HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սահմանադրական դատարանում այսօր դրվեց տեղական ինքնակառավարման կայացման հիմքը

2017թ. նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման ոլորտը նշանավորվեց երկու կարեւոր իրադարձությամբ՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հանդիսավորությամբ նշվում էր Հայաստանում տեղական ինքնակառավարման 21-ամյակը, իսկ Սահմանադրական դատարանը քննում էր Վանաձոր համայնքի ավագանու գործունեության օրինականության հարցը: Իրականում, տեղական ինքնակառավարման համար ամենանշանակալի իրադարձությունը տեղի էր ունենում Սահմանադրական դատարանում (ՍԴ)՝ երկրի բարձրագույն դատական մարմինն այսօր հակասահմանադրական ճանաչեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը եւ, ըստ այդմ, Վանաձոր համայնքի ավագանու մինչ օրս կայացրած բոլոր որոշումները համարվեցին ուժը կորցրած:

Այս որոշումը պատմական է նրանով, որ համայնքների գործունեության 21 տարիների ընթացքում առաջին անգամ էր ՍԴ-ում վիճարկվում ավագանու որոշումների օրինականությունը: Խորհրդանշական է նրանով, որ որոշումը կայացվեց տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման օրը, այն ժամին, երբ համաժողովի ավելի քան 300 մասնակիցներ, որոնց թվում` նաեւ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, միմյանց շնորհավորում էին, պարգեւատրում ոլորտը կայացնելու համար:

Դիմումն այս տարվա հունիս ամսին ՍԴ էին ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորներ` խնդրելով հակասահմանադրական ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը, որով առաջնորդվելով՝ Վանաձորի ավագանու Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունները, լինելով փոքրամասնություն եւ չունենալով քվորում, այս տարվա մարտ ամսից գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտում են 2017թ. հոկտեմբերի 10-ից, երբ գաղտնի քվեարկությունից հետո Վանաձորի քաղաքապետ դարձավ հանրապետական Մամիկոն Ասլանյանը: Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը ստացած ընդդիմադիր երեք կուսակցությունները պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Մ. Ասլանյանի քաղաքապետ դառնալուց հետո, 33 անդամով ձեւավորված ավագանուց նիստերին մասնակցել է 15 հոգի, եւ քվորում չունենալով` որոշումներ են կայացրել:

Դիմումատուները վիճարկում էին ՏԻՄ օրենքի հիշյալ հոդվածը, դրա մեկնաբանությունը,  կիրառման պրակտիկան, վիճարկում էին նաեւ Վանաձորի ավագանու որոշումները, որոնք ընդունվել են ապօրինի նիստեր գումարելու արդյունքում:

ՍԴ-ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչեց ՀՀ սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-ր, 179-րդ հոդվածներին պահանջներին հակասող եւ, նկատի ունենալով իրավական անվտանգությունը չխախտելու վերաբերյալ օրենքի պահանջը, Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2018թ. մարտի 31-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով ՍԴ որոշման բովանդակությունն ու հետեւանքները, ասաց, որ այդ նորմը հակասահմանադրական է ճանաչվել, եւ այդ որոշումներն իրավական ուժ չեն ունենա ՍԴ-ի սահմանած ժամկետը լրանալուց հետո:

ՍԴ որոշումով հաստատված համարվեց, որ այդ նիստերը եղել են ապօրինի, ավագանու կայացրած որոշումներն իրավական ուժ չունեն եւ, ըստ էության, Աժ-ին ժամկետ է տրվել, որպեսզի շտկի այդ հակասահմանադրական նորմը:

Պատգամավորը նշեց, որ դեռեւս մեկ տարի առաջ դիմել էին Կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով, սակայն իրենց դիմումը մերժեցին, երկրորդ տարբերակը ՍԴ դիմելն էր: Դիմեցին, եւ կայացված որոշման համաձայն մեկ տարին լրանալուց հետո Վանաձոր համայնքի ավագանին պետք է լուծարվի: «Քաղաքական լուծումն այն է, որ Վանաձորում նոր ընտրություն պետք է նշանակվի: Նրանք այլեւս նիստեր չպետք է գումարեն, սա քաղաքական մեծամասնությանն ուղղված ուղերձ է»,- հայտնեց Է. Մարուքյանը:

Իսկ քաղաքական մեծամասնությունն այդ ժամին ունկնդրում էր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որը «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացման խոսքում հայտարարեց, որ այն Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է, զարգացել: «Բոլորիս համար հստակ է` ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա եւ լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը»,- ասաց նախարարը:

Իրական ժողովրդավարությունը կայանում էր ՍԴ-ում:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Նխշուն ամբիոնով, ծաղիկներով զարդարված, ամեն ինչ տեղ տեղին, իրենք էլ ուրախ ծափ են տալիս ու «հալվա», «հալվա» կանչում .... որ լսողների բերանը քաղցրանա! ՏԻՄ - ի ամենավնասակար ու խայտառակ քայլը գյուղական համայնքների բռնի միացումներն են: Հարկավոր է ուսումնասիրել թե այն որքանով էր մտածված, ժողովրդավարական ու սահմանադրական քանի որ պտուղները երեւում են արդեն: Պետք է դրանց հեղինակների վզին հստակ պատասխանատվություն դնել իրենց արածի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter