HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարությունը հավաստում է՝ օպտիմալացումից աշխատանքը կորցնող բժիշկ չի լինի

Նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ «ազդարարվեց» պետական հիմնարկների օպտիմալացման նոր փուլով: Օպտիմալացման ծրագրերում ներառվեցին ոչ միայն ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-եր, այլև բժշկական կենտրոնները:

Բժշկական կենտրոնների վերամիավորման լուրին բուռն արձագանքեցին այդ կենտրոնների աշխատակիցները:

Օրինակ՝ օրեր առաջ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում միավորվել էին թոքային վիրաբուժության եւ արտաթոքային բաժանմունքները, որի արդյունքում 80 աշխատակից ազատվել էր աշխատանքից: Այդ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել բժշկական կենտրոնում, անգամ հրաժարվել վիրահատություն իրականացնել:

Հոկտեմբերի 19-ին էլ կառավարությունը չքննարկվող կարգով հաստատեց որոշման նախագիծ, որով թույլատրեց «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին միավորվել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի հետ:

ԱՆ. «Օպտիմալացումից ոչ մի բժիշկ առանց աշխատանք չի մնա»

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե 2017 թվականին բժշկական կենտրոնների վերամիավորումից քանի՞ աշխատակից է աշխատանքից ազատվել, և դեռևս որ՞ բժշկական կենտրոնները պետք է միավորվեն, քանի՞ աշխատակցի ազատում է սպասվում։

Ըստ ստացված պատասխանի` առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կենտրոնների վերամիավորում փաստացի չի իրականացվել, այդ իսկ պատճառով վերամիավորումից աշխատանքից ազատված աշխատակիցների մասին տեղեկատվություն տրամադրել չեն կարող:

Նախարարությունը հավաստում է, որ կրճատումների արդյունքում աշխատանքը կորցնող բժիշկներին կառաջարկվեն այլ աշխատատեղեր, իսկ պահանջարկ չունեցող մասնագիտությունների դեպքում կլինի վերամասնագիտացում:

Այժմ ընթանում է «Նորք» և «Նուբարաշեն» բժշկական հոգեբուժական կենտրոնների վերամիավորումը: Ստեղծվելիք նոր կենտրոնը դեռևս պաշտոնական գրանցում չունի, չի հաստատվել դրա կառուցվածքն ու հաստիքացանկը: «Ուստի, հնարավոր չէ ասել, թե քանի աշխատակից կազատվի աշխատանքից: Կենտրոնի վերջնական ձևավորումից հետո նշված հարցերը կպարզաբանվեն»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Բժշկական կենտրոնների վերամիավորման որոշման նախագծերի հիմնավորման մեջ, բացի այն, որ նշվում է օպտիմալացման հանգամանքը, վերամիավորվող կենտրոններից մեկի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությունը, նաև ընդգծվում է, որ երբեմն բժշկական կենտրոնների ծախսերը եկամուտների չափ են լինում, հաճախ գերազանցում են։

Նախարարությունը կարծում է՝ բժշկական կենտրոնների վերամիավորմամբ առավել նպատակային կդառնան գիտական, կլինիկական ու հիգիենիկ ոլորտներում իրականացվող հետազոտությունները, դրանք կլինեն առավել թիրախային և համապարփակ, այդ կենտրոնների ռեսուրսները կկիրառվեն ամբողջությամբ, կլինի կադրային երիտասարդացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter