Շաբաթ, 25 նոյեմբերի

Փլուզվող հանրակացարանի բնակիչները դատարանում պայքարում են իրենց փաստացի բնակարանների համար


10-ամյա Էլենն ասում է, որ երբ անձրև է գալիս, անձրևանոցով է շրջում տանը, ու տան եղած թասերն ու տաշտակները չեն հերիքում, հարևաններից են խնդրում:

«Պատերին չկպնեք, տոկ է խփում»,- զգուշացնում է Էլենը:

Մայրը՝ Հռիփսիմե Հովսեփյանը, հաստատում է դստեր ասածը: Օրեր առաջ տեղացած անձրևներից տունը ջրի մեջ էր, եթե վառարան միացնի, խոնավությունից կխեղդվեն: Հռիփսիմեն 4 անչափահաս երեխա ունի: Բնակվում են Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքում: Այն 4-րդ կարգի վթարայնություն ունի: Այս շենքի պատմությանն անդրադարձել էինք այս տարվա հունվարին:

Հռիփսիմեն ասում է՝ օրեցօր շենքը փլուզվում է: Օրեր առաջ իրեն ու 1 տարեկան 10 ամսական որդուն՝ Արթուրին, հարևաններն են փրկել:

Պատշգամբում լվացք փռելիս հատակի մի մասը ջարդվել, ընկել է, երեխայի հետ կախված են մնացել ճաղերից: Ասում է՝ եթե չգոռար, հարևանները չհավաքվեին, չէին փրկվի: Հռիփսիմեն լռում է:

Տան գորգը դեռ թաց է, պատերը խոնավ են: Զգեստապահարանում հագուստն էլ խոնավ է: Հռիփսիմեն աշխատում է, ասում է՝ գնում եմ մարդկանց տները մաքրում, բա ինչ անեմ: 2 տարեկան դուստրը՝ Հասմիկը, հիվանդ է: Հաճախ են հիվանդանոցներում լինում: Երեխան, Հռիփսիմեի խոսքով, սրտի արատ ունի, տան խոնավությունն էլ է ազդում առողջության վրա:

Հանրակացարանի երկար միջանցքները մռայլ են, խոնավ: Պատերին կախված հոսանքի լարերին սև փոշի է նստել: 4-րդ հարկի միջանցի ծայրի դռան մոտ ժապավեն են կապել: Այստեղ չի կարելի մտնել: Հարևաններն ասում են՝ չորս օր առաջ պատշգամբը փլուզվել է, արտակարգ իրավիճակների նախարարությունից եկել են, փակել մուտքը:

Հունվարին մեր այցելությունից հետո ժամանակը, իսկ ավելի ճիշտ՝անձրևային եղանակն իր խորը հետքերն է թողել շենքում:

Գալինա Միքայելյանի տունը, կարծես, ավերակ լինի: Հյուրասենյակ հիշեցնող սենյակում թասեր են դրված: Թեև այսօր անձրև չի եկել, բայց առաստաղից ջուր է կաթում: Հարևաններն ասում են՝ Գալինան այլևս չի կարողանում տանը մնալ: Արևոտ եղանակներին «լեժանկայով» քնում է միջանցքում, իսկ անձրևոտ եղանակներին ապաստանում է հարևանների տանը:

Բնակիչներից Կարինե Աբրահամյանը (լուսանկարում) նշում է, որ արդեն մի քանի ամիս է՝ վախենում են հոսանքին կպնել: Խոնավությունը չի անցնում, վարդակները վտանգավոր են դարձել: Օրինակ, ասում է, եթե ճաշ եփելիս գդալով խառնեն, հոսանքը կխփի, պարույրաձև «պլիտան» պիտի անջատեն, հետո խառնեն ճաշը:

Թագուհի Ենգիբարյանն (ներքևի լուսանկարում) ասում է, որ այսօր լվացքի մեքենայից շորերը հանելիս հոսանքահարվել է: Տանն արդեն վախենում են լույս ու էլեկտրական սարքեր միացնել: Երկու ամիս առաջ էլ պատշգամբում լվացքը փռելիս ընկել է, ոտքը ջարդել: Ոստիկանությունից եկել են, արձանագրություն կազմել, գնացել: Բնակչուհին ցույց է տալիս ոտքը: Հիվանդանոցում ասել են, որ 300 հազար դրամ է վիրահատությունը:

Մարիետա Հովհաննիսյանն էլ ցույց է տալիս ննջասենյակի առաստաղը, որտեղից օրեր առաջ մի մեծ քար է ընկել: Նրա ասելով՝ շենքում բոլորի տներն էլ նույն վիճակում են: Նոյեմբերի 9-ին Մարիետան զանգահարել է ԱԻՆ փոխնախարար Վրեժ Գաբրիելյանին՝ վրան խնդրելու համար: Ասում է՝ վիճակն արդեն սոսկալի է, մտածում են երեխաների մասին: Վրան խնդրել է՝ գոնե երեխաներին բակում տեղավորելու համար: Նույն օրը ԱԻՆ-ից, թաղապետարանից և քաղաքապետարանից գնացել են շենք:

Դրանից հետո բնակիչներին ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Վերջինս, Մարիետայի խոսքով, ևս մտահոգված է հարցով և խոստացել է բնակիչներին, որ վերաբնակեցում անպայման լինելու է:

Ծրագրերը փոխվել են: Մինչ այդ քաղաքապետարանը որոշել էր նախ շենք կառուցել վթարային հանրակացարանի բնակիչների համար, ապա կատարել վերաբնակեցումը, բայց փոխքաղաքապետ Նիկոյանը, ըստ Մարիետայի, տեղեկացրել է, որ 2014-ին բնակարանային ֆոնդում խնայողություններ են արել, և կարող են մի քանի շենքերում տեղավորել իրենց: Խնդիրն այն է, որ գործընթացը հնարավոր չէ միանգամից կատարել, քանի որ հանրակացարանի 16 բնակարանների հարցով դատական վեճ կա:

Մարիետա Հովհաննիսյանը այս տարվա հունիսից շենքի լիազոր է դարձել: Նախկին լիազորը՝ Հարություն Հարոյանը («Դողագործ» ՓԲԸ-ի (անվադողերի գործարանի) արհմիության նախագահն է- հեղ.), Մարիետայի պատմելով, խարդախություններ է կատարել և 16 բնակարաններ ապօրինի սեփականաշնորհել: Բնակչուհին նշում է, որ չգիտի, թե ինչպես է Հարոյանն արել դա: Դառնալով լիազոր՝ Մարիետան հիմա պայքարում է այդ 16 ընտանիքների բնակարանների համար, քանզի միայն դատարանի վճռից հետո վերաբնակեցումը կարող են կատարել:

«Քաղաքապետարանն է ներկայացրել հայցը: Հոկտեմբերի 25-ին առաջին դատական նիստն էր Վերաքննիչ դատարանում: Մենք գնացել էինք բնակիչներով: Դատավոր Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ այդպես համախմբված չգնանք: Իմ ձեռքին մի փաստաթուղթ կար, որ վկայում էր Հարություն Հարոյանի խարդախությունների մասին. 8-րդ շենքից (այն ևս 4-րդ կարգի վթարային է) մի բնակիչ դատի էր տվել Հարոյանին կրկին ապօրինի սեփականաշնորհման գործով»,- պատմում է Մարիետան ու հավելում, որ դատը բնակիչը շահել է:

Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքում մոտ 75 բնակարան կա, շուրջ 250 բնակիչ: Նրանք դիմումներ են պատրաստել՝ ուղղված Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին՝ խնդրելով իրենց ընդառաջել, դատական քաշքշուկը մինչև նոյեմբերի 25-ը լուծել տալ, որպեսզի բոլոր բնակիչներով գոնե մինչև տարեվերջ վերաբնակեցվեն:

«Շենքն օրեցօր փլուզվում է, եթե այստեղ զոհ լինի, դա արդեն իրենց խղճին է մնալու»,- ավելացնում է Մարիետան:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանություններ (2)
1. Մարգարիտա01:44 - 14 նոյեմբերի, 2017
Երբ երկիը անիշխանության է երկիրն էլ անուշադրության մատնված է: Էհ Երկիր երկիր հարուստին աղքաթնա հացով ու ջրով սնում հարուստ չկա մի ձեռք էլ այսընտանիքների պահպանի
2. Քնարիկ01:47 - 14 նոյեմբերի, 2017
Դիմեք Սուր-Անկյուն հաղորդաշարին մի օրվա ընդացքում խնդիրերը կլուծվի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։