HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը 7 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում Սամվել Բաբայանի համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանն ընթերցեց մեղադրական ճառը` ամբաստանյալների համար պահանջելով 2-ից 7 տարի ժամկետով ազատազրկում:

Մասնավորապես` Սամվել Բաբայանի համար դատախազությունը 7 տարի ազատազրկում է պահանջում, Սանասար Գաբրիելյանի համար` 4, Արմեն Պողոսյանի համար` 3, փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի համար` 2, Կարեն Քոչարյանի համար` 3 տարվա ազատազրկում: Փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալներ Ժորա Զաքարյանի և Անդրանիկ Քոչարյանի համար մեղադրողը 2 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց և միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել` նրանց նկատմամբ 3 տարի փորձաշրջան սահմանելով:

Մեղադրողը հիմնավորված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքն ու կարծիք հայտնեց, որ դատաքննության ընթացքում փորձ է արվել պարզունակ մեթոդներով ստվեր գցել օրենքի խստիվ պահպանմամբ իրականացված նախաքննության վրա: 

Անդրադառնալով «Իգլայի» գործով անցնող ամբաստանյալների այն դիտարկմանը, թե իգլայի խողովակը ռազմամթերք չէ, այլ սոսկ խողովակ, Արամյանը, հղում կատարելով գործով իրականացված փորձագիտական եզրակացությանը` նշեց, որ այն ռազմամթերք է, և տարօրինակ համարեց, որ պաշտպանության ոլորտում փորձ ունեցող և բարձր պաշտոն զբաղեցրած անձը չի տարբերում խողովակը զենիթահրթիռային համալիրից: 

Արամյանն ընդգծեց, որ Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանն առանձնապես ակտիվ դեր են կատարել նրանց մեղսագրված արարքներում, և դա դիտարկեց որպես ծանրացուցիչ հանգամանք: 

Այսպիսով, դատախազությունը հիմնավորված է համարում մեղադրանքում նշված հետևյալ հանգամանքները: 

Ըստ մեղադրանքի` 2016 թվականի հուլիս ամսին Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող իր մտերիմ Sիգրան Հարությունյանի՝ գործով դեռևս չպարզված ծանոթներն ունեն հափշտակված, ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար: 

Այդ նպատակով, ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը դիմել է Երևանի բնակիչ Կարեն Քոչարյանին, որը համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: 

Սամվել Բաբայանն, ըստ մեղադրանքի, Տիգրան Հարությունյանի ծանոթներից փորձնական ձեռք է բերել քիչ քանակությամբ մի քանի թղթադրամ, որոնք փոխանցել է Կարեն Քոչարյանին, վերջինս էլ իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: 

Ժոռա Զաքարյանն իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին: 

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ՝ Սամվել Բաբայանը ձեռնամուխ է եղել թղթադրամի առաջին մեծ խմբաքանակը` 2 մլն 648 հզ 180 ՀՀ դրամին համարժեք 5000 եվրոյի Հայաստան բերելու գործին: 

Ըստ մեղադրանքի` Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ, իր ծանոթ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ թղթադրամը փոխանցվել է Դավիթ Հարությունյանին, վերջինս ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է, իսկ թղթադրամն՝ առգրավվել:

Ինչ վերաբերում է «Իգլայի» վերաբերյալ հոդվածին, ապա, ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, իր ընկեր Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: 

Ըստ մեղադրանքի` Սանասար Կարապետյանը Իգլայի տեղափոխման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռոբերտ Ա.-ի ( վերջինս այս գործի շրջանակներում Վրաստանում ձերբակալված անձն է, ով դեռևս Հայաստանի Հանրապետությանը չի արտահանձնվել) հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու վերաբերյալ: 

Ըստ գործի նյութերի՝ 2017 թվականի մարտ ամսին Ռոբերտ Ա.-ն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն Հայաստան է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում: Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Սանասար Գաբրիելյանի ցուցումով Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը ռազմամթերքը նկարել են և լուսանկարը ցույց տվել Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, որ խոստացել է Գաբրելյանին 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, ինչպես նաև հանձնարարել ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը: 

Սակայն Հրաչյա Մայիլյանն, ըստ գործի նյութերի, 2017 թվականի մարտի 22-ին ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Մայիլյանի նկատմամբ «իգլայի» գործով քրեական հետապնդում չի իրականացվել: 

Վերը շարադրված արարքները կատարելու հանգամանքը հաստատված համարելով` նախաքննական մարմինը Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը), Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը): 

Մեղադրական ճառի հրապարակումից հետո գործով պաշտպանները ժամանակ խնդրեցին` պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 20-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter