Շաբաթ, 25 նոյեմբերի

Ոսկեվանը խոշորացումից հետո



Մեկ տարի առաջ խոշորացված Նոյեմբերյան համայնքի բյուջեի 2017թ.-ի եկամուտները կազմում էին  423 մլն 468 հազար դրամ: Բյուջեի 42 տոկոսը կազմում է աշխատավարձը: Նոյեմբերյան համայնքի մեջ մտնում  են Նոյեմբերյան քաղաքային, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Դովեղ, Բերդավան սահմանային և ոչ սահմանային Ջուջեվան համայնքները:

«Խոշորացված համայնքի  բյուջեն 9 համայնքների բյուջեն է՝ միացված տեսքով: Չմիացված ժամանակ էլ  սահմանային գյուղերի բյուջեում փող չկար, խոշորացված համայնքի բյուջեում էլ փող չկա: Նախկին գումարն է, կարող է 1-2 մլն դրամ ավել լինի։ Ամեն գյուղապետարանից մի քանի մարդ կրճատվեց աշխատանքից: Խոշորացման խնայողությունը դա է »,-ասում է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Ոսկեվանի լիազոր ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանը:

Նոյեմբերյան խոշորացված համայնքի  2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրում նախատեսված 9 ծրագրերի  իրականացման համար համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը նախատեսել  է մոտ 1 միլիարդ 86 մլն դրամի ծախսեր, սակայն զարգացման 5-ամյա ծրագրում համայնքապետը չի կանխատեսել դրանց ֆինանսավորման աղբյուրները: Նախատեսված 9 ծրագրերից Կ. Աբազյանը 7-ն  իրականացնելու է Նոյեմբերյանում: Մեկ ծրագրով՝ 182 մլն դրամ նախահաշվային արժեքով ոռոգման ներքին ցանց  է կառուցվելու սահմանային Կոթի գյուղի 330 հա մշակելի  հողատարածքների համար: Մեկ ծրագրով համայնքի 3 բնակավայրերում 6,3 մլն դրամ ներդրումով պտղի և հատապտղի չորանոցներ են կառուցվելու: Թե որ բնակավայրերում են այդ չորանոցները կառուցվելու, հնգամյա զարգացման ծրագրում նշված չէ։ 

Սերյոժա Ալեքսանյանի խոսքով, եթե սահմանային գյուղերի ամենափորձառու համայնքապետն էլ ընտրված լիներ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար, չէր կարող լուծել 9  գյուղերի զարգացման խնդիրները:

«Մի մարդը չի կարող 9 համայնք  ղեկավարել»,- բացատրեց նա: Ոսկեվանը 3 կմ  երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին: Գյուղն ունի 1527 բնակիչ: Ս. Ալեքսանյանի ասելով` Ոսկեվանի և սահմանային մյուս գյուղերի զարգանալ, չզարգանալը մի քանի տարի հետո կերևա: Այս տարի Ոսկեվանում նախկին տարիներին խոստացված ծրագրեր են իրականացվել: Բժշկական նոր ամբուլատորիա է կառուցվել: Այն պետք է սպասարկի երեք սահմանամերձ գյուղերի: Գյուղի կենտրոնը միջհամայնքային ճանապարհին կապող  փողոցն է ասֆալտապատվել:

«Մեր վերանորոգված ճանապարհի գումարը պետբյուջեից է հատկացվել: Անցյալ տարի ես` որպես Ոսկեվանի գյուղապետ, Հովիկ Աբրահամյանին դիմել եմ, մարդը պետբյուջեից հատկացում է արել: Դա խոշորացված համայնքի բյուջեի հետ կապ չունի»,- ասում է Ս. Ալեքսանյանը:

Սահմանամերձ գյուղերի միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարությամբ Ոսկեվանում մեկ կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել: Ջրագծի կառուցմամբ հնարավոր է դարձել գյուղի տնամերձ հողամասերը ոռոգել:

Կարմիր խաչի միջոցով հակառակորդի նշանառության տակ գտնվող Ոսկեվանի տների պատուհանները, տանտերերի ցանկությամբ, պատով փակվել են: Ս. Ալեքսանյանի խոսքով  գումարը չհերիքելու պատճառով ամբուլատորիա գնացող ճանապարհի 100մ հատված չի ասֆալտապատվել: «Դպրոցի ճանապարհի մի 300-400 մետր հատվածը ասֆալատապատված չէ, դա էլ պետք է արվի», -ասում է Ս․ Ալեքսանյանը։

Ոսկեվանը 380 հա անջրդի հող ունի: Դրա մեծ մասը խոտհարք է օգտագործվում: «Էսօր սահմանամերձ մեր հարևան ոչ մի գյուղ վարելահողերի ոռոգման ջուր չունի: Մենք Ջողազի ջրամբարից ջուր ունեինք: Հիմա Ջողազը մարտական երկու հենակետերի արանքում է մնացել, կրակի տակ է: Այդ ջրամբարը աշխատացնել հնարավոր չէ, դա արդեն միջազգային խնդիր է»,- բացատրում է Ս. Ալեքսանյանը: Անջրդի հողերը երբեք ոսկեվանցիներին չեն կերակրել: Ս. Ալեքսանյանի ասելով` ոսկեվանցիները իրենց  հացի փողը միշտ աշխատել են դրսում:  

«Մեր գյուղում արտագաղթ չկա, կա արտագնա աշխատանք: Տարվա կտրվածքով Ոսկեվանից 120-140 մարդ գարնանը գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, աշնանը՝ գալիս: Հիմա գալու ժամանակն է, օրական մի 5-10 մարդ գալիս է: Դրա համար մեզ մոտ ոչ հողագործությունը, ոչ անասնապահությունը զարգացած չէ»,- ասում է Ս. Ալեքսանյանը: Վերջինս 10 տարի ղեկավարել է Ոսկեվան գյուղը: Մինչ խոշորանալը Ոսկեվանի բյուջեի եկամուտները կազմել են մոտ 30 մլն դրամ։

«Խոշորացմանը մենք վնաս արինք: Գյուղում 23 մլն դրամի լուսավորության աշխատանքներ ենք արել, 5 մլն.դրամ հրատապի ծրագրից ենք բերել: Հիմա ես էլ լինեի Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարը, եթե սահմանային Դովեղում լույս, կամ ջուր չկա, առաջնային պետք է էդ հարցը լուծվի,չէ՞: Ոսկեվանում էդ հարցը լուծված է: Էսօր մեր գյուղում  հանդիսությունների սրահ պիտի կառուցվի: Եթե Ոսկեվանը անկախ լիներ, մեր հանդիսությունների սրահի խնդիրը մեր բյուջեով անհապաղ կլուծեինք: Մեր համայնքային կենտրոնը պետք է կառուցվեր, էն էլ  խոշորացումը մեջն ընկավ»,- ափսոսանքով ասաց  նախկին գյուղապետը:

«Ոսկեվանում խոշորացումից հետո ոչ մի բան էլ փոխվել չի: Եթե Ոսկեվանում աշխատանք լինի, ժողովուրդն աշխատի, ամեն ինչ լավ կլինի: Դե մենք սահմանի ըռխումն ենք, որ մի օր կրակում չեն, զըրմանում ենք: Առաջ շատ էին կրակում, հմի քչացել ա»,- ասաց  Դերուշ Սահակյանը:

«Մի զինվոր սպանեցին մեր գեղումը»,- հայտնեց Դերուշի կին Շուրան:

«Մին էլա, տհե բան էլած չէր, էս տարի մեր Խլեզ ձորի արտերը վառեցին: Մի տարի առաջ էլ, մի 80 տարեկան չոբան ունեինք՝ Հրանտիկ Սարգսյանին ոչխարն ըրածացնելիս մեր հանդերումը սպանեցին»,-ավելացրեց Դերուշը:

Ոսկեվանի սահմանային  դիրքերում  2015թ. հունվարի 17-ին զոհվել է 21-ամյա Արման Հարությունյանը։ Արմանը զինվորական ծառայությունից վերադարձել է 2014թ.-ի հունիսին: «Նկատում էի, որ  հաճույքով էր ծառայում: Սիրում էր զինվորական գործը»,- պատմում է մայրը` Նարինե Ծատինյանը։ Երբ Արմանը զորացրվել է, Ոսկեվանի դիրքերում իրավիճակը լարված է եղել: Ծնողներն Արմանին առաջարկել են գնալ Ռուսաստան՝ կրթությունը շարունակելու։

«Ասաց՝ չէ: Ես գյուղը և իմ հարազատներին էսենց կրակոցների տակ չեմ կարող թողնել ու գնալ»,- պատմում է մայրը: Արմանը պայմանագրային ծառայության է անցել սահմանային զորամասում: 7 ամիս հետո զոհվել է։

Նարինե Ծատինյանը հինգ երեխա ուներ՝ 3 տղա, 2 աղջիկ: «Արմանս զոհվել ա, փոքր տղաս Շամշադինում զինվորական ծառայության մեջ է: Արմանի մահից մեկ օր առաջ մեծ  տղաս տղա ունեցավ: Թոռնիկս հիվանդանոցից դուրս գրվեց Արման անունով:

«Հունվարի 9-ին Արմանի 21 տարեկանը լրացել էր, հունվարի 17-ին տղաս զոհվեց: Արմանս շատ գեղեցիկ էր, մոտ երկու մետր բոյ ուներ՝ գոտկատեղը նեղ, թիկունքը լայն երիտասարդ էր»,- պատմում է մայրը:

«77 տարեկան եմ: Մեր Ոսկեվանի սահմանին 7 տարի Սերգեյ Կարապետյանի զորքում եմ եղել: Մեր գյուղացիների տեղը նեղ ա: Պետությունը պետք է հասկանա, եթե Ոսկեվանը դատարկվի, մեր սահմանը կթուլանա: Հիմա Ոսկեվանի պաշտպանությունը նորմալ է: Եթե սահմանի վիճակը ադրբեջանցիները փորձեն սրել, իմ դողացող ձեռքերն էլ  պետք է զենք վերցնեն»,- ասում է Ժոֆետ Ղազինյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սերգո13:03 - 13 նոյեմբերի, 2017
Հա մտածում եմ թե էտ խոշորացումը ընչի արին: Բայց դե մի բան պտի անեին, բա իրանք ընչացու են: Մի քանի տարի անց կկենա, հմի էլ մանրացում կանեն՝ թե տեհաք ես ինչ լավ բան արինք, ժողովուրդը շատ չէր ուրախ խոշորից....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ