HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգուն պարելու հնարավորություն տալով՝ Օձունից Ամստերդամի օպերայի և բալետի ազգային թատրոն

Նաիրայի հետ զրույցը անգլերենով ենք սկսում: Հետո պարզվում է՝ ռուսերենն է ավելի հարմար: Հայերենից խուսափում է, ասում է՝ կդժվարանա ճիշտ ձևակերպել մտքերը: Հայերենն էլ՝ Լոռվա բարբառն է: Զրույցը շարունակում ենք ռուսերենով:

Լոռու մարզի Օձուն գյուղում ծնված հայրն ամուսնացել է Քիշնևում ապրող ազգությամբ ռուս մոր հետ, և այդպես հիմք է դրվել բազմամշակույթ մի ընտանիքի, ուր, հայկականից ու ռուսական մշակույթներից բացի, ներթափանցել են նաև մոլդովական, գերմանական, այժմ էլ՝ հոլանդական մշակութային տարրեր: Քիշնև-Մյունխեն-Ամստերդամ. այս երեք քաղաքներում է ձևավորվել և զարգացել Նաիրայի պարային կարիերան՝ նրան հասցնելով Ամստերդամի օպերայի և բալետի ազգային թատրոն:

Նաիրան ծնվել և մեկ տարի ապրել է Հայաստանում:  Այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Քիշնև:

Նաիրան սովորել է ռուսական դպրոցում: Երբ 8 տարեկան էր, Քիշնևում ապրող և իրենց հետ մտերիմ հայ ընտանիքներից մեկը խորհուրդ է տվել Նաիրային իրենց դստեր հետ պարարվեստի քոլեջ տանել: Եվ այդպես, երկու ընկերուհիներն ընդունվել են Քիշնևի պարարվեստի քոլեջ: Մեկ տարի անց՝ Նաիրայի ընկերուհին թողել է քոլեջը, իսկ Նաիրան մնացել է և շարունակել պարելը:

«Մանյա մորաքույրը մինչ օրս ինձ հիշեցնում է այդ մասին, և ես նրան անվանում եմ իմ «բալետային մայր», որովհետև ես ընդունվեցի միայն իր նախաձեռնության շնորհիվ: Նա իմ մայրիկին հուշեց դա»,- հիշում է Նաիրան:

Նաիրայի սոցիալական ցանցերում առկա նկարները, նույնիսկ առօրյա, ծովային հանգստի կամ ընտանեկան, պարային շարժումներով են «զարդարված»:

«Երբ սկսում ես բալետով զբաղվել վաղ տարիքից, դա այնքան է քեզ ներքաշում, այնքան կարգուկանոնով ու պրոֆեսիոնալ ես զբաղվում, այլ բան չես տեսնում, դրանով շնչում ես»,- ասում է Նաիրան:

Քիշնևի քոլեջից էլ սկսվել է Նաիրայի միջազգային ելույթների և մրցույթների շրջանը՝ Օդեսայում՝ 1-ին տեղ, Վիեննայում՝ 3-րդ, և Նյու Յորքում՝ Youth America Gran Pri- 2004-ը: Եվ երբ 16-ամյա Նաիրան Ամստերդամի օդանավակայանից Նյու Յորք էր մեկնում ՝ ստանալու իր Gran Pri-ն, չէր էլ երազում, որ երբևէ Ամստերդամի ազգային բալետի բեմը կդառնա իր պարահրապարակը: Արդեն 9 տարի է՝  նրա անիրական թվացող երազանքն առօրյա է դարձել:

Նաիրային հրավիրում են սովորելու տարբեր երկրներ, սակայն դեռ 15 տարին չլրացած աղջկան ծնողները թույլ չեն տալիս միայնակ մեկնել արտերկիր: Փոխարենը 6 տարի Քիշնևի պարարվեստի քոլեջում սովորելուց հետո, Աղվանյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 

Իմանալով, որ Մյունխենում կա բալետի լավ դպրոց՝ Աղվանյանները տեղավորվել են Մյունխենից ոչ հեռու: Նաիրան ընդունվել է Մյունխենի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (Hochschule für Musik und Theater München)՝ չնայած դեռևս 16 տարեկան էր` համալսարանի ավագների դասարան ընդունվելու սահմանված 18-ի փոխարեն:

Մյունխենի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանն ավարտելուց և մեկ տարի փնտրտուքներից հետո Նաիրան մի քանի առաջարկներ է ստացել, սակայն ընտրել է Հոլանդիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը: 2008 թվականի օգոստոսից տեղափոխվել է Ամստերդամ:  

«Ես հենց այնպես չստացա այս աշխատանքը, շատ երկար աշխատել եմ դրա համար,- ասում է Նաիրան,- երբ ես եկա Ամստերդամ, հասկացա, որ այնքան եմ իմ կյանքը նվիրել պարերին, որ այլևս ոչինչ չեմ կարող անել: Իմ ուղեղն այնքան է դրանով շնչում, որ ես հասկացա, որ եթե չգտնեի աշխատանք բալետային թատերախմբում, այլ բան անելու ընդունակ չէի»:

Ամստերդամի օպերայի և բալետի ազգային թատրոնի թատերախումբը

Նաիրան պատմում է, որ պարուհիների համար պայմաններն ավելի լավ են Ամստերդամում, քան Գերմանիայում: Գերմանիայում այս ոլորտում քիչ թե շատ նորմալ աշխատանք գտնելն ավելի դժվար է, քանի որ այնտեղ մշտական ու երկարատև պայմանագրեր չեն կնքում պարուհիների հետ, այլ ամեն տարի թարմացնում են պայմանագրերը: Վերջերս էլ, տնօրենի փոփոխությամբ պայմանավորված, Նաիրայի ընկերներից շատերը կորցրել են իրենց աշխատանքը Մյունխենի թատրոնում: Մինչդեռ Ամստերդամում մշտական պայմանագիր են կնքել Նաիրայի հետ: Ավելին, Ամստերդամում հնարավորություններ են ստեղծում պարուհիների համար իրենց կարիերան կառուցելու, իսկ ավարտից հետո՝ սովորելու և ինչ-որ նոր բանով զբաղվելու, ֆինանսապես կայուն լինելու համար:

Հոլանդական պայմանագիրը թույլ է տալիս պարուհուն մինչ 38 տարեկան մնալ բեմում, սակայն Նաիրան ասում է, որ արդեն իսկ երկու վնասվածք ունի՝ ոտնաթաթի և ծնկի, որոնք անհանգստացնում են իրեն, իսկ ցավերի հաշվին բեմում մնալը չի խրախուսվում:

«Եվրոպայում գնահատում և խնամում են մեզ: Մեր նկատմամբ ամբողջությամբ հոգ են տանում և վերականգնման համար պայմաններ ստեղծում: Այստեղ արվեստին այլ կերպ են վերաբերում: Իհարկե, ֆինանսներն ու հնարավորությունները տարբեր են, բայց եթե ես մնայի Քիշնևում, վստահ չեմ, որ կպարեի, որովհետև այնտեղ այլ պայմաններ են, որքանով տեղյակ եմ՝ Երևանում նույնպես»,-անկեղծանում է Նաիրան:

Նաիրան բալետից հետո նոր բան սովորելու մտադրություն ունի: Օրինակ՝  սննդակարգին հետևելու և ֆիզիկական վարժությունները, պարային շարժումները դրա հետ համադրելու, կազմվածքն առողջ պահելու խմբակ ստեղծելու: Առայժմ սովորելու համար ժամանակ չունի: Օրակարգը ծանրաբեռնված է՝ առավոտից կեսօրը զբաղեցնում են պարապմունքները, որպեսզի երեկոյան ներկայացումը ցուցադրեն: 

«Դոն Քիշոտը» Նաիրայի սիրելի բալետային ստեղծագործություններից է: Փետրվարին են բեմադրում այն: Մենակատարային երկու դերերից մեկը՝ ընկերուհիներից  Խոանիտայի «պարտիան» կատարում է Նաիրան: Անհամբեր սպասում է փետրվարին, որ նորից մտնի իր սիրելի կերպարի մեջ:

Դեկտեմբերին պատրաստվում են բեմականացնել «Քնած դշխուհին»: Փերիներից մեկը Նաիրան է լինելու, երկնագույն թռչնակը նույնպես: Առհասարակ, 3,5 ժամանոց բալետում մի քանի դեր են սովորում պարուհիները, որպեսզի նաև հնարավորություն ունենան տարբեր դերերում հանդես գալ: Ամեն ինչ նաև կախված է նրանից, թե ինչպիսի աստիճան ունի պարուհին: Երկու տարին մեկ պարուհիների աստիճանը կարող է բարձրացվել, եթե թույլ են տալիս հնարավորությունները: Ավարտելուց հետո երկու տարի պարուհիների հետդպրոցյան էտապն է, հաջորդում են կորդեբալետը, կորիֆեյը,  սյուժետային պարերը, որը Նաիրայի աստիճանն է այժմ, և վերջում մենակատարը: Կհասնի Նաիրան մենակատարի աստիճանին, թե՝ ոչ, դեռ չգիտի: Ասում է՝ իր համար ավելի կարևոր գործոններ կան. «Ինձ համար կարևորն ինձ իրացնելն էր և հոգուս պարելու հնարավորություն տալը»:

«Ժիզել»-ի ներկայացման ավարտից հետո՝ Ամստերդամի քաղաքապետի հյուրընկալությամբ

Նաիրան պատմում է, որ հայ տղաները լավագույն մենակատարներից և գլխավոր պարողներից են Եվրոպայում: Հայ պարող տղաների առհասարակ շատ է հանդիպել Եվրոպայում:

«Մյունխենի մեր կուրսում Հայաստանից եկած տղաներ կային, այստեղ էլ են եղել: Նրանք այն տղաներն են, ովքեր բալետով են զբաղվել և բանակից խուսափելու համար դուրս են եկել երկրից: Ամեն ինչ ներդրել են դրա մեջ, և հետո եթե բանակ են զորակոչում, նրանց կարիերան ավարտվում է: Նրանք ընտրություն են արել, և շարունակելու համար` պատսպարվել Եվրոպայում»,- ասում է Նաիրան: Ցյուրիխում մի ժամանակ 5 հայ տղաներ էին պարում, հինգն էլ մենակատար ու գլխավոր պարողներ էին: Հիմա նրանցից ոմանք տեղափոխվել են, քանի որ տնօրենը փոխվել է: Բեռլինում էլ էր այդպես: Հայ տղաները շատ են»:

Նաիրան վերջին անգամ 3 տարի առաջ է այցելել Հայաստան: Տպավորված է: Նրան դուր են գալիս հայկական խորամանկությունը, տաքարյունությունը, իրար մեջքի լինելու հատկանիշները: Սակայն, քանի որ գիտակցական տարիներին Հայաստանում չի մեծացել, դժվարանում է գնահատական տալ՝ ցուցե հայկական իրականությունը չի ըմբռնել այնպիսին, ինչպիսին իսկապես կա:

«Ես կարող եմ դատել իմ տեսածով, իմ հոր կեցվածքով: Նա կապի մեջ է իր գրեթե բոլոր բարեկամների հետ, մշտապես խոսում է նրանց հետ, միշտ ակնածանքով է վերաբերում նրանց, գնահատում է ընտանիքն ու հարազատներին: Եվրոպայում նման բան չկա: Եվրոպայում նույնիսկ երեխաների նկատմամբ նման վերաբերմունք հաճախ չես տեսնի»,- ասում է նա:

Ծնողները վաղ տարիքում են ամուսնացել: Հստակ դոմինանտ հանդիսացող մշակույթ ընտանիքում, որպես այդպիսին, չի եղել: Խոսել են ռուսերեն, ավելի քիչ՝ հայերեն, և ամենաշատը՝ մոլդովերեն:

«Մայրս մեզ ռուսական ավանդույթներով էր մեծացնում, հայրս՝ հայկական, ես էլ մեծացել եմ Մոլդովայում: Մոլդովայում էլ ամեն ինչ այնքան միախառնված է, որ մեր ընտանիքը մի «ուրույն» ազգություն է դարձել: Բայց մայրս շատ է ադապտացվել և ինտեգրվել հայկական մշակույթին: Դժվարանում եմ ասել՝ ես ով եմ: Տարբեր մշակույթներ կան իմ մեջ: Երբ ես հորս հետ եմ, ես հայ եմ, երբ մորս հետ եմ, ռուս եմ»,- կատակում է Նաիրան:

Նաիրան միայն ցավում է, որ չի կարող իր հայկական ազգանունն իր երեխաներին փոխանցել: Միակ հույսը՝ եղբայրն է, որը կլինի իրենց ընտանիքի շարունակողը: Աղվանյանների ընտանիքը շարունակում է ապրել Մյունխենում: Նաիրայի եղբայրը շուտով կավարտի համալսարանը, բժշկական սարքավորումների միկրոինժեներություն է սովորում:

«Իմ ծնողները շատ լուրջ քայլ են արել իրենց երեխաների համար՝ տեղափոխվելով Մյունխեն: Ես էլ գուցե նման մի քայլ եմ արել՝ տեղափոխվելով Ամստերդամ: Դա այնքան էլ ինձ դուր չի գալիս, բայց երեխաների ապագայի համար լուրջ քայլ է»,- ասում է պարուհին:

Նաիրան առայժմ չի ծրագրում հեռանալ Ամստերդամից, սակայն ամենաճնշողն այնտեղ մշտական ամպամած եղանակն է, որը գուցե մի օր ստիպի Նաիրային տեղափոխվել արևային մի երկիր: 

Լուսանկարները՝ Նաիրա Աղվանյանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter