HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Պայքարելու եմ, մինչև հասնեմ օրինականության» (տեսանյութ)

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը 5 ամիս է՝ ազատված է աշխատանքից այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողն ու միակ աշխատունակ մարդն է:

Նրա խնամքին են առաջին կարգի հաշմանդամ քույրն ու մանկուց հաշմանդամ 10 տարեկան որդին: Այժմ նրանք հաշմանդամության և անապահովության կենսաթոշակ-նպաստով են գոյատևում: Այդ գումարով նախկին դասախոսը և հացի խնդիր է լուծում, և դեղ է գնում հիվանդ հարազատների համար:

«Քույրս անընդհատ իմ օգնության կարիքն ունի, անգամ մի կտոր հաց չի կարող ինքնուրույն ուտել: Երեխաս ծնված օրվանից չի խոսում: Բժշկի տանելու հնարավորություն չունեմ, որ խոսեցնել տամ, մարդ դարձնեմ: Նույնիսկ աշխատանքովս չէի կարողանում ապրել, գործատուն էլ առանց խղճի խայթ զգալու ազատեց ինձ աշխատանքից: Իմ և իմ երկու հաշմանդամների դեմ ձեռք բարձրացնելով` նա Աստծո դեմ է ձեռք բարձրացրել»,- լացակումած սրտնեղում է նախկին դասախոսը:

Չբավարարվելով նրան աշխատանքից ազատելով` բուհի ռեկտորը դատական գործընթաց է սկսել նախկին դասախոսի դեմ. վերջինիս մեղադրելով զրպարտության մեջ. ռեկտորը նրանից 2 միլիոն դրամ է պահանջում`որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Նախկին դասախոսի նկատմամբ տարբեր բնույթի ճնշումներ են եղել. բուհի դասախոսներ մայր և աղջիկ Սարգսյանները ոստիկանությունում նրա դեմ ցուցմուններ են տվել, ինչը, սակայն, չի հաստատվել իրավապահների կողմից: Բուհի ստորաբաժանումների 17 ղեկավարներ բաց նամակ են ուղարկել ԿԳ նախարարություն և մի շարք լրատվամիջոցների`փորձելով կարծիք ձևավորել Լուսինե Աշուղյանի մասին: Վերջինս՝ վիրավորված, դիմել է դատարան` պատասխանատվության ենթարկելու 17 ղեկավար անձանց:

Ամիսներ շարունակ Լուսինե Աշուղյանը մեն-մենակ պայքարում է բուհական, այժմ նաև դատական համակարգի դեմ՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու անկնկալիքով:

Հրապարակումներ է արել մամուլում, ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, դիմում-բողոքներ է հասցեագրել ՀՀ վերադաս ատյաններին, նույնիսկ հանրապետության նախագահին: Մինչ օրս որևէ դրական արդյունքի չի հասել, բայց և չի դադարում պայքարելուց:

«Իմ կողքին չկա ոչ մի մարդ: Պահեր են լինում`հուսալքվում եմ, բայց ուժ եմ գտնում իմ մեջ: Իմ երեսին 2 հաշմանդամ են նայում, ես իրավունք չունեմ նահանջելու»,- ասում է Լուսինե Աշուղյանը:

Կբավարարի՞ վերաքննիչ դատարանը նախկին դասախոսի պահանջը

Աշխատանքից ազատվելով` նախկին դասախոսը հայց է ներկայացրել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դեմ`աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի գումարը ստանալու պահանջով: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է նախկին դասախոսի հայցը: Վերջինս դատական ակտը բողոքարկել է վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանում պատասխանող կողմը ներկայացրել է Վանո Եղիազարյանը: Ստուգելով ներկայացած անձանց ինքնությունը և պարզելով, որ վերջինս չունի Վերաքննիչ դատարանում բուհը ներկայացնելու լիազորություն, նախագահող դատավորն արգելեց նրա մասնակցությունը նիստին` ասելով. «Կարող եք գնալ առաջին ատյանի դատարան, այնտեղ մասնակցել»:

«Կարող եմ նստել և լսել»,- եղավ Վանո Եղիազարյանի պատասխանը:

Պատճառաբանելով առանց լիազորագրի դատարան ներկայանալու հանգամանքը` Վանո Եղիազարյանն ասաց, որ ինստիտուտի իրավաբանը պետք է հետևողական լիներ այդ հարցում, ինչը չի արել: «Է դուք պետք է հուշեիք»,-ասաց դատավորը: Վանո Եղիազարյանը նկատեց, որ ինքը իրավաբան չէ: Դասախոս է:

«Դասախոսները իրավաբան չե՞ն լինում»` դատավորի դիտարկմանը պատասխանեց` «Էս դեպքում, ոչ»: Ներկայացավ որպես բանասեր, գրականագետ: «Եվ գյուղապետ»,- ավելացրեց նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը:

Արգելելով Վանո Եղիազարյանի մասնակցությունը դատական նիստին` դատարանը, սակայն, դատավարության ընթացքում որպես պատասխանող կողմի դիրքորոշում ընթերցեց և գործին կցեց նրա` Քաղ. դատ. օր.-ի 211-րդ հոդվածի խախտումով ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, որը գրված և ստորագրված էր լիազորություն չունեցող անձի կողմից, հետևաբար` ոչ թույլատրելի ապացույց էր:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանում հնչեցին լիազորություն չունեցող անձի փաստարկներ:

Զեկուցողը ներկայացրեց գործի դատավարական նախապատմությունը, վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոքի պատասխանը: Ըստ բողոք բերող Լուսինե Աշուղյանի` խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի, 111-րդ հոդվածի, ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, ՎՊՄԻ-ի կանոնադրության 6-րդ, 20-րդ կետերը: Կարծում է, որ դատարանը խախտել է դատավարության պահանջները, չի անդրադարձել իր ներկայացրած ապացույցներին, հիմնավորումներին, փաստարկներին, չի խորացել էական փաստերի մեջ, կատարել է թերի քննություն և արդյունքում կայացրել է անօրինական վճիռ, իսկ հայցադիմումի լրացումները, հավանաբար, ընդհանրապես չի էլ ընթերցել: Նախկին դասախոսը խնդրում է բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Ինչ վերաբերում է բողոքի պատասխանին, ապա դատավորի կողմից ներկայացված, սակայն լիազորություն չունեցող անձի փաստարկները, օրինական չլինելու պատճառով, նպատակարմար չենք գտնում հրապարակել:

Նախկին դասախոսը միջնորդեց նախագահող դատավորին`գործին կցել Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ և իր գործի վերաբերյալ մամուլի 2 հրապարակում, որոնցից մեկը` «Հետքի»՝ նոյեմբերի 11-ի «Ինքդ քեզ հակասում ես, դատավոր» վերնագրով հոդվածը:

«Իսկ կարելի է իմանալ`ինչի՞ համար,- հարցրեց նախագահող դատավորը,- թերթի տպագրությունը ինչո՞վ պետք է օգնի դատարանին լուծել գործը, ի՞նչ ապացույց է, ինչի՞ մասին է, թե՞ ուզում եք ուղղակի էդպես, թերթը գործում լինի»:

Հիմնավորելով իր միջնորդությունը` Լուսինե Աշուղյանն ասաց, որ հոդվածը առաջին ատյանի դատավորի օրինախախտումների մասին է: Իսկ հարցին, թե ինչու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը մինչ այդ չի ներկայացրել դատարան, պատասխանեց, որ նոր է իմացել այդ մասին: Տեղում խորհրդակցելով` դատարանը որոշեց ներկայացված նյութերը կցել գործին: Վճռի հրապարակման օր նշանակվեց դեկտեմբերի 28-ը:

Մինչ դատաքննության սկսվելը «Հետքի» լրագրողը դիմեց դատարանին` նիստը ձայնագրելու և լուսանկարելու խնդրանքով: Լրագրողը, իհարկե, ծանոթ էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածին, որի 3-րդ կետով սահմանվում է, որ դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել ձայնագրություն: Սակայն հրապարակայնացնելու համար հարկ համարեց տեղեկացնել դատարանին` լուսանկարելու թույլտվության հետ նշելով նաև ձայնագրառման մասին: Առավել ևս, որ տվյալ հոդվածում կոնկրետ նշում չկա ձայնագրությունը մամուլով հրապարակայանացնելու մասին: Այն հստակ անդրադառնում է ռադիո և հեռուստատեսային հրապարակումներին:

Նախագահող դատավորը «Հետքի» լրագրողին պատասխանեց, որ նրա խնդրանքը կքննարկվի նիստի ընթացքում և որոշում կկայացվի: Սակայն դատավարության ընթացքում այդ հարցն անտեսվեց: Նիստի ավարտին դատավորն անհասկանալի պատասխան տվեց լրագրողին. «Հայերեն լեզվով չասացի` հիմա կողմը կմիջնորդի, կնստենք, կքննարկենք, կորոշենք: Չի միջնորդել»:

Այնինչ Քաղ. դատ. օր.-ի նշված հոդվածը սահմանում է, որ դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Հստակ է` «կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ»: «Կողմի միջնորդություն» արտահայտություն օրենքում չկա: Լրագրողն անկախ է, դատարան է ներկայանում կողմերից անկախ և չի ներկայացնում որևէ կողմի շահերը: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ և օրենքի նշված դրույթով` լրագրողը լուսանկարելու, տեսաձայնագրելու խնդրանքով անձամբ պետք է դիմի դատարանին, որն էլ կողմերի համաձայնությունը կամ անհամաձայնությունն ստանալով` թույլատրի կամ ոչ:

Ամեն դեպքում, առաջնորդվելով Քաղ. դատ. օր.-ի 114-րդ հոդվածի 3-րդ կետով` լրագրողն իրականացրեց իր դատավարական իրավունքը և ձայնագրառեց վերաքննիչ դատական նիստի ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter