HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Պետրոսյան. «Հանդիպման ժամանակ մեզ փաստարկները քննարկելու հնարավորություն չի տրվել»

Տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող ուսանողները, կարծես, չեն պատրաստվում զիջումների գնալ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դժգոհեց երեկ վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից։ «Բանակցությունների ժամանակ ենթադրվում է փոխզիջում, փաստարկները քննարկելու հնարավորություն։ Այդպիսի բան, ժողովուրդ, մեր հանդիպման ժամանակ տեղի չի ունեցել։ Ու այժմ իսկապես էդ հարցը մեզ՝ ուսանողներիս տանջում է։ Եթե մենք հանդիպում ենք, բայց նախօրոք տրամադրվածությունն արդեն այնպես է, որ մեր բոլոր մտադրությունները պետք է մերժվեն, արդեն էստեղ մենք ունենք լեգիտիմ իրավունք՝ կարծելու, որ մյուս կողմը պատրաստ չէ որևէ փոխզիջման, և հանդիպումը ոչ թե տեղի է ունենում հանուն ճշմարտության, այլ պարզապես տեղի ունենալու համար»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։

Այսօր լրագրողներին և շարժման անդամներին իր աշխատասենյակում ընդունեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։ Նա կոչ արեց առանց էմոցիաների հստակ ձևակերպել՝ ինչ է տեղի ունենում։ Դեկանի համար անհասկանալի է, թե գիտության մասնավորապես որ բնագավառներն են դարձել թիրախ։ «Այո, կան մարդիկ, ովքեր պաշտպանում են ատենախոսություններ՝ բանակում չծառայելու համար։ Հարց է առաջանում՝ էդ որոնք են։ Ինչի՞ ենք անանուն խոսում, էդ ո՞ր ուղղություններն են։ Մենք ունենք ԲՈՀ կառավարությանն առընթեր։ Բոլոր թվերը այնտեղ կան։ Այսօր թվեր են հնչում՝ պաշտպանածներից այսքան տոկոսն է գիտությամբ զբաղվում, մնացածը չեն զբաղվում։ Ի՞նչ հաշվարկներ են դրանք, որտեղի՞ց են գալիս, ո՞վ է պատասխանատուն։ Հասկանու՞մ եք, այս հարցերն են, որ առայժմ համոզիչ չեն ինձ համար», -ասաց Վահրամ Դումանյանը։

Նա համամիտ չէ, որ 140 հոգով է որոշվում բանակի համալրումը։ Դեկանը անդրադարձավ «Կենտրոն»  հեռուստաընկերության եթերում շարժման մասնակիցների հետ հանդիպմանը հնչած դիտարկումներից մեկին, որն, ըստ նրա, վիճելի է․ «Բանախոսներից մեկը (չեմ ուզում անունը տալ) այսպիսի միտք հնչեցրեց․ «Մի հատ ինձ թվարկեք՝ վերջին տասնամյակում կամ քսանամյակում մի  ատենախոսություն, որը արդյունաբերական կիրառություն է ունեցել։ Աշխարհին գիտության մակարդակով մենք ինչպե՞ս ենք ներկայանում։ Ի՞նչ է, ֆիզիկոսնե՞ր չունենք, ատղագետնե՞ր, մաթեմատիկոսնե՞ր, միջուկային ֆիզիկա՞ չունենք»։

Դեկանը զարմացած է այն խոսակցություններից, թե պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ համալսարանում ճնշումներ են կիրառվում․ «Ես զարմացած եմ։ Եթե նման բան լինի, առաջինը մենք կզգայինք»։

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները պետք է դադարեն։ «Շատ է խոսվում ճնշումների մասին, թե անարգանքի սյունին են գամում ընդդիմախոսներին։ Գոնե այս մասով պետք է շահարկումներին վերջ տալ, քանի որ այդպիսի բան գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի ուսանողների հանդեպ ճնշում՝ թույլ չտալով միանալ, մասնակցել շարժմանը»,- ասաց Կարեն Գրիգորյանը։

Շարժման անդամներից Գարիկ Պետրոսյանը  հակադարձեց՝ ասելով․ «Աշխատակազմի կողմից ճնշումներ լինում են, որքան էլ հերքեն»։ Երբ Կարեն Գրիգորյանը, շարժման անդամների հայտարարություններին ի պատասխան, փորձեց Գարիկից ճշտել՝ արդյոք նրա ֆակուլտետի դեկանը նրան ճնշում է, Դավիթ Պետրոսյանը պահանջեց․ «Մեր առջև նման ուլտիմատումներ մի դրեք»։

Դեկանը հորդորեց թույլ տալ, որ ինքը սեփական աշխատասենյակում որոշումներ կայացնի․ «Որ երեկ վարչապետի հետ հանդիպման էիք, ինքն էր որոշումներ կայացնում, չէ»։ Դավիթը պնդեց․ «Պարոն Դումանյան, մենք որտեղ որ լինում ենք, մեզ պահում ենք էնպես, ինչպես որ կանք, կապ չունի` ով է մեր առաջ։ Հաղորդումը մինչև վերջ չեք նայել ուրեմն»։

Դասադուլ անող ուսանողների խոսքով՝ իրենց հանդեպ բոլոր կողմերից կան գաղափարական ճնշումներ։ Դրանք մեծապես կապված են հարցադրումների հետ: «Եթե գալիս է որևէ պաշտոնյա կամ դասախոս, քեզ հարցնում է՝ դե՞մ ես ծառայելուն, դա արդեն գաղափարական ճնշում է։ Երբ ասում են ուսանողին՝ մի´ գնա դասադուլի, պետք է նաև բացատրել, թե ինչու։ Եթե հանկարծ, օրինակ, որևէ դասախոսի նեղացնեն, մենք բոլորս նրա կողքին ենք լինելու»,- նշեց Դավիթը։

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը կասկածամտորեն է մոտենում ուսանողների քաղաքական գիտակցությանը․ «Մեր ուսանողները, իմ կարծիքով, դեռ էնքան քաղաքական հասունություն չունեն, որ մասնակցեն քաղաքական գործընթացներին։ Բայց լիարժեք իրավունք ունեն իրենց իրավունքների համար պայքարելու, ոչ ոք չի խոչընդոտում։ Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր․ Թուրքիան մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից։ Ոչ միայն գիտնականները պիտի զորակոչվեն բանակ, այլ բոլոր նրանք, ովքեր զենքի հետ առնչություն չեն ունեցել։ Ես, քավ լիցի, չեմ ասում՝ եկեք ռազմականացված պետություն ստեղծենք, բայց եկեք գոնե պատրաստ լինենք նոր զարգացումների»,- ասում է Ալիկ Ղարիբյանը։

Ի վերջո, պայքարը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ։ Ալիկ Ղարիբյանը չի փոխում խնդրի վերաբերյալ իր տեսակետը․ «Ես առաջարկում եմ չքաղաքականացնել շարժումը։ Եթե մենք սա քաղաքական պայքարի ճանապարհով տանենք, կհանգեցնի կուսակցական պայքարի, քանի որ քաղաքական դաշտում մեծամասնությունը սատարում է օրինագծին։ Իսկ ուսանողներինը պարզապես ազնիվ մղում է»։

Ըստ Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գարիկ Միսկարյանի՝ շարժմանը չմասնակցող ուսանողներին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել․ «Անկախ նրանից՝ օրինագիծը ճիշտ է, թե ոչ, ունի քաղաքական բավականին լավ հենարան։ Երեկ Պաշտպանության նախարարի խոսքից էլ պարզ դարձավ, որ ոչ մի դասադուլ չի կարող հակառակը համոզել։ Էստեղ հույսերի խնդիրը չէ, ուղղակի կա այլ խնդիր․ ուսանողների անտարբեր մասսան վտանագավոր է, նրանք չեն էլ մտահոգվում՝ ինչ է կատարվում»։

Գարիկը ծառայել է բանակում։ Պատմում է, որ բանակից հետո համալսարանական միջավայրին ինտեգրվելը բավականին բարդ է եղել։ Իր խոսքով՝ սկզբնական շրջանում ուշադրության կենտրոնում ոչ այնքան կրթությունն էր, որքան սոցիալական խնդիրները լուծելը։  Այսօր էլ վստահ չէ, որ օրինագծի ընդունումը կհանգեցնի կոռուպցիայից ձերբազատման ցանկալի արդյունքին․ «Հիմա գիտնականին մի փոքր հնարավորություն են տալիս տարկետմամբ, դա էլ են կտրում փաստորեն։ Ստացվում է՝ միլիտարիզացված պետություն է ստեղծվում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայտարարում էին, թե մեզ գիտություն պետք չէ, մեզ զենք է պետք։ Եղբայր, եթե դու ունես էդ մտավոր ռեսուրսը զենք ստեղծելու, ապա ինչու՞ չստեղծես, որ չգնաս Ռուսաստանից առնես»։

Չնայած անձրևային պայմաններին՝ դասադուլ իրականացնող ուսանողները շարունակեցին իրենց երթը։ Ժամը 17-ին նրանք նախատեսում են ցույց ԱԺ շենքի դիմաց:

Նելլի Պետրոսյան 

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Ուսանողները լավատես են, ինչպես բոլոր մաքուր դաստերակություն ստացած երիտասարդները; Բայց որևէ մեկը կարող է հիշել, որ ՀՀկ գնա փոխզիջումի ինչ-որ կարևոր հարցում; Օգտագործում են իրենց կողմից ձևավորած պառլամենտում՝ դիպուկ բնորոշած ռուս պատմաբան Աֆանասևի կողմից ագրեսիվ հնազանդ մեծամասնությունը (агрессивно-пассивное большинство) և մերժում: Բայց մի օր սրանք ատամները կոտրելու են հենց երիտասարդական շարժման վրա, երբ համախմբումը ընդլայնվի, կարևոր չէ ինչ հարցի շուրջ: Չեն կարող նման հնամաշ, ծերացած ռեժիմները դիմադրել 21 դարում մեծացած երիտասարդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter