HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հինգ քարանձավ արդեն վարձակալ ունի

Այս տարվա մարտի 23-ին Մշակույթի նախարարությունը հայտարարել էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ։ Վարձակալության են ներկայացվել  «Մագելանի», «Արենի 1» («Թռչունների»), «Արջի», «Մոզրովի» և «Քարե դռներ» քարանձավները։ 

Հոկտեմբերի 20-ին ամփոփվել են քարանձավների վարձակալության մրցույթները: Վարձակալվել են մրցույթի ներկայացված բոլոր քարանձավները։ Ամենայն հավանականությամբ, դրանց շահագործումը կսկսվի հաջորդ տարվանից՝  կախված վարձակալների` աշխատանքներն իրականացնելու արագությունից: 

Հնագետների մի խումբ դեմ էր այս քարանձավների վարձակալությանը: Նրանք պնդում էին, որ դրանք պատմամշակութային արժեքներ են, և մարդկային գործոնը կարող է բացասաբար ազդել դրանց վրա: Մինչդեռ պետությունը որպես քարանձավները վարձակալության տալու հիմնական նպատակ նշում է դրանց պահպանությունը եւ զբոսաշրջային նպատակով օգտագործելը` ընդգծելով, որ այդ վարձակալությունից կօգտվի և՛ վարձակալը, և՛այն համայնքը, որտեղ գտնվում է քարաձավը և՛ պետությունը՝ դրա պահպանության համար հավելյալ գումար չծախսելով։ 

Հինգ քարանձավներից երկուսը վարձակալությամբ հանձնվել են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին։ Վերջինս այդ քարանձավների համար առաջարկել է տարեկան վարձակալության առավելագույն գինն ու մեծ չափի ներդրումներ: 

«Մագելանի» քարանձավ 

Վայոց ձորի Ուրփի ձորում գտնվող այս քարանձավի վարձակալությունը հանձնվել է «Ինկար» ՍՊԸ-ին: Ընկերությունը քարանձավի վարձակալության համար տարեկան վճարելու է 200 000 դրամ և խոստացել է կատարել 14 մլն դրամի ներդրում: Այս քարանձավի վարձակալության մրցույթին «Ինկար»-ը դիմել էր նաև 2015 թվականին, սակայն մրցույթը հայտարարելուց որոշ ժամանակ անց հանձնաժողովի անդամներից բնապահպանության նախարարությունը ներկայացված նախագծին դրական եզրակացություն չէր տվել` հայտնելով, որ ընկերությանը բնապահպանական փորձաքննության փաստաթուղթը տրվել է 2011 թվականին՝ մեկ տարի ժամկետով: 

«Մագելանի» քարանձավը Հայաստանի ամենամեծ քարանձավն է՝ 1,7 կմ երկարությամբ։ Ունի վաղագույն ժամանակներից ձևավորված էկոմիջավայր, հարուստ կենսաբազմազանություն, հնէաբանական և հնագիտական կարևորագույն գտածոներ պարունակող շերտեր։ Եզակի բնակության վայր է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում  և Բնության պահպանության միջազգային միության ( IUCN)  կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար։ 

«Արջի» քարանձավ 

Վայոց ձորի Գնիշիկ համայնքում գտնվող «Արջի» քարանձավը վարձակալությամբ տրվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: Հիմնադրամն այս քարանձավի համար տարեկան վճարելու է 200 հազար դրամ և կատարելու է 41 750 000 դրամի ներդրում: 

«Արջի» քարանձավը Հայաստանի մեծ քարանձավներից է, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքթերի (Rhinolophus euryale) հիմնական բնակատեղին։ 

«Քարե դռներ» 

Արագածոտնի մարզի «Քարե դռներ» քարանձավը վարձակալության է հանձնվել «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» արտադրական կոոպերատիվ (ԱԿ) կոնսորցիումին: Կոնսորցիումը տարեկան վճարելու է 150 000 դրամ վարձավճար և կատարելու է 11 330 000 դրամի ներդրում: «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսին, դրա հիմնադիրները Արեն և Աշխեն Շահինյաններն են՝ քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանի զավակները: 

«Քարե դռներ»-ը վաղ միջնադարյան և ուշ միջնադարյան հուշարձաններ են։ 16-18-րդ դարերում քարանձավներում փորվածքներ են արվել՝ որպես թաքստոց և սննդամթերքի գաղտնարան-պահեստարան։ 

«Արենի 1» (Թռչունների) քարանձավ 

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, Արփա գետի ափին գտնվող այս քարանձավի ներդրումների ծավալը ամենամեծն է՝ 96 մլն դրամ: Ներդրումները կատարելու է «Արենի-1 քարայր» կոնսորցիումը: Այն քարանձավի վարձակալության համար տարեկան վճարելու է 250 000 դրամ: Ինչպես տեղեկացրին Մշակույթի նախարարությունից, «Արենի-1 քարայր» կոնսորցիումի կազմում ընդգրկված են ամերիկյան «The foeller renaissance foundation»-ը և «Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական» հիմնադրամը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից, քարանձավը բարեկարգվել է ԱՄՆ կառավարության դրամաշնորհով և սեպտեբերի 19-ին  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա են գտնվել քարանձավի բացմանը։

«Արենի 1»-ը մի քանի խոռոչների համալիր է։ Քարայրի առաջին դահլիճում Ք.Ա. 4-րդ հազարամյակի սկզբով հասակագրվող գինու արտադրության համալիրն է, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկը։ 

«Մոզրով»

Վայոց ձորի մարզի Մոզրով տեղանքում է «Մոզրով»-ի քարանձավը: Դրա վարձակալության համար դիմել էին «Տիեզերք» ՍՊԸ-ն և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը: Այս քարանձավը ևս վարձակալությամբ հանձնվել է հիմնադրամին, քանի որ վերջինս առավել բարձր ներդրումների չափ և տարեկան վարձակալության գումար է ներկայացրել: Հիմնադրամը խոստացել է «Մոզրով»-ում կատարել 38 մլն դրամի ներդրում և տարեկան վճարել 200 000 դրամ վարձավճար: 

«Մոզրով»-ը հարուստ կարստային հարդարանք ունի։ Ժամանակ առ ժամանակ այստեղ տեղակայվում են մեծ պայտաքթերը (Rhinolophus ferrumequinum) և բեղավոր գիշերաչղջիկները ( Myotis mystacinus)։ 

Ինչպես քարանձավները ներկայացվեցին վարձակալության

Քարանձավները  զբոսաշրջության նպատակով օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրությունները սկսվեցին 2015 թվականի հունիսի 3-ին՝ վարչապետի որոշմամբ։ Ստեղծվեց աշխատանքային խումբ, հաստատվեց դրա անհատական կազմը։ Արդեն դեկտեմբերին քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը կառավարության հաստատմանը ներկայացվեց:

Այդ ժամանակ վարձակալության ներկայացվեց Վայոց ձորի մարզում գտնվող «Մագելանի» քարանձավը:

2016 թվականի մարտի 15-ին նախարարությունը հրապարակեց «Մագելանի» քարանձավը վարձակալության տրամադրելու վերաբերյալ մրցույթի հրավերը: Սակայն մրցույթը, մրցութային հանձնաժողովի 2016-ի մայիսի 16-ի որոշմամբ, համարվեց չկայացած: Նախարարության հաղորդմամբ՝ սահմանված ժամկետում հայտեր չէին ներկայացվել:

Միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց այս քարանձավի վարձակալության նոր մրցույթում ընդգրկել նաև «Արջերի», «Մոզրով», «Արենի -1», «Մագելանի» և «Քարի դռներ» քարանձավները։

Քարանձավները վարձակալությամբ տրամադրելու միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծվեց, մշակվեցին քարանձավների պատշաճ պահպանման պահանջներն ու պայմանները:

Քարանձավների վարձակալության նվազագույն պահանջները

Միջգերատեսչական հանձնաժողովը սահմանել էր քարանձավների վարձակալության նվազագույն պահանջներ։

Ներդրումային ծրագրի նվազագույն պահաջներն էին՝ քարանձավի բնակլիմայական պայմանների, էկոհամակարգի, կենդանական և բուսական աշխարհի առկայության մասին ուսումնասիրությունը։ Ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և ձեռնարկվող հնարավոր միջոցառումների (հետախուզում, պեղում և այլն) վերաբերյալ ուսումնասիրության առկայությունը։ 

Վարձակալողը պետք է ներկայացներ ուսումնասիրություն այն մասին, թե մարդաբանական ինչ միջամտություններ են լինելու քարանձավում, և այցելուների թիվն ինչպես է սահմանափակվելու։ 

Վարձակալը նաև պետք է տրամադրեր համայնքային ներգրավվածության վերաբերյալ փաստաթուղթ կամ տեղեկացներ, թե ստացված հասույթից ինչ ներդրումներ է պատրաստվում իրականացնել հարակից համայնքներում։

Պարտադիր պայման էր նաև տեղական և միջազգային ներդրողների հնարավոր ներգրավման ապահովման ծրագիրը, ֆինանսական ներդրումների ժամանակացույցը, տեղեկատվությունը՝ բացվող աշխատատեղերի քանակի և աշխատողների միջին աշխատավարձի վերաբերյալ, և թե վարձակալը ինչ է պատրաստվում իրականացնել  վարձակալության առաջին 5 և հաջորդող 20 տարիների համար։

Լուսանկարները՝ vahemart.livejournal.com-ի, navasardtours.com-ի, armgeo.am-ի, newsarmenia.am-ի, onewaytour.com-ի

 

Մեկնաբանություններ (1)

Արսեն
200.000 դրամը ծիծաղելի գումար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter