HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ժամկետանց և երկարաձգված վարկեր. հոգս քաղաքացիների ու բանկերի համար

Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի թեման՝ դրանք ներկայացնելով որպես հակակշիռ երկրում արձանագրվող տնտեսական աճի։ Նշվում է, որ բանկերում ժամկետանց վարկերն աճել են, ինչը վկայում է, որ բնակչության շրջանում ավելացել են բանկերի այն վարկառուները, որոնք չեն կարողանում ժամանակին մարել վարկերը։ Իսկ վարկի մարումն ուշացնելը կարող է ուղղակիորեն վկայել մարդկանց եկամուտների նվազման մասին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ արձանագրվող տնտեսական աճը չի հասնում հասարակության լայն շերտերին։

Համադրելով Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) և Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) վերջին հինգ տարիների տվյալները` մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ծավալի ժամկետանց վարկերի մասին է խոսքը, և իրականում ինչ դինամիակա է գրանցվել վերջին տարիներին։ Ներառել ենք նաև երկարաձգված վարկերի ցուցանիշները։ Ինչպես նաև լսել մասնագետի մեկնաբանությունը՝ որքանո՞վ կապ ունեն այդ վարկերի դինամիկան, բնակչության եկամուտներն ու տնտեսական աճը։

38 մլրդ դրամի ժամկետանց վարկ, 125 մլրդ դրամի՝ երկարաձգված

Այս սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ժամկետանց վարկերը ծավալը մոտ 38 մլրդ դրամ է, իսկ երկարաձգված վարկերինը՝ ավելի քան 125 մլրդ դրամ։ Ինչպես բացատրում է կառավարման խորհրդատու, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, ժամկետանց վարկը նշանակում է, որ պարտապանը ժամանակին և ամբողջ ծավալով չի կատարել իր պարտականությունները մայր գումարի և տոկոսների վճարման մասով, իսկ երկարաձգվածի դեպքում՝ երբ նախօրոք վարկի տոկոսագումարը կապիտալացվել է կամ պայմաններն են փոխվել, օրինակ` կարող է լինել վարկի մարման ժամկետի երկարացում։ Կենտրոնական բանկի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա սկզբի համեմատ ժամկետանց վարկերն աճել են 5.9 մլրդ դրամով կամ 18.5%-ով, իսկ երկարաձգված վարկերը՝ ավելի քան 25 մլրդ դրամով կամ 25.5%-ով։

Այնուամենայնիվ, այս տարի ժամկետանց վարկերի ծավալն, ընդհանուր առմամբ, ավելի ցածր մակարդակում է, քան նախորդ տարի։ Նույնը, սակայն, չենք կարող ասել երկարաձգված վարկերի համար։ Այս տարվա սեպտեմբերին գրանցված ցուցանիշն ամենաբարձրն է 2015 թվականի նոյեմբերից ի վեր։ Վերջին հինգ տարում երկարաձգված վարկերի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2015 թվականի փետրվար-մարտին, իսկ ժամկետանց վարկերի ամենաբարձր մակարդակը՝ 2016 թվականի մայիսին։ Նկատելի է, որ ժամկետանց վարկերը 2016 թվականի դեկտեմբերին զգալիորեն նվազել են, որից հետո տարբեր ամիսների՝ կրկին աճել։

Ինչպես բանկերի ընդհանուր վարկային պորտֆելն, այնպես էլ ժամկետանց ու երկարաձգված վարկերի ծավալներն ամեն ամիս փոփոխվում են՝ աճում են կամ նվազում։ Վերջին հինգ տարիներին դրանք առավելապես աճի միտում են գրանցել։ Տարիների ընթացքում մեծացել է ժամկետանց և երկարաձգված վարկերի կշիռը բանկերի վարկային պորտֆելում։ Թե երկարաձգված, թե ժամկետանց վարկերի կշռի աճը տեսանելի է նաև այս տարվա հուլիսից։

Սա համառոտ` բանկերի երկարաձգված ու ժամկետանց վարկերի ծավալների ու կշիռների մասին։

Այս գրաֆիկները կարող են տարբեր մասնագետների կողմից մեկնաբանվել տարբեր կերպ՝ մեկը եզրակացնում է, որ դրանց դինամիկան խոսում է բնակչության ֆինանսական վիճակի վատացման մասին, մյուսը՝ միայն դրանցով դեռևս չի կարելի խոսել բնակչության վիճակի մասին։

Մեր զրուցակից Հայկազ Ֆանյանի խոսքով՝ ֆիզիկական անձանց տրված վարկերի գծով ժամկետանց և երկարաձգված վարկերի աճը տեսականորեն կարող է վկայել վարկառու քաղաքացիների ֆինանսական վիճակի վատթարացման մասին, սակայն նաև շեշտում է, որ այդ առումով Հայաստանի բանկային համակարգում մտահոգիչ միտումներ չեն նկատվում։ «Ավելին, եթե նախորդ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ հիփոթեքային և սպառողական վարկերի գծով չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում էր համապատասխանաբար՝ 0.59% և 1.66%, ապա այս տարի դրանք եղել են համապատասխանաբար 0.36% և 1.15%»,- ասում է նա։

Երկարաձգված ու ժամկետանց վարկերը բանկերի համար համարվում են չաշխատող ակտիվներ։ Կենտրոնական բանկի տվյալներով` այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվները (բացառությամբ անհուսալի դասակարգված վարկերի, որոնցում, սակայն, ներառված են նաև դեբիտորական պարտքերը), կազմել են բանկերի ակտիվների 6.57%-ը։

Հոգս և´ քաղաքացիների, և´ բանկերի համար

Ժամկետանց ու երկարաձգված վարկերը աճեն, թե նվազեն, միևնույն է, լրացուցիչ հոգս ու գլխացավանք են քաղաքացիների մի խմբի համար։ Ըստ Հայկազ Ֆանյանի՝ եթե խոսքը ֆիզիկական անձանց տրված չաշխատող վարկերի մասին է, այսինքն՝ հիփոթեքային և սպառողական վարկերի, ապա կրկին տեսականորեն դրանց աճը կարող է վկայել բնակչության եկամուտների կրճատման, հետևաբար նաև` վճարունակության դժվարությունների ու սոցիալական վիճակի վատացման մասին։

«Դա Հայաստանի պարագայում կարող է ի հայտ գալ տրանսֆերտների կրճատման և գործազրկության աճի պարագայում, ինչպես նաև` փոխարժեքի կտրուկ տատանման դեպքում (Հայաստանում ֆիզանձանց տրված վարկերի մոտ 30%-ը արտարժույթով է տրված)։ Սակայն, այս գործոնների ազդեցությունը չաշխատող վարկերի ցուցանիշի աճի վրա ի հայտ է գալիս որոշակի ժամանակային լագով»,- նկատում է Հ. Ֆանյանը։

Մյուս կողմից, վարկերի այս հատվածը ռիսկեր է պարունակում նաև բանկերի համար։ Հ. Ֆանյանի խոսքով՝ չաշխատող ակտիվները, մասնավորապես ժամկետանց ու երկարաձգված վարկերը, ազդում են բանկերի շահութաբերության ցուցանիշի վրա։ «Ինչքան մեծ է լինում չաշխատող վարկերի պորտֆելը կամ ինչքան վարկի ժամկետանց վիճակը պահպանվում է (նկատի ունեմ հսկվողից դառնում է ոչ ստանդարտ, ապա կասկածելի), այնքան բանկերի ծախսերն ավելանում են։ Հիշեցնեմ, որ եթե ստանդարտ վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստավորումն իրականացվում է վարկի մնացորդի 1%-ի չափով, ապա հսկվողի դեպքում` 10%, ոչ ստանդարտի դեպքում` 20%, կասկածելիի դեպքում` 50%: Այս հատկացումները բանկի համար ծախս են, ինչն էլ իր հերթին ազդում է բանկի շահութաբերության ցուցանիշների վրա։ Նկատի ունեմ ROA-ն և ROE-ն։ Ոչ վաղ անցյալում Հայաստանյան մի շարք բանկեր բախվել էին այդպիսի իրավիճակի։ Ես հիշում եմ, որ, օրինակ, 2016 թվականի երրորդ եռամսյակում Areximbank-ի իրավաբանական անձանց վարկային պորտֆելի 56%-ից ավելին ժամկետանց էր, իսկ թե դա ինչով ավարտվեց, մենք բոլորս գիտենք»,- ասում է Հ. Ֆանյանը։

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը չաշխատող ակտիվների 6.57%-ը Հայաստանի բանկային համակարգի համար բարձր ցուցանիշ չի համարում։ «Սա ամենևին բարձր ցուցանիշ չէ, մենք ավելի բարձր ցուցանիշ էլ ենք ունեցել։ Օրինակ, վերջին տարիներին 2015 թվականի փետրվարի վերջի դրությամբ մենք ունեցել ենք նաև 7.94%, ինչն, իհարկե, պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ 2014 թվականի դեկտեմբերին դոլար/դրամ փոխարժեքի կտրուկ աճով, ռուսական ռուբլու արժեզրկմամբ, ինչը հանգեցրեց Ռուսաստանի շուկայում մեր տնտեսվարողների մրցունակության անկմանն ու վաճառքների կրճատմանը, և արտերկրից ֆիզանձանց անունով եկած տրանսֆերտների կրճատմամբ։ Հիշեցնեմ, որ 2015 թվականի առաջին եռամսյակում այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր ավելի քան 35%-ով»,- նշեց Հայկազ Ֆանյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter