Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Բջջային կապի շուկայում անկումը խորանում է, հարկերը՝ նվազում



Հայաստանյան բջջային կապի ոլորտում անկումը գնալով խորանում է։ Ամենաթարմ տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին բջջային կապի հասույթը կազմել է 46.7 մլրդ դրամ։  Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (ՀՀ ԱՎԾ)՝ 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը 24.5%-ով նվազել է։

Բջջային շուկայում անկումը սկսվել է 2014 թվականից։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս բջջային օպերատորները, գոնե, առայժմ պարտվում են OTT (անգլ. Over the Top) ծառայությունների հետ պայքարում։

2014 թվականին բջջային կապի ոլորտում հասույթի անկումը կազմել է  3.1%,  2015 թվականին` 8.8%, 2016 թվականին՝ 16%։

Բջջային կապի շուկայում հասույթի անկումը բացասաբար է ազդում հեռահաղորդակցության շուկայի ընդհանուր հասույթի վրա։ Ու չնայած ինտերնետի շուկայում ընկերությունների հասույթը մեծանում է, սակայն ազդեցությունն այնքան մեծ չէ, որ հեռահաղորդակցության ընդհանուր ցուցանիշն աճի միտումներ ցույց տա։ Ընդ որում՝ նկատի ունենանք, որ բջջային կապի երեք օպերատորները նաև ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներն են։

Այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապի ոլորտի հասույթը կազմել է շուրջ 107.8 մլրդ դրամ, որից շուրջ  101.5 մլրդ դրամը հեռահաղորդակցության ոլորտն է ապահովել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` կապի հասույթը նվազել է 5.8%-ով, իսկ մասնավորապես հեռահաղորդակցության հասույթը՝ 6.6%-ով։ Սրանք կրկին վիճծառայության տվյալներն են։

Եթե միայն հեռահաղորդակցության ոլորտն ենք դիտարկում, ապա այս հունվար-սեպտեմբերին միայն ինտերնետ հասանելիության ծառայություններից գոյացել է 33.3 մլրդ դրամ, իսկ բջջային կապից՝ 46.7 մլրդ դրամ։ Ինչպես նշեցինք, բջջային կապի շուկայում հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24.5%-ով։ Իսկ ինտերնետի ոլորտում գրանցվել է 38.2% աճ։  

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

Եվ եթե բջջային կապի շուկայում հասույթի անկումն այս տարի խորացել է, ապա ինտերնետի շուկայում աճի տեմպն է արագացել։ 2016 թվականին ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը, 2015 թվականի համեմատ, աճել է  ընդամենը 2%-ով։ 

Շուկայի գլխավոր խաղացողներից երկուսի հարկերը նվազել են

Հայաստանում բջջային կապի ծառայություններ մատուցող երեք ընկերություններից երկուսը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն (ապրանքանիշը՝ VivaCell-MTS) ու  «ԱրմենՏել»-ը (Beeline)  այս տարի կրճատել են պետբյուջե վճարվող հարկերի ծավալը։

Այսպես, այս հունվար-սեպտեմբեր ամիսներին «ՄՏՍ Հայաստան»-ը հանրապետության 1000  խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 12-րդ տեղը՝ վճարելով 7.5 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։  2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` ընկերության վճարած հարկերի ծավալը նվազել է ավելի քան  3.2 մլրդ դրամով կամ 30.2%-ով։ Իսկ խոշորների ցանկում զբաղեցրած դիրքը զիջել է 5 հորիզոնականով։

Իսկ «ԱրմենՏել»-ը խոշոր հարկատուների ցանկում այս անգամ զբաղեցրել է 14-րդ տեղը՝ վճարելով 6.8 մլրդ դրամի հարկեր։ Ընկերության հարկերի ծավալը նվազել է 2.3 մլրդ դրամով կամ 25.4%-ով։ «ԱրմենՏել»-ն այս ցանկում դիրքը զիջել է 4 հորիզոնականով։

Իսկ «Յուքոմ»-ը հարկերի աճ է գրանցել։ Ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա հունվար-սեպտեմբերի հարկերով զբաղեցրել է 16-րդ տեղը։ Հարկերի ծավալը կազմել է մոտ 4.7 մլրդ դրամ, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 1.6 մլրդ դրամ կամ 52.5%: Խոշորների ցանկում «Յուքոմ»-ը նախորդ տարի 25-րդ հորիզոնականում էր։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

Ընդհանուր առմամբ, բջջային երեք օպերատորների վճարած հարկերի ծավալը տարվա առաջին ինն ամիսներին կազմել  է 18.98 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ այն նվազել է 3.95 մլրդ դրամով կամ 17.2%-ով։ Հիշեցնենք, որ նույն ընկերությունները նաև ինտերնետ հասանելիության ծառայություններ են մատուցում։ Այսինքն՝ հարկերը գոյանում են ոչ միայն բջջային կապի ծառայություններից, այլև՝ ինտերնետի։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ