HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 27-30-ը ապրիլի

Գիշերային մղձավանջ

Այս մի քանի օրերն այնքան էլ հարուստ չէին հետաքրքիր իրադարձություններով, սակայն ամսի 30-ի լույս գիշերը պատահեց մի դեպք, որն իրապես կարելի էր արկածային համարել: Առաջին հարկում գտնվող բնակարանիցս բարձրացել էի չորրորդ հարկ՝ գործընկերներիս մոտ: Զրուցում էինք հաջորդ օրվա անելիքներից: Հանկարծ աղջիկներից մեկը սկսեց առանց դադարի ուժգին հազալ:

Ես եւ մյուս գործընկերս մի պահ կարծեցինք, թե սովորական հազ է, բայց նա շարունակում էր հազալ ու բողոքել շնչառությունից: Ջուր առաջարկեցինք, բացեցինք պատուհանը: Ոչինչ չփոխվեց: Եվ ահա հանկարծ սկսեց փռշտալ ու հազալ մյուս ընկերս, վայրկյաններ անց հերթը նաեւ ինձ հասավ: Հենց այդ պահին առաջին հարկում գտնվող մեր մյուս ընկերներից մեկը զանգահարեց ու ասաց, թե շենքում թունավորում է սկսվել:

Անմիջապես դուրս նետվեցինք բնակարանից, սակայն միջանցքում շնչելն ընդհանրապես անհնար էր: Քիթդ ու կոկորդդ կարծես վառում էին տաքդեղով. ամեն անգամ ներշնչելիս թվում էր, թե մի պտղունց պղպեղ են լցնում քիթդ: Չորրորդ հարկից աստիճաններով (վերելակից օգտվելը վտանգավոր էր) արագ-արագ հասանք ներքեւ ու մեզ բառացիորեն բակ նետեցինք: Քիչ անց նույն վիճակում դուրս եկան նաեւ մի քանի հարեւաններ, որոնք բոլորն էլ այս շենքում բնակարաններ վարձած արտասահմանցիներ էին:

Սկզբում ինձ թվաց, թե շմոլ գազ է, մանավանդ որ բոլոր բնակարաններում էլ ջեռուցման կաթսաներ կան, որոնք աշխատում են. միգուցե թերայրում էր առաջացել ինչ-որ տեղ: Սակայն շենքում տարածված անհոտ գազը վառում էր մեր կոկորդները, ինչը շմոլ գազի դեպքում չի լինում: Ուրեմն ի՞նչ էր դա:

Բարեբախտաբար, մեր շենքի հենց կողքին է գտնվում Թաքսիմի ոստիկանական բաժանմունքը: Հերթապահող ոստիկաններին խնդրեցինք գազի ծառայություն կանչել: Երկու ոստիկան մի կերպ ներս մտան շենք ու քիչ անց դուրս գալով՝ ասացին, թե ամեն ինչ նորմալ է, թունավորում չկա. բնակիչներից մեկը պարզապես գազի սրվակ (բալոն) է օգտագործել:

Շատ չանցած` դուրս եկավ այդ մեկը: Ճաղատ, գոտկատեղից վերեւ կիսամերկ, 25-30 տարեկան արտասահմանցի երիտասարդը, որ նկուղային հարկում էր ապրում, ասաց, թե խնդիր է ունեցել երկու թուրքի հետ ու ստիպված նրանց վրա գազ է փչել՝ դատարկելով ամբողջ բալոնը: Կարմրած դեմքով, ուռած աչքերով տղամարդը տարօրինակ տպավորություն թողեց: Ներողություն խնդրելով ու մի քանի վայրկյան կանգնելով՝ նա նորից իջավ իր բնակարան` չնայած որ շենքի ամբողջ միջանցքը լցված էր խեղդող գազով:

Որոշ ժամանակ անց մի քանի բժիշկ եկավ: Նրանք իջան նկուղ, մտան բնակարանները ու վատացած մարդ չգտնելով՝ հեռացան: Քանի դեռ օդափոխում էինք մեր բնակարանները, շենքի բակում մեզ հետ սպասող ոստիկաններից մեկն ասաց, թե իրենք նույնպես, որպես հատուկ միջոց, կիրառում են այդ գազը:

Առաջին հարկի մեր աղջիկներից մեկը պատմեց, որ վտանգը զգացել է, երբ սկսել է հազալ, ու անմիջապես հիշել է, որ րոպեներ առաջ շքամուտքում լսվել են նույնպիսի ձայներ, ու ինչ-որ մարդիկ դուրս են վազել շենքից: Նկուղի բնակչի հետ խնդիր ունեցածները, փաստորեն, արագ դուրս էին թռել նրա բնակարանից ու փախուստի ժամանակ հենց շենքի մուտքի դռան մոտ դրված տարայի ջրով (որը կատուների համար էր) հապճեպ լվացել էին դեմքերը (տարան հենց մուտքի աստիճանների վրա էր հայտնվել, ջուրն էլ թափված էր) ու հեռացել անհայտ ուղղությամբ:

Գիշերվա ժամը 3-ն անց էր, սակայն միջադեպից հետո աչք փակել գրեթե հնարավոր չէր:

«Հին քաղաքում»

Արթնացա, երբ արդեն կեսօր էր: Հաճելի արեւ էր, զբոսնելու իսկական եղանակ, օրն էլ՝ շաբաթ: Նախապես որոշել էինք այցելել Ստամբուլի նախկին բյուզանդական հատված, որը տուրիստներին հայտնի է «Հին քաղաք» անունով: Տրամվայով հասանք Սուլթանահմետ կայարան: Վերջինիս հարակից տարածքը հարուստ պատմական անցյալ ունի՝ Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների օրոք ստեղծված արժեքներից մինչեւ մեր օրերը: Պատահական չէ, որ այս հատվածը հայտնի է հենց Սուլթանահմետ անունով:

Այստեղ են գտնվում համանուն մզկիթն ու համալիրը (նման համալիրները ներառում են մզկիթը, հիմնադրի գերեզմանը, «մեդրեսե» կոչվող կրթօջախ, հիվանդանոց, քարվանսարայ եւ այլ կառույցներ): Սուլթանահմետը կամ Կապույտ մզկիթը կառուցվել է 1609-1616 թթ.՝ սուլթան Ահմեդ 1-ինի օրոք: Կապույտ անունն առաջացել է մզկիթի ներսի պատերը զարդարող ավելի քան 20 հազար հատ սպիտակ եւ կապույտ ձեռակերտ սալիկների շնորհիվ:

Սա Թուրքիայում գտնվող երկու մզկիթներից մեկն է, որ 6 մինարե ունի (մյուսն Ադանայի Սաբանջը մզկիթն է): Հետաքրքիր է, որ Ահմեդ 1-ինին քննադատել են 6 մինարեով մզկիթ կառուցելու համար, քանի որ այդքան աշտարակ ուներ նաեւ մահմեդականների համաշխարհային սրբավայր Մեքքայի Քաաբայի մզկիթը: Սուլթան Ահմեդն էլ խնդիրը կարգավորել է՝ Մեքքայում 7-րդ մինարեն կառուցելով:

Սուլթանահմետի կառուցողը հայազգի մեծագույն ճարտարապետ Սինանի աշակերտ Սեդեֆկար Մեհմետ Աղան է, որն, ասում են, այս մզկիթով ցանկացել է գերազանցել իր ուսուցչին: Իր նշանակությամբ Սուլթանահմետն այսօր Ստամբուլի առաջին մզկիթն է համարվում: Վերջինիս կառուցվել է բյուզանդական Մեծ պալատի տարածքում, որից հիմա միայն պատառիկներ են մնացել: Սուլթանահմետը շրջապատված է պատմամշակութային այնպիսի վայրերով, ինչպիսիք են բյուզանդական ձիարշավարանը, որից երկու կոթող է մնացել, եւ, անշուշտ, Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այսօր կոչվում է Այա Սոֆիայի մզկիթ-թանգարան:

Ինձ՝ երեւանյան Կապույտ մզկիթից ավելի մեծ մահմեդական կառույց չտեսածիս համար իսկապես տպավորիչ էին Սուլթանահմետի ծավալներն ու ճարտարապետական լուծումները: Լինել Ստամբուլում եւ չայցելել «Հին քաղաքի» մզկիթները նշանակում է չտեսնել Ստամբուլն իր ամբողջության մեջ: Այդ իսկ պատճառով որոշեցի անպայման ներս մտնել: Անշուշտ, անհրաժեշտ էր մտնել ոտաբոբիկ՝ առանց կոշիկի: Տուրիստները կանգնել ու նստոտել էին մուտքի մոտ, իսկ հավատացյալ մահմեդականները մզկիթի՝ աղոթքի համար նախատեսված եւ «միհրաբ» կոչվող մասում աղոթում էին: Կառույցի ներսում, սակայն, երկար չմնացի. խոստովանեմ՝ չդիմացա ոտքի սուր հոտին:

Այդուհանդերձ, որոշեցինք կրկին գալ այս կողմերը՝ առավել հանգամանալից ուսումնասիրելու եւ մեզ համար բացահայտելու հնի ու նորի համադրում «Հին քաղաքը»:

Ստամբուլ

Մեկնաբանություններ (1)

Վահե Սարուխանյան
Համաձայն եմ Ձեր դիտարկումների հետ: Պարզապես նշեմ, որ Սուլթանահմետի ճարտարապետը հայազգաի Սինանի աշակերտն է, այլ ոչ թե ինքն է հայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter