HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: 

Զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալանների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաև վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ: 

Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter