Հինգշաբթի, 23 նոյեմբերի

«Լակոտներով գործ են բռնում, խրձով եկել, նստել ենք». «զինված խմբի» գործով ամբաստանյալը նիստից առաջ բարկացել էր



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով դատական նիստն այսօր պարբերական միջադեպերով ընթացավ:

Նախ, մինչև դատական նիստի սկսվելը ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը հայհոյանքներ հնչեցրեց, ապա բարկացած` ինչ-որ մեկին սրիկա ու անշնորհակալ անվանեց: Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը փորձում էր հանգստացնել ու հիշեցնել, որ Ներսիսյանն առողջական խնդիր ունի, որ պետք չէ բարկանալ:

«Ես վերջում իմանալու եմ՝ էս ում ձեռքի գործն է, ու շան թուլի նման սատկացնելու եմ ... սրանց նայի, լակոտներով գործ են բռնում, խրձով եկել, նստել ենք... էլ զենք չունե՞ս, շատ ունեմ, մի վագոն էլ ունեմ պահած»,- բարկությունից դողալով` շարունակում էր խոսել Ներսիսյանն ու նայում դեպի ամբաստանյալ Արթուր Վարդանյանը:

Դատական կարգադրիչները Ներսիսյանին  դուրս տարան դահլիճից ու քիչ անց դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալն արդեն հանգիստ պահվածք դրսևորեց:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Արթուր Վարդանյանը նախ վիճաբանություն մեջ մտավ դատավորի հետ, ապա դատախազի:

Առաջին անգամ դատավոր Բեկթաշյանի հետ վիճաբանության մեջ մտնելու ժամանակ դատավորը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Պատճառն Արթուր Վարդանյանի՝ տեղից առանց դատարանի թույլտվության խոսելն էր:

Երկրորդ անգամ դատարանում իրավիճակը թեժացավ, երբ մեղադրող դատախազը գործում առկա լուսանկարների վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակում: Այդ լուսանկարներն արվել էին Արթուր Վարդանյանի հոր գերեզմանի մոտ, և Վարդանյանին դուր չեկավ, որ հոր մասին խոսելիս մեղադրող դատախազն ասում է «ինչ-որ անձնավորության՝ Շռամ Վալերիկի գերեզմանի մոտ արված նկարներ»:  Իրավիճակն այնքան սրվեց, որ դատավորը Վարդանյանին մեկ  ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Վարդանյանի` դահլիճից հեռացվելուց հետո նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ամբաստանյալների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելիս արժե ավելի զգույշ լինել և իր պաշտպանյալի վարքագիծը վերլուծելիս նշեց, որ տվյալ դեպքում խոսքը Վարդանյանի հոր գերեզմանին էր վերաբերում, Վարդանյանի պատվին և արժանապատվությանը:

Դատարանում, հիշեցնենք, շարունակվում է.գործում առկա փաստաթղթերի հետազոտման փուլը: Այսօր ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը գործով համապատասխան փաստաթղթերի հետազոտումից հետո դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ նախաքննության հենց սկզբնական փուլից սկսած ակնհայտ է եղել, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Անտոն Դիկրան Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի ցուցմունքները հակասում են, այսինքն` նրանց շահերը ևս հակասում են միմյանց, բայց չնայած դրան՝ նրանց երկուսի շահերը ներկայացրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախաքննության այդ փուլում մեղադրյալները չէին կարող իմանալ, թե ինչ ցուցմունք են տվել այլ անձինք, այսինքն` Անտոն Դիկրան Թոթոնջյանին ու Արթուր Վարդանյանին չէր կարող հայտնի լինել միմյանց ցուցմունքներում, հետևաբար նաև շահերում առկա հակասությունները: Այդ հակասությունների մասին, ըստ Ալումյանի, կարող էին իմանալ միայն ինքը` Բաղդասարյանը և նախաքննություն իրականացնող մարմինը: Ուստի, Ալումյանի խոսքով, նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի Բաղդասարյանը չպաշտպանի միմյանց հակասող շահեր ունեցող ամբաստանյալների: Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում այս երկու ամբաստանյալները կալանավորված են եղել, ապա Անտոն Դիկրան Թոթոնջյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ալումյանը հայտարարեց, որ այն պահից սկսած, երբ միմյանց հակասող շահեր ունեցող ամբաստանյալների նույն անձն է պաշտպանել, այդ ամբաստանյալների վերաբերյալ և Լևոն Բաղդասարյանի մասնակցությամբ ցանկացած գործողություն ապօրինի է, հետևաբար նման գործողությամբ ձեռք բերված ցանկացած ապացույց ևս ապօրինի է:

Ալումյանը հարց բարձրացրեց, որ եթե, օրինակ, այդ երկու անձանց առերեսելու անհրաժեշտություն առաջանար, ինչպե՞ս էր դա արվելու, Բաղդասարյանն ո՞ւմ շահերն էր ներկայացնելու: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ այդ և նմանատիպ այլ հարցերի առաջացման վտանգը գիտակցելով՝ հետագայում փորձ է արվել Թոթոնջյանի և Վարդանյանի ցուցմունքներում առկա հակասությունները «հարթեցնել»:

Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Ալումյանը խեղաթյուրում է փաստերը, որ այդ երկու անձանց ցուցմունքներում հակասություններ չկան, բայց այնուամենայնիվ, եթե անգամ Ալումյանը գտնում է, որ կան հակասություններ, ապա դա փաստաբանին իրավունք չի վերապահում ցուցմուներ տալ, թե ինչ պետք է անել:

«Զինված խմբի» գործով 20 ամբաստանյալ է անցնում, և այս դատական գործի սկսվելուց առաջ դահլիճը հարմարեցվել է, այնտեղ  համապատասխան գույք է ավելացվել, որպեսզի հնարավոր լինի աշխատանային պայմաններ ստեղծել դատավարության մասնակիցներ համար:

Սեղանը, որի մոտ մշտապես նստում են Ալումյանն ու իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը, ավելի բարձր դիրքում է գտնվում, քան  դատախազների, ամբաստանյալների և վերջիններիս պաշտպանների սեղանը:

Բաղդասարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Ալումյանի սեղանը նախագահող սեղանի հետ նույն հարթության վրա դրված:

«Միգուցե այստեղ երկու նախագահո՞ղ կա»,- դատարանին դիմելով`ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հայկ Ալումյանը դատավորի հետ միևնույն հարթության վրա գտնվելու հարցին չարձագանքեց, բայց կարծիք հայտնեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Անտոն Դիկրան Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի ցուցմունքներն անթույլատրելի չճանաչվեն:

«Ես կարող եմ  հեռուն գնացող ու պարզ երևացող հետևություններ անել դրանից, բայց բայց նման հրապարակայնության պայմաններում ձեռնպահ եմ մնում»,- ասաց Ալումյանը:

Նշենք, որ անդրադառնալով Արթուր Վարդանյանի և Անտոն Դիկրան Թոթոնջյանի ցուցմունքներում հակասություններ լինելու պայմաններում նրանց շահերը պաշտպանելու հանգամանքին՝ Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննության այն փուլում, երբ ինքը ներկայացրել է երկու ամբաստանյալների շահերը, նրանց ցուցմունքներում հակասություներ չեն եղել, որոշ հակասություններ առաջացել են այն ժամանակ, երբ ինքն այլևս Անտոն Դիկրան Թոթոնջյանի փաստաբանը չի եղել: Բաղդասարյանը նշեց, որ ինքն այժմ դատարանում պաշտպանում է միայն Արթուր Վարդանյանի շահերը:

Դատական նիստին հրապարակվեցին նաև  ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ արձանագրություններ: Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց հանգաանքին, որ որոշ ամբաստանյալներ հրաժարվել են պաշտան ունենալ և հայտարարել, որ անձամբ կպաշտպանեն իրենց շահերը: Փատաբանը նշեց, որ պաշտպանից հրաժարումը չի կարող առանց պաշտպանի ներկայության տեղի ունենալ և հայտարարեց, որ վերը նշված գործողություններն օրենքի խախտմամբ են կատարվել, հետևաբար ապօրինի են: Այսինքն` ենթադրվում է, որ ամբաստանյալներին նախ պետք է պաշտպաններ տրամադրվեին, որից հետո միայն նրանք այդ պաշտպանների ներկայությամբ հրաժարվեին նրանցից:

Դատարանում հրապարակվեց փաստաթուղթ, որը մեղադրող կողմն անվանեց քննչական փորձարարություն, իսկ ամբաստանյալներից ոմանք ու Շիրխանյանի պաշտպան ՀայկԱլումյանը` տեղանքի զննություն:

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը նշեց, որ փորձարարությունը կատարվել է «Զվարթնոց« օդանավակայանից ոչ հեռու գտնվող Արևաշատ գյուղում` Հարություն Սարիբեկյանի բնակավայրի տարածքում, որպեսզի ստուգվի թռչող ու վայրէջք կատարող ինքնաթիռների հեռավորությունը տվյալ վայրից: Այս գործողության պատճառ այն է, որ ըստ մեղադրանքի` խոսակցություն է եղել նախագահի ինքնաթիռը խոցելու մասին, որը պետք է արվել Հարություն Սարիբեկյանի տան տարածքից: Ըստ մեղադրանքի` թեև նման խոսակցություն եղել է, դրա ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն կատարվել:

Փորձարարությամբ արձանագրվել է, որ Սարբեկյանի բնակության վայրի ու թռիչքուղու հեռավորությանը 500-600 մետր է, և այնտեղից տեսանելի են ինքնաթիռները, դրանք Սարիբեկյանի տանից խոցելու հնարավորություն կա:

Այդ փատաթղթի բովանդակության հետ Սարիբեկյանը համաձայն չէ: Վերջինս պահանջեց նոր փորձարարւթյուն կատարել, որին նաև դատախազը կմասնակցի:

«Մուխայով» պիտի ինքնաթիռ խփվե՞ր»,-բարկությունն արտահայտեց Սարիբեկյանը: Ամբաստանյալներից մեկը նկատեց, որ որևէ գործողություն չի կատարվել «փորձարարության» ժամանակ:

Փաստաբան Հայկ Ալումյանն արդարացի համարեց այդ դիտարկումը:

«Անունը դրել են փորձարարություն, բայց ոչ մի գործողություն չեն կատարել: Սա ավելի ճիշտ տեղանքի զննություն է»,- հայտարարեց Ալումյանը:

Ամբաստանյալներից մեկն էլ կատակեց, թե եթե նախագահի ինքնաթիռն էին խոցելու, ինչո՞ւ երևացող ինքնաթիռում նախագահը չի եղել»:

Հրապարակվեց նաև Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «Հայոց Վահան» կազմակերպության երդման  տեքստը: Նշենք, որ ամբաստանյալներից ոմանք այս կազմակերպության անդամ են:

«Աստծով անունով երդվում եմ պայքարել մինչև վերջ և մինչև վերջին շունչս: Երդվում եմ լինել «Հայոց վահանի» ազնիվ և մաքուր անդամ, կիսել նրա բոլոր ցավերը, ուրախանալ բոլոր հաղթանակներով, քանզի այսօրվանից նրա անդամներն իմ եղբայրներն ու քույրերն են: Երդվում եմ ի  կատար ածել բոլոր հանձնարարություններն ու հրամանները, հոգիս՝ Աստծուն, կյանքս՝ ազգիս, հայրենիքիս: Եթե դրժեմ խոսումս, թող համարվեմ ազգիս դավաճան և այդ անվան տակ պատժվեմ Աստծո և հայ ազգի կողմից: Զենքը՝ ձեռքիս,  հանուն ազգիս, հայրենիքիս երդվում եմ»,- ահա այն տեքստ, որը պետք էր ասել`«Հայոց վահան»-ի անդամ դառնալու համար:

Դատարանն այսօր գրեթե ավարտին հասցրեց գործի 7-րդ հատորի հետազոտումը: Այսօրվա նիստն ավարտվեց, հաջորդը նոյեմբերի 17-ին է:

Նշենք, որ դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Շիրխանյանի գանգատի գործով որոշում է կայացրել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Շիրխանյանի առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար, ըստ որում` այս գործընթացի պետք է ներգրավվեն ինչպես պետության կողմից  մասնագետներ, այնպես էլ Շիրխանյանի կողմից հրավիրված բժիշկներ:

Նշենք, որ ՄԻԵԴ գանգատի գործով Շիրխանյանի շահերը ներկայացնում է փաստաբան Աննա Մարալյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վաչե09:13 - 13 նոյեմբերի, 2017
Ամենալավ մեկնաբանությունը արել է Էդվար Նեսիսյանը « Լակոտներով գործ են բռնում, խրձով եկել, նստել ենք»։Կարծում եմ այլ մեկնաբանություններն ավելորդ են։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ