HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների հայտարարագրերի արժանահավատությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի և Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում լրացված տվյալները: Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից, հայտարարագրերի վերլուծության գործընթացի շրջանակում միջոցներ են ձեռնարկում դրանց արժանահավատությունն ու ամբողջականությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր նշված պաշտոնատար անձանց հայտարարագրերին, դրանց արժանահավատ լինելը կասկածելի է՝ չհայտարարագրած եկամուտների առումով:

Առուշ Առուշանյանին է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը, սակայն այդ մասին նա չի նշել իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում: Ըստ հարկային մարմնի, ընկերությունը գործող է, հետևաբար պետք է հայտարարագրեր նաև ստացած շահաբաժինն, ինչը չի արել:

Հակոբ Հակոբյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել էր, որ ունի բաժնեմաս, սակայն հայտարարագրում բացակայում է ստացված եկամուտը: «Հետք»-ը պարզել է, որ «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.՝ «Իշխան Արարատ» և «Վենլո» Հ/Ձ ընկերությունների կողմից: Ընթացքում մի քանի անգամ փոխվել են բաժնետերերը: Այժմ ընկերությունում 5-ական տոկոս բաժնեմաս ունեն Արմավիրի մարզի Արաքս համայնքի 5 բնակիչներ, ովքեր եղբայրներ ու ազգականներ են: Մնացած 75%-ը հավասարաչափ կիսում են ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը, վերջինիս դուստրը՝ Լենա Հակոբյանը և Առինջ գյուղի բնակիչ 25-ամյա Ծովինար Ղազարյանը:

Հանձնաժողովից փոխանցում են նաև, որ նշված երկու հրապարակումների առնչությամբ իրենք իրավասու չեն անդրադառնալ Առուշ Առուշանյանի կողմից պաշտոնի անհամատեղելիության պահանջների խախտման հարցին՝ շահերի բախման լույսի ներքո, ինչպես նաև Հակոբ Հակոբյանի՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու հարցին, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով նշված անձինք բարձրաստիճան պաշտոնատար անձ չեն հանդիսանում: Իսկ հիշյալ օրենքով Հանձնաժողովն իրավասու է բացահայտել բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման դեպքերը:

Չհարուցված վարույթներ ու չիրականացված սպասելիքներ

2017թ. տարեսկզբից առ այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է երեք դիմումներ, որոնցից երկուսն առնչվել են բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտների վարքագծին, ինչին գնահատական տալը դուրս է Հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակից: Ներկայումս ուսումնասիրվում է Հանձնաժողովին հասցեագրված մեկ դիմում, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողություններին: Թե որ պաշտոնյային է դիմումը վերաբերում, Հանձնաժողովը չի հրապարակում՝ պատճառաբանելով, թե առայժմ վարույթ հարուցված չէ, երբ հարուցվի՝ տեղեկատվությունը կհանրայնացվի:

Միաժամանակ, Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացնում է լրատվամիջոցների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և շահերի բախման կանոնների առերևույթ խախտումներին առնչվող հրապարակումների ուսումնասիրություն: Որոշ հրապարակումներում ներկայացված հանգամանքների ստուգման արդյունքներով ենթադրյալ խախտումների փաստերը չեն հաստատվել, ինչով պայմանավորված Հանձնաժողովը հանգել է հետևության, որ վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են:

«Դրա հետ մեկտեղ, ներկայումս աշխատանքներ են տարվում՝ ուղղված առանձին հրապարակումներում նշված հանգամանքները պարզելուն, որից հետո Հանձնաժողովը կլուծի վարույթ հարուցելու հարցը: Ընդ որում, հրապարակումներում նշված փաստերը Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում»,- «Հետք»-ին պատասխանել են Հանձնաժողովից:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ցանկը: Հայտարարատու պաշտոնատար անձանց (բացառությամբ պաշտոնավարողների) կողմից 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 15-ն էր: Հայտարարագրերի վերլուծության գործընթացը, օրենսդրական նոր կարգավորումներին համապատասխան, մեկնարկել է նշված ժամկետից հետո և ներկայումս ընթացքի մեջ է:

Հանձնաժողովի կողմից արդեն իսկ բացահայտված առերևույթ խախտումները քննության կառնվեն վարչական իրավախախտումների վարույթի շրջանակում: Հանձնաժողովի փոխանցմամբ՝ իրենք հետևում են նաև լրատվամիջոցների՝ հայտարարագրմանն առնչվող հրապարակումներին, և այդ առնչությամբ խախտումների մասին վկայող փաստերի առկայության դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական ընթացակարգեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter