HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Մանյունյան»՝ հայերեն․ Նարինե Աբգարյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի շնորհանդեսը։ Կամերային թատրոնում, բառիս բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չկար։ Լսարանը խիստ բազմաշերտ էր․ ոգեւորվածության ալիք կար, անկեղծ մթնոլորտ, մեկը մյուսին շնորհավորելու տրամադրություն։ Գրողին մոտենալը (նույնիսկ գրքի մակագրության համար) գրեթե անհնար էր։

«Մանյունյան» հենց այն գիրքն է, որի հրատարակումից հետո Նարինե Աբգարյանը գրավեց ընթերցասերների լայն շրջանակների հետաքրքրությունը։ Այն հրատարակվել է Մոսկվայում 2010թ․-ին եւ ստացել Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակ։ Թարգմանվել է տասից ավելի լեզուներով։ Վաճառվել է գրքի երկու հարյուր հազար օրինակ։ Թեեւ գիրքը որակում են որպես մանկական գրականության նմուշ, հեղինակն ասում է, որ այն նախատեսված է 0-ից 100 տարեկան «երեխաների» համար։

«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին։

«Մանյունյան» հայերեն թարգմանել է ծնունդով բերդցի թարգմանիչ Նարինե Գիժլարյանը․ «Մեկ տարի տեւեց թարգմանելու պրոցեսը, որն ինձ համար անչափ հաճելի ու հետաքրքիր էր։ Ես որոշ երկխոսություններ որոշեցի հենց բարբառով ներկայացնել, եւ երբ Նարինեին ասացի այս միտքը, միանգամից համաձայնությունը տվեց։ Իհարկե, դրանք, ինչպես ինքը գրողն է նշում, երկրորդական հերոսների երկխոսություններն են եւ շատ մեծ տեղ չեն զբաղեցնում գրքում»,- ասում է Գիժլարյանը։

Հայերեն թարգմանության մասին Նարինե Աբգարյանը նշում է․ «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա եւ ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»։

«Մանյունյան» լույս է տեսել հայերեն «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի աջակցությամբ՝ 1000 օրինակով։ Գրքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter