Շաբաթ, 25 նոյեմբերի

Լուծարում՝ տեղեկատվության հոսքը կանխելու համար. «Արարատ 2001» ԲՀԿ-ի հետ ինչ կապ ունեն Արարատի մարզպետները



Արարատի մարզում գործունեություն ծավալող «Արարատ-2001» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ. օգոստոսի 20-ին: ՀԿ-ի հիմնադիր նախագահը եղել է Վարդգես Հովակիմյանը: Վերջինս Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել է նույն տարվա հունիսի 12-ին: Այսինքն՝ ՀԿ-ն հիմնադրելուց 2 ամիս առաջ արդեն զբաղեցրել է մարզպետի պաշտոնը:

Այս տարիների ընթացքում «Արարատ-2001» բարեգործական ՀԿ-ին ֆինանսական օգնություններ են ցուցաբերել Արարատի մարզի համայնքները՝ համայնքային բյուջեից ՀԿ-ի հաշվին գումարներ փոխանցելու միջոցով: Նախկին մարզպետի ղեկավարած ՀԿ-ին համայնքներից գումար փոխանցելու «բարի» ավանդույթները շարունակվում են մինչ օրս:

Գումարներ փոխանցել են մարզի գրեթե բոլոր համայնքապետարանները՝ ավագանու և համայնքի ղեկավարների որոշումների հիման վրա:

Օրինակ՝ մարզի Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը 2014թ. հուլիսին «հիմք ընդունելով «Արարատ 2001» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը որոշել է 130,000 դրամ հատկացնել ՀԿ-ին: 2015թ. դեկտեմբերի 14-ին դարձյալ 130,000 դրամ է փոխանցվել: Նույն եղանակով 160,000 դրամ էլ փոխանցվել է համայնքապետի 2016թ. ապրիլի 14-ի որոշումով: Այս տարի ՀԿ-ի հաշվին արդեն փոխանցվել է 160,000 դրամ:

Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնց օգնում են, մեկն էլ ԵԿՄ-ն է: Ինչ վերաբերում է «Արարատ 2001»-ին, համայնքապետը հետևյալ պատասխանը տվեց. «Ոնց որ մարզպետարանի ֆոնդ ա: Մարզպետարանին ենք փոխանցում, բոլոր համայնքապետարանները փոխանցում են պարտադիր»:

Արա Վարդանյանը նշեց, որ ոչ թե իրենց ասում են, որ գումարներ փոխանցեն, այլ «ոնց որ դա պարտադիր պայման է»:

Հարցին, թե նշված ՀԿ-ն Ղուկասավան համայնքում երբևէ գործունեություն ծավալել է, Արա Վարդանյանը պատասխանեց, թե չի կարծում` գումար են փոխանցում, որ համայնքում գործունեություն ծավալի. «Կուտակվում ա, իրենք արդեն օգնում են, ինչ պետք ա»:

Նա ասում էր, որ մանրամասներին չի տիրապետում և խնդրեց զանգենք համայնքապետարանի հաշվապահին: Վերջինս ասաց, որ ՀԿ-ից գրություն է գալիս համայնքապետին, դրա հիման վրա որոշում է կայացվում և փոխանցում են: Հաշվապահը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում, նույնիսկ ՀԿ-ի գրությունը չի տեսել, ինքը միայն գումարը փոխանցում է համապատասխան հաշվեհամարին:

Այս տարվա հունիսին «Արարատի մարզի մանկավարժներին, մարզական կազմակերպություններին, մարզիկներին, կարիքավոր ուսանողներին, զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին,  պատերազմի հաշմանդամներին և վետերաններին նյութական օգնություն ցույց տալու, մշակութային  միջոցառումների կազմակերպման, պատվիրակությունների ընդունելության կազմակերպման համար» ՀԿ-ին 140,000 դրամ հատկացրել է նաև Զորակ համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանը: 50,000 դրամ է փոխանցել Երասխավանի համայնքապետը, 100,000 դրամ՝ Քաղցրաշենի, 340,000 դրամ՝ Մխչյանի համայնքապետը և այլն:

Բյուրավանի համայնքապետարանը համայնքային բյուջեով է նախատեսել «Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ի աջակցությունը: Այս տարի այն կազմել է 100,000 դրամ:

«Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ի նկատմամբ 2017-ին ավելի առատաձեռն է եղել Ավշարի համայնքապետարանը: Համայնքի ավագանին հունիսի 22-ին որոշել է ընթացիկ տարվա համար ՀԿ-ին հատկացնել մինչև 1 մլն դրամ գումար: Ուշագրավ է այս որոշման պատճառաբանությունը. «Համայնքի բնակիչներին Արարատի մարզպետարանի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը ավելի արդյունավետ դարձնելու մասին»:

Նշենք, որ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է:

Քանի որ նա մարզպետի եղբայրն է, ավագանու որոշումով ավելի կոնկրետ է սահմանվել մարզպետարանի կապը «Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ի հետ:

Համայնքապետերի որոշումներից պարզ է դառնում, որ մարզպետների փոփոխության հետ փոխվել են նաև ՀԿ-ի նախագահները: Օրինակ՝ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի 2013թ. մայիսի 8-ի որոշումով «Արարատ 2001»-ին  300,000 դրամ է փոխանցվել՝ հիմք ընդունելով «Արարատի մարզպետարանի «Արարատ-2001» բարեգործական հասարակական կազմակերպության  նախագահ Է. Բարսեղյանի 29.03.2013թ.  թիվ 275 գրությունը»: Նշենք, որ այդ ժամանակ Արարատի մարզպետը Էդիկ Բարսեղյանն էր:

Դեռ օգոստոսի 30-ին հարցում էինք ուղարկել Արարատի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ «Արարատ 2001» ՀԿ-ի և մարզպետարանի կապի, համայնքապետարանների կողմից ՀԿ-ին գումարներ փոխանցելու, այդ գումարների չափի, ծախսված գումարների նպատակի, հաշվետվությունների մասին:

Արարատի մարզպետարանը հարցմանը չպատասխանեց: Փոխարենը մարզպետարանին ուղղված երկրորդ գրությունից հետո պատասխանեցին «Արարատ 2001»-ից. «Տեղեկացնում եմ ձեզ, որ Արարատի մարզպետարանը բավականին առողջ մթնոլորտում աշխատում է բոլոր զանգվածային լրատվամիջոցների՝ այդ թվում «Հետք» էլեկտրոնային թերթի հետ» նախաբանով: Դրանով ևս հաստատվում է, որ բարեգործական կազմակերպությունը մարզպետարանի մաս է կազմում:

ՀԿ-ի խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանը գրության մեջ նշել է, որ թե´ առանձին կազմակերպություններ, թե´ մարզի համայնքները ՀԿ-ին ֆինանսական հատկացումներ են կատարել իրենց նախաձեռնությամբ: Մնացած հարցերին խոստացել է պատասխանել ավելի ուշ՝ ծավալուն լինելու պատճառաբանությամբ:

Գ. Եղիազարյանի ասածը հակասում է համայնքների ղեկավարների` գումար հատկացնելու որոշումներում մեջբերված հիմքերին՝ ՀԿ-ի գրություններին:

Երբ Արարատի մարզպետին հիշեցրինք, որ օրենքով սահմանված ժամկետում դեռևս հարցման պատասխանը չենք ստացել, սեպտեմբերի 11-ին աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի ստորագրությամբ ստացվեց հետևյալ գրությունը. «Ձեր կողմից ներկայացված հարցադրումները չեն առնչվում մարզպետարանի հետ: Ինչ վերաբերում է ժամկետին՝ հայտնում եմ, որ մեզ հասած տեղեկատվությամբ «Արարատ 2001» բարեգործական հասարակական կազմակերպության խորհրդի անդամը պատասխանել է Ձեզ»:

Բազմաթիվ հեռախոսազանգերից հետո արդեն հոկտեմբերի 19-ին ստացվել է աշխատատար հարցման պատասխանը, որով անդրադարձ չի կատարվել ո´չ ֆինանսական միջոցներին, ո´չ հաշվետվություններին: Թվարկվել են միայն իբր իրականացված ծրագրերը, օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցության համար կատարված ծախսեր (առանց որևէ գումարի չափ նշելու), Արարատի հիվանդանոցը հոսպիտալի վերածելու միջոցառման կազմակերպում, համայնքներին գյուղ տանող ճանապարհների մաքրման աջակցություն, զոհվածների հուղարկավորության համար ծաղկեպսակների ձեռքբերում և այլն:

Այսինքն, տարիներ շարունակ համայնքային բյուջեներից ստացված միջոցները՝ մարզպետարանի գիտությամբ, ծախսվել են նմանատիպ ծրագրերի համար: Դեռ հարց է` դրանք իրականացվել են, թե ոչ, քանի որ ոչ մի տեղ հրապարակված չեն ՀԿ-ի տարեկան հաշվետվությունները: Ավելին, նույնիսկ գործունեության մասին տեղեկատվություն հնարավոր չէ բաց աղբյուրներից գտնել:

«Արարատ 2001»-ը տեղակայված է Արարատի մարզպետարանի շենքում: Գուրգեն Եղիազարյանը հեռախոսով տեղեկացրեց, որ սենյակն օգտագործում են անհատույց: Նա խոստացավ ֆինանսական հոսքերի վերաբերյալ ևս տեղեկատվություն տրամադրել, սակայն խոստումն այդպես էլ մնաց անկատար:

«Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ով մեր հետաքրքրվելուց հետո հայտարարությունների հրապարակման www.azdarar.am  ինտերնետային պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 14-ին հայտնվեց ՀԿ-ի լուծարման մասին հայտարարություն


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ