Հինգշաբթի, 23 նոյեմբերի

«Այդ վերաբերմունքը հարիր չէ ԱԺ-ին»․ ուսանողները շարունակում են իրենց պայքարը



Չնայած Ազգային ժողովում նոյեմբերի 10-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը, սակայն ուսանողները շարունակում են դասադուլը։ ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների լսարաններում շարժման մասնակիցները թողել էին թռուցիկներ՝ կոչ անելով միանալ իրենց։

Դասադուլավորները բոլոր ֆակուլտետների դիմաց դասախոսներին ու ուսանողներին դուրս հրավիրեցին լսարաններից՝ մեկնաբանելով․ «Մեզ ասում են՝ փոքրամասնություն եք, թող դուրս գան, համոզենք, որ մեծամասնություն ենք»։

«Հանուն գիտության զարգացման» շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ունեն նախնական պայմանավորվածություն տարբեր կառույցների հետ, պատրաստվում են ակցիա իրականացնել, սակայն չցանկացավ մանրամասնել՝ ինչ բնույթի․ «Հենց որ սկսենք, պարզ կդառնա բոլորին»։

Հարցին, թե արդյոք օրինագծի քննարկմանը քվորում չապահովելու մեջ դիտավորություն կար, վերջինս պատասխանեց․ «Նման քայլերը խաթարում են մեր բանակցային գործընթացը ու ստիպում, որ մենք մտածենք այլ քայլերի մասին։ Մեզ թույլ չտվեցին մասնակցել կառավարության լսումներին, բայց և ոչ աշխատանքային ժամին գումարվեց նիստ, որի ընթացքում տարկետման հարցը չքննարկվեց էլ։ Այդ վերաբերմունքը հարիր չէ ԱԺ-ին»։

Շարժման մասնակիցները հայտարարում են՝ իրենք պատրաստ են ընդունել իրենց տեսակետը հարգող ցանկացած քաղաքական ուժի համագործակցության առաջարկը։ Միաժամանակ կասկածում են՝ Հայաստանում ընդդիմություն կա, թե ոչ:

«Եթե իշխանությունն առաջարկում է որևէ օրինագիծ, ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի։ Էս պարագայում ընդդիմությունը չի քննադատում իշխանությանը։ Ուրեմն ինչ-որ խնդիրներ կան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։

Համացանցում վերջերս տարածված լուսանկարը, որտեղ երևում է դասադուլավորների խումբը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարի մոտ, շարժման մասնակիցները որակեցին որպես իրենց դեմ օգտագործվող գործիք:

 «Ասում են՝ «մի՞թե Ռոբերտը չէր ուզում զբաղվել գիտությամբ»։ Երանի մենք Աբաջյանի նման մի քանի հոգի ունենայինք։ Այսօր բոլորովին այլ պայմաններում ապրելիս կլինեինք։ Բայց ֆեյսբուքյան այդ կեղծ հայրենասերները, ովքեր մեզ որակում են որպես «դասալիքներ», շահարկում են միայն այն ամենը, ինչը ձեռնտու է իրենց»,- նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Գեղամ Ասատրյանը։

 Նա քննադատեց նաև վերջին օրերին շարժման մասնակիցներին ուղղված այն հայտարարությունները, թե «ամեն երկրորդն այսօր գիտնական է»․ «Դա հակափաստարկ է՝ ուղղված մեզ։ Ասում են՝ մենք գիտենք, թե այդ խորհուրդներում, որոնք շնորհում են թեկնածուական և դոկտորական աստիճաններ, ինչ է կատարվում։ Տեսնում ենք՝ ովքեր են ստանում դրանք։ Ներողություն, մե՞նք ենք մեղավոր։ Բարի եղեք՝ գիտական խորհուրդներում ինչ-որ բան փոխել»։

Դասադուլ անցկացնող ուսանողները ԵՊՀ-ից շարժվեցին դեպի մյուս համալսարաններ։ Տնտեսագիտական համալսարանի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին դասադուլավորների՝ իրազեկման ակցիայի կազմակերպումը։

Նելլի Պետրոսյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ