Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Բագրատ Ասատրյան․ «Մենք մտնում ենք ժողովրդագրական ճգնաժամի շրջան, մոտենում ենք այն իրավիճակին, երբ բնական աճ Հայաստանը չի ունենալու»



2018 թվականի պետական բյուջեի նախագծի, կրթության ոլորտին բյուջեի հատկացումների նվազման և ՊՆ-ի կողմից ներկայացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ «Հետքը» զրուցել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ։

- Պարոն Ասատրյան, Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է իրատեսական կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագիծը։

- Իմ կենսագրության ընթացքում գոնե 20 բյուջեի նախագծի հետ աշխատել եմ, ծանոթացել, բոլորն էլ եղել են իրատեսական, խնդրի երկրորդ կողմն այն է, թե արդյոք այն կարո՞ղ է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։ Այս նախագիծը շատ հեռու է այն պահանջներից, որն ունի մեր երկիրը։ Ամենապարզից սկսեմ․ Հայաստանի թիվ մեկ առանցքային խնդիրներն են արտագաղթը, սոցիալական խայտառակ վիճակը, աղքատության բարձր մակարդակը, այս բյուջեն թվարկածս խնդիրներն ի՞նչ չափով է շտկելու, ցավով պետք է ասեմ, որ էական լուծումներ չեն լինելու։ Գիտեք, որ բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ։ Էական փոփոխություն կա նաև սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումներում, եթե 2017-ին սոցիալական, մշակութային, այդ թվում նաև առողջապահության ոլորտներին հատկացվել էր բյուջեի 47,7%-ը, ապա 2018-ի նախագծով այն 43,9% է, այսինքն՝ չորս տոկոսային կետով այս ուղղությունների հատկացումները կրճատվում են։ Հարց եմ տալիս՝ այդ կրճատման հետևանքով որևէ տեղաշարժ կունենա՞նք աղքատության, սոցիալական բևեռացման, այդ թվում արտագաղթի հարցում, միանշանակ ոչ։

Հայաստանի հիմնական խնդիրները, որոնք խեղդում են տնտեսությունը, կոռուպցիան, մենաշնորհները, բիզնեսի և իշխանության սերտաճումն են, մինչ այս համակարգը չքանդվի, Հայաստանի տնեսությունը չի կարող զարգանալ։

- Դուք խոսում եք իշխանության և բիզնեսի առանձնացման անհրաժեշտության մասին, բայց չէ՞ որ գործարարներից շատերն իրենց բիզնեսն ապահովագրում են հենց պատգամավորական մանդատով, ինչպե՞ս կարող է լուծվել այս խնդիրը։

- Մի կախարդական փայտիկ կա, քաղաքակրթություններն այդպես են զարգացել, գիտեք ո՞րն է՝ օրենքը։ Մենք հասել ենք նրան, որ տնտեսական խնդիրների պատճառները փնտրելիս պետք է գնանք դեպի քաղաքական վերնախավ, և եթե խոսում ենք մենաշնորհների վերացման մասին, պետք է առաջին հերթին խոսենք քաղաքական մենաշնորհի մասին․ մինչ դա չվերանա, տնտեսական մենաշնորհը չի կարող վերանալ։

- Նախադրյալներ չկա՞ն քաղաքական մենաշնորհի վերացման։

- 2017-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն նախադրյալ չկա, այլև ցանկություն։ Անցած տարի նոր վարչապետ եկավ, կարծես թե թարմ հարցադրումներով, սակայն ի՞նչ կատարվեց հետո։ Նա մասնակցեց գարնանային հանցագործությանը՝ ընտրություններին, ես այդ ընտրություններն այլ կերպ չեմ կարող կոչել, որովհետև համատարած կաշառք է բաժանվել, այն իր անդրադարձն ունենալու է տնտեսության վրա։ Երկրի երիտասարդության 85%-ն իր ապագան արտերկրում է տեսնում։

Պարոն Ասատարյան, քանի որ խոսեցիք երիտասարդության մասին, անդրադառնանք վերջին շրջանում երիտասարդների կողմից մեծ աղմուկ բարձրացրած նախագծի մասին, ըստ Ձեզ՝ արդարացվա՞ծ են երիտասարդների պահանջները, և խոսենք  կրթության և գիտության ոլորտներին թե՛ բյուջեի նախագծով, թե՛ կառավարության հնգամյա ծրագրով հատկացվող միջոցների կրճատման մասին, ինչո՞ւ է կառավարությունում կրթության կարևորությունն անտեսվում։

- Ես ունեմ իմ դիրքորոշումը տարկետման հետ կապված, ժամանակին մեր թիմի կողմից դրա արտահայտման արդյունքում էր, որ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական ներկայացրեց։ Միանաշանակ է՝ չի կարելի տարկետումը հանել, այն շատ փոքր խնդիր է լուծում, փաստակները, որ ներկայացնում են, թե կոռուպցիա է, փոխանակ կոռուպցիան վերացնեն, տարկետումն են վերացնում։ Ասում են` գիտության որակն ընկնում է, դա ճիշտ է, եկեք լուծենք այս խնդիրը, արդյոք տարկետման հարցը նման կերպ լուծելով մեր գիտությունը դառնալո՞ւ է ավելի գիտական․ փոխարեն ունքը դզենք, աչքն ենք հանում։ Չի կարելի այսպես, քանի որ ծավալային ոչ մի խնդիր չի լուծվում, երիտասարդը պետք է համոզված լինի, որ այս ընտրության մեջ նախապատվությունը կրթությանն է  տրվում։

Ինչ վերաբերում է կրթության և գիտության ոլորտներին հատկացվող միջոցների նվազմանը, այդ հարցին զայրույթով եմ վերաբերվում։ Այս իշխանությունների վերջին տասնամյակի՝ 2008-16 թվականների գործունեությունը ներկայացնենք, բյուջեի ընդհանուր եկամուտ-ծախս դրամային արտահայտությամբ աճը կազմել է մոտավորապես 1,160-165%, պետական ապարատի պահպանման ծախսերը՝ 250%, հասարակական կարգ, անվտանգություն` 200%, կրթություն, գիտություն 130%։ Այս տասը տարիների ընթացքում մենք հաստատ 30% գնաճ ունեցել ենք․ գիտությունն արդեն վաղուց աչքաթող եղած ոլորտ է, ինչքան էլ ասեն՝ ՏՏ ոլորտ, կրթություն և այլն, այս իշանությունները զրոյական վերաբերմունք ունեն կրթության  նկատմամբ։ Ֆինանսավորման տեսանկյունից ամենաթույլ ոլորտն իսկապես գիտությունն է, ես հուզական արտահայտվեմ՝   այս իշխանությունները գրել-կարդալ չեն  սիրում։ Ժամանակակից աշխարհը լրիվ այլ չափանիշներով է ապրում, երբ նայում ես զարգացող երկրների բյուջեները, այնտեղ առաջնային դիրքերից մեկում է գիտությունն ու կրթությունը։ Ես համալսարանում (ԵՊՀ) դասավանդում եմ, ի՞նչ է կատարվում այնտեղ, զարգացում ընդհանրապես չկա՝ սկսած լսարանների վիճակից մինչև ամեն ինչ։

- Իսկ միգուցե իշխանությունների համար անհրաժե՞շտ է նման սերունդ, որը բավարար կրթվածություն չունի։

- Այո, իրենց նման մարդիկ են հարկավոր, երկու օր առաջ  ռեկտորի կարգադրությամբ եկել էին դասաժամը ընդհատեցին ստուգելու ուսանողների ներկա-բացական, դա ինձ զայրացրեց, այդ ամենից հետո ես ի՞նչ վերաբերմունք ունենամ։ Ես ուսանողներիս ասացի՝ տեսնո՞ւմ եք  իշխանությունը ձեզնից ինչ է ուզում, որ դուք մնաք տգետ,  լավ կրթություն չունենաք և հլու-հնազանդ հերթական ընտրության ժամանակ գնաք տաս հազար դրամը վերցնեք ու իշխող ուժին քվեարկեք։ Ո՞վ է դարձել համալսարանի ղեկավարը, որ արգելում է  ձեզ արտահայտվել, ես երբեք կոչ չեմ անի դասադուլ անել,   իրենց էլ եմ ասել՝ ձեր դասախոսն եմ, պարտավոր եմ ներկա-բացակա անել, բայց նաև ասել եմ, եթե մեկը ձեր շահերի դեմ քայլ է անում, և դուք կռիվ չեք տալիս, ուրեմն դարձել եք այս քաղաքական համակարգի գերին։ Այն, որ ռազմական հատվածը, ՊՆ-ն նման խնդիր են  դնում, դա տրամաբանական է, բայց որ Մայր բուհը տեսակետ չունենա, չասի, որ նման խնդիր կա․․․ Համալսարանն  արդեն վաղուց իշխանության ձեռքում գործիք է  դարձել։

- Այսինքն ողջունո՞ւմ եք ուսանողների դասադուլը որպես պայքարի ձև։

- Իհարկե,  ես չպայքարելն եմ դատապարտում, մենք սովետական շրջանի ուսանող ենք եղել, այն ժամանակ նույնիսկ մտածելու համար կարող էին բանտ նստեցնել, բայց նույնիսկ այդ տարիներին համալսարանը շատ ավելի դեմոկրատական է եղել․ միտք է եղել, սկզբունքներ, հիմա այն դարձրել են թաղի խուժանի մակարդակով կառավարելի։ Պարզվում է, ռեկտորատի նիստ են հրավիրել, որպեսզի դասախոսները օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանեն, սա արդեն աբսուրդ է։ Գիտությունների ակադեմիա կար, մի հատ ծպտուն լսե՞լ եք այնտեղից, խոսքը գիտության և կրթության մասին է, իհարկե չկար։

- Պաշտպանության նախարարը խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս վստահեցնում էր, որ այն դեմոգրաֆիական խնդիր չի լուծում, Ձեր դիտարկումներով կարո՞ղ է լինել նման մտահոգություն։

- Վիճակը ծանրից էլ վատ է, մենք մտնում ենք ժողովրդագրական ճգնաժամի շրջան, ծնունդների ամենաքիչ թիվը գրանցվել է 2001-03  թվականներին, երբ ծնվող երեխաների թիվը նվազել է մինչև 30 հազար, համեմատելու համար ասեմ, որ մինչ 1990 թիվը տարեկան ՀՀ-ում ծնվում էր մոտ 80 հազար երեխա։ 2017-18 թվականներին էլ քիչ ծնված երեխաների սերունդն է մտնում զորակոչային, համալսարանական, նաև վերարտադրողական տարիք։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում այս վտանգը կա, ու ակնհայտ է, որ ամուսնությունների թիվն է կրճատվելու, ծնվող երեխաների թիվը, որն ալիքաձև տարածվելու է մեր ապագայի վրա։ Երկրորդ կողմը կա՝ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ աշխարհն աչքի ընկավ ծնելիության բումով՝ ծնվող երեխաների թվի աճով, այդ թվում՝ Հայաստանում։ 2018-ից սկսած կենսաթոշակային տարիքի է անցնում այդ սերունդը, այսինքն կտրուկ աճելու է կենսաթոշակառուների թիվը, և բյուջեի վրա ծանրաբեռնվածությունն ավելանալու է։ Գալիս ենք մի իրավիճակի, երբ մահացության թվի աճ է լինելու և ծնունդների թվի նվազում։ Այս տարվա ինը ամիսների կտրվածքով ծնելիության նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,4%, մահացության աճը՝ 0,7%։ Մենք մոտենում ենք այն իրավիճակին, երբ բնական աճ ՀՀ-ն չի ունենալու, ամեն ինչ տեսել ենք՝ ցեղասպանություն, արհավիրք, կոտորած, բայց նման իրավիճակ չենք ունեցել․ սա այսօրվա քաղաքական վերնախավի գործունեության թիվ մեկ արդյունքն է։ Այսուհետ պարգևներ տալուց թող ասեն՝ յուրաքանչյուրն ինչ մասնակցություն է սրանում ունեցել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բոլոր մարզերում բնակչության թվաքանակի նվազում ունենք, Տավուշում և Լոռիում արդեն ունենք բնական աճի բացասական ցուցանիշ՝ մահացությունը գերազանցում է ծնելիությանը, իսկ ծնելիության ամենացածր ցուցանիշը Սյունիքում է։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (3)
1. GB23:48 - 12 նոյեմբերի, 2017
Unfortunately when well educated Armenians find better paid jobs, emigrate, and leave country brainless! EU, US, and Russia love them all!
2. Nairi Uratatsi11:26 - 13 նոյեմբերի, 2017
Այն ինչ ասու;մ է պարոն Ասատրյանը, ճիշտ է ու դեռ ավելին՝ քիչ է ասված: Իրականում երկիրը կառավարվում էբացառապես սեփական, անձնական շահերն ու ամբիցիաներն սպասարկող մեծ ու փոքր իշխանիկների կողմից: Նրանք,չունենալով անհրաժեշտ հմտուտություններ ու մակարդակ, մտել են մի դոգմատիկ կառավարման սխեմայի մեջ, որն ընդամենը պարզ մեխանիզմներով ապահովում է երկրի ու ժողովրդի թալան, կողոպուտ՝ ի շահ անձնական ու ընտանեկան նյութական բարեկեցության, բայց՝ ոչ կենսապակարդակի բարձրացման: Այստեղ արդեն պետությունն ու ժողովուրդը 2-րդ պլան են մղված: Բնականաբար այսպիսի գաղջ մթնոլորտում, աշխատանքը, որը բարիք ստեղծելու միակ արժանապատիվ աղբյուրն է,դարձել է անցանկալի, քանզի չկա արժանապատիվ վարձատրություն: Կարճ ժամանակում հարստալու մոլուցքը ամեն բախտախնդրի բերում է խորրդարան, կատաղի պայքար է գնում իշխանության համար, որի արդյունքում երկիրն ու ժողովուրդը հասել են կործանման եզրին: Երկիրը դարձել է վաշխառուների,խանութպանների ու չարչիների երկիր, որի արդյունքը աղետալի է:
3. Աշոտ14:54 - 14 նոյեմբերի, 2017
Դե էտ 20բյուջեներից հատկապես քո իշխանության ժամանակ եղածների չափն ասա ինչքաներ, 100-150 մաքսիմում 300միլիոն դոլլար։ Ուսուցչին 10-15դոլլար աշխատավարձ էիք տալիս։ Որ հիմա կործանման եզրինա բա Ձեր ժամանակ ինչեր՞ Որ մեկիդ իշխանությունից հանում են, նոր դառնում եք ժողովրդի մասին մտածող։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ