երբ Հենրիխը երկու անգամ վրիպել է 11-մ իրացնելիս: Թե առաջին հարվածի դեպքում, թե դարպասապահ Գուտորի՝ գնդակը հետ մղելուց հետո մեր ավագը չկարողացավ նպատակին հասնել, բայց փոխօգնության հասած Արասը գլխով երրորդ հարվածից հետո, ի վերջո, գնդակը «հրեց» ցանցի մեջ (լուսանկարում): Ընդ որում՝ այդ դրվագում էլ ամեն ինչ մաքուր էր, եւ խաղից դուրս վիճակ չկար: 41-րդ րոպեին ընդունած գոլից հետո բելառուսները մի փոքր ընկճվեցին, իսկ ահա հայ ֆուտբոլիստները 4 րոպե անց շատ գրագետ ու գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին: Մխիթարյան-Մալաքյան-Բարսեղյան-Մխիթարյան խաղարկումից հետո Հենրիխը մեն-մենակ հայտնվեց Գուտորի դիմաց ու գնդակը նրա ոտքերի արանքով անցկացրեց դարպասը՝ 2-0: Աչք շոյող կոմբինացիա, որի շնորհիվ Հենրիխը թարմացրեց հավաքականում խփած գոլերի իր ռեկորդը (24 գոլ):

Խաղի ընթացքում եղան մի քանի դրվագներ, երբ Պետրոսյանի սաները մեկ հպումով փոխանցումների շնորհիվ արագ անցումներ կազմակերպեցին, բայց ընդհանուր առմամբ դրանք շատ քիչ էին: Ժամանակին այդ ոճով սլացիկ հակագրոհներ ձեռնարկելու արդյունքում մեր թիմը մեկ անգամ չէ, որ հաջողության է հասել, սակայն դրա համար նախ արագություն ու խաղակցվածություն է պետք: Օրինակ՝ Էդգար Մալաքյանը, որն անընդհատ շարժման ու պայքարի մեջ էր, նվազագույնը երկու դրվագում ինքը կարող էր հարվածել դարպասին, բայց նախընտրեց փոխանցում կատարել, ինչն ավելորդ էր: Բացի դրանից՝ հայ ֆուտբոլիստները, երբեմն չգտնելով գրոհի լավ շարունակություն, գնդակը փոխանցում էին հետ, ինչից հարձակման տեմպն ընկնում էր:

Առջեւի գծում մեր թիմին շարունակում է պակասել սրությունն ու արագությունը: Դրա համար առաջին հերթին կատարողներ են պետք, սակայն որքան էլ Հենրիխն ու Մարկոսը հարուստ տեխնիկա ունենան, երկուսով չեն կարող խաղալ բոլորի փոխարեն: Չնայած Արասն աչքի ընկավ հավաքականում 6-րդ անգամ, նրա խաղային պրակտիկայի խիստ պակասը Թուրքիայում անհետեւանք չի մնում: Ընդհանրապես, առաջին կեսում նա գրեթե աննկատ էր, ու պատահական չէ, որ երկրորդ կեսում այլեւս դաշտ դուրս չեկավ: Ինչ վերաբերում է հարձակման գծում հանդես եկող Տիգրան Բարսեղյանին, ապա նա ունի արագություն ու դրանով խնդիրներ է առաջադրում դիմացինին, բայց կենտրոնական հարձակվողին անհրաժեշտ գլխով խաղը, խաբսերը, ճկունությունն ու մրցակցի թիկունքում ճեղքեր գտնելու, մանեւրելու հատկությունն առայժմ չեն բավականացնում գոլեր խփելու համար:                

Ուրախալի էր, որ 55-րդ րոպեին հավաքականում իր երկրորդ գոլը խփեց Ռումյան Հովսեփյանը, ով երկար ժամանակ չէր հրավիրվում ազգային թիմ: Վերջինս ընտրանուն պիտանի խաղացող է ու Արտակ Գրիգորյանի հետ լավ զույգ կարող է կազմել հենակետային գոտում՝ հնարավորություն տալով Մխիթարյանին կենտրոնանալ հարձակողական գործողությունների վրա: Հետաքրքիր է, որ 2014-ին ԱՄԷ-ի դարպասը նույնպես Ռումյանը գրավել էր անկյունայինի խաղարկումից հետո:  

58-րդ րոպեին բելառուսների օգտին նշանակված 11-մ հարվածը կարող էր եւ չլինել: Գնդակը մեր տուգանային հրապարակում պատահաբար դիպավ խոտածածկին հայտնված Արտյոմ Սիմոնյանի ձեռքին: Այդուհանդերձ, վրացի մրցավարը գտավ, որ դրանով խաթարվել է հարձակվող թիմի գրոհը ու պատժեց մեր ընտրանուն: Անտոն Սարոկան չվրիպեց՝ 3-1:

Խաղի ամենալուսավոր դրվագներից մեկը հավաքականում իր նորամուտը նշող 19-ամյա Էրիկ Վարդանյանի գոլն էր 84-րդ րոպեին: Գրոհի ձախ թեւում բելառուսների տուգանայինի մատույցներից նրա հարվածն անկասելի էր՝ 4-1: Գոլը պատահականների շարքից չէր, քանի որ Վարդանյանը հարվածեց մտածված ու նպատակային, ինչը կարեւոր հանգամանք է:

Էրիկից բացի՝ հավաքականում իր նորամուտը նշեց նաեւ 28-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը: Ընդ որում՝ Իշխանյանի եւ Դաղբաշյանի մուտքով վերջին 20-22 րոպեներին Պետրոսյանն անցավ 5 պաշտպանով խաղի, ինչը եւս փորձարարական նպատակ էր հետապնդում: Երկու նորեկների մասին գլխավոր մարզիչը նշեց, որ այս պահին արդարացրել են իրենց, բայց մեկ խաղը դեռ որոշիչ չէ:

Բելառուսի հավաքականն էլ մեր թիմի պես լավ ժամանակներ չի ապրում, այնպես որ նրա հանդեպ հաղթանակը դեռ շատ քիչ բան է ասում: Ավելին՝ Հայաստանի ընտրանում դրական փոփոխությունների մասին համոզված կարող ենք խոսել մի քանի խաղից հետո, եթե լինի թեկուզ ոչ սրընթաց (սա անիրատեսական է), բայց կայուն առաջընթաց: Իսկ իրական առաջընթացը՝ ազգային թիմի որակական աճը, հնարավոր կլինի տեսնել մեզնից կարգով բարձր թիմերի հետ դիմակայություններում: Չնայած առաջիկա մրցակից Կիպրոսը առնվազն թղթի վրա գերազանցում է մեր հավաքականին, լավ կլինի ուժերը փորձարկել շատ ավելի ամուր թիմերի հետ: Այս առումով Արթուր Պետրոսյանն ասել է. «Մեր նպատակը հաջորդ տարի Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը մարտին, երկուսը` հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ՝ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք»:     

Հ.Գ. Այս հաղթանակից հետո Հայաստանի բացասական վիճակագրությունը Բելառուսի դեմ խաղերում փոքր-ինչ մեղմվեց: 7 մրցավեճում (2 պաշտոնական, 5 ընկերական խաղ) մեր ընտրանին տարել է 2 հաղթանակ, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել, 3 պարտություն կրել, խփած եւ բաց թողած գնդակները՝ 9-9: 

Լուսանկարը՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter