HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երբ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ նախագահ է, եւ մարզիչ, եւ կարգապահական կոմիտե

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ աչքի է ընկել ցնցող հայտարարություններով:

Վերջին ասուլիսում հնչեցրած խոսքերն էլ այս առումով չպետք է անակնկալ համարել, սակայն առնվազն տարօրինակ է, որ Հայրապետյանը անում է այնպիսի հայտարարություններ, որոնք մեծ հաշվով չեն բխում ազգային հավաքականի շահերից:

Ֆուտբոլասեր հասարակությանը հատկապես զարմացրեց ու զայրացրեց ՀՖՖ նախագահի հետեւյալ հայտարարությունը. «Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյան չի... Էդգար Մանուչարյանն ուղեղի խնդիր ունի, ինքը վախկոտ ա, նրան չի կարելի համեմատել համարձակ, հզոր Յուրա Մովսիսյանի հետ: Չնայած Մանուչարյանն  իր տվյալներով, իր վարպետությամբ շատ ավելի հզոր է, քան Մովսիսյանը» (հետաքրքիր է, որ ՀՖՖ կայքն այս խոսքերը ներկայացրել է խմբագրված-մեղմացված տարբերակով):

Ռուբեն Հայրապետյանի բերանից վիրավորական արտահայտություններ լսելն այլեւս չի զարմացնում. խնդիրն այստեղ այն է, որ նա «վախկոտ» եւ «ուղեղի հետ խնդիր ունեցող» է անվանում հավաքականի խաղացողին, այն հավաքականի, որը ներկայացնում է մի ամբողջ երկիր: Այսինքն՝ մի կողմից նա ղեկավարում է ՀՖՖ-ն, թիմի առջեւ միշտ մաքսիմալ նպատակներ է դնում (Հայրապետյանը տարբեր առիթներով նշել է, որ բնույթով մաքսիմալիստ է), մյուս կողմից՝ փաստորեն թույլ է տալիս, որ հավաքականում խաղա «վախկոտ» եւ «ուղեղի խնդրով» ֆուտբոլիստ: Սա տարօրինակ է ու նաեւ մի փոքր զավեշտալի:

Խնդիրն այստեղ, սակայն, միայն ֆուտբոլիստին պիտակավորելը չէ: Հայրապետյանը կշեռքի նժարներին է դրել Մովսիսյանին ու Մանուչարյանին եւ որոշել, որ վերջինս ավելի ուժեղ է: Ֆուտբոլի ֆեդերացիան ադմինիստրատիվ մարմին է, այլ ոչ թե մարզչական շտաբ՝ մասնագետների խումբ, որ զբաղվի ֆուտբոլիստների որակների գնահատմամբ ու համեմատությամբ, բայց նույնիսկ մարզչական շտաբն ու գլխավոր մարզիչը նման համեմատություններ չեն անում՝ շատ լավ հասկանալով, որ դա չի բխում թիմում դրական բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու շահերից: ՀՖՖ ղեկավարն ուղղակի պիտի զերծ մնա նման գործելաոճից: Սակայն Հայրապետյանը Հայրապետյան չէր լինի, եթե չպնդեր ու չավելացներ իր ասածները:

Ֆուտբոլասերների դժգոհություններից հետո ՀՖՖ նախագահը հանդես եկավ պատասխանով. «Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի ազգային հավաքականին վախկոտ եւ իրենց կաշվի մասին մտածող ֆուտբոլիստներ պետք չեն: Հայաստանի հավաքականին պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք կան, բացի Էդգար Մանուչարյանից: Իմ կարծիքով՝ Էդգարը վերջին 30 տարվա ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Բայց Էդգարը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս իր հնարավորությունների 10 տոկոսով: Էդգարը պետք է հետեւություն անի. կամ ինքը պետք է լրիվ ուժով նվիրվի ֆուտբոլին եւ լրիվ ուժով հանդես գա բոլոր մակարդակների խաղերում, կամ ինքը հավաքականում անելիք չունի: Իսկ ինչ վերաբերում է նրա նեղանալուն, մեծական շատ լավ խոսք կա. «Կսկսենք երկու վերմակ օգտագործել»:

Ինչ վերաբերում է մի ֆուտբոլիստին մեծարել մյուսին քցելու հաշվին, դուք չարաչար սխալվում եք, եթե նման բան եք զգացել: Յուրա Մովսիսյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստին մեծարելու համար ընդհանրապես պետք չէ Էդգարին քցել: Յուրա Մովսիսյանը, ինչպես նաեւ հավաքականի բոլոր այն տղաները, ովքեր նվիրվածությամբ են հանդես գալիս ազգային հավաքականում, նրանք իմ գլխի վրա տեղ ունեն: Իսկ այն ֆուտբոլիստը, որ կրում է հավաքականի մարզաշապիկը եւ իմ երկրի զինանշանը, իրավունք չունի մտնի մարզադաշտ եւ պահի իրեն այնպես, ինչպես պահում է իրեն Էդգարը: Իսկ ամենավերջում կուզենամ ասել, որ բոլորդ էլ իմանաք: Էդգար Մանուչարյանը երբեք չի մտել մարզադաշտ ցավազրկումով: Էդգարը չունի այդ կամքը, որ փոքրիկ ցավի դեպքում անգամ խաղա, եւ հիմա իմ կողմից կուզենամ բոլորիդ խորհուրդ տալ չփորձել ինձ ուղղություն ցույց տալ, թե ես ինչ ոճով եմ իմ ֆուտբոլիստների հետ աշխատում եւ ինչ պահանջում նրանցից: Ինձանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ պետք է անել: Այն ֆուտբոլիստը, որը չի անում մեր պահանջները եւ նվիրվածությամբ չի խաղում, կստանա ամենախիստ քննադատությունները, որովհետեւ ինձ համար ազգային հավաքականից ավելի արժեքավոր բան չկա»:

Ճանաչելով Ռ. Հայրապետյանին՝ դժվար թե ինչ-որ մեկը փորձում է նրան ուղղություն ցույց տալ, խոսքն ուղղակի առողջ քննադատության կամ խորհրդի մասին է: Ավելին՝ հենց Հայրապետյանն է տարբեր առիթներով նշել, որ ողջունում է առողջ քննադատությունը, երբ չկա նախանձ ու չարամտություն: Սա հաստատ հենց այդ դեպքն է, բայց, չգիտես ինչու, ՀՖՖ ղեկավարը կարծես զայրացել է ու բոլորին խորհուրդ է տալիս իր ու ֆուտբոլիստների հարաբերություններին չխառնվել:

Երկրորդ. Հայրապետյանը բազմիցս ասել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այժմ մեր հավաքականի տղաները խաղում են իրենց երկրի պատվի, դրոշի, զինանշանի համար, բայց բանից պարզվում է, որ հիմա էլ կա մեկը, ով վախկոտ է ու մտածում է սեփական կաշվի մասին: Որքանո±վ է ճիշտ, որ ՀՖՖ նախագահը թիմից «սպիտակ ագռավի» թիրախային կարգավիճակով առանձնացնում է մեկին ու հրապարակավ քննադատում: Անշուշտ, Մանուչարյանը Հայրապետյանից նեղանալու իրավունք ունի, բայց ոչ թե ընդհանուր քննադատության, այլ որոշ բառերի ու արտահայտությունների համար:

Ի վերջո, քննադատելուն էլ ձեւ կա: Գոյություն ունի հավաքականի գլխավոր մարզիչ, շտաբ, որոնց գլխավոր պարտականություններից մեկը ֆուտբոլիստների մեջ հոգեբանական կայունությունն ամրապնդելն է, նրանց ճիշտ ուղու վրա դնելը, համապատասխան խորհուրդներ տալն ու պահանջներ ներկայացնելը: Այնինչ մեզանում արդեն սովորական է դարձել, որ հենց Ռուբեն Հայրապետյանն է հանդես գալիս ամենախիստ քննադատությամբ, պահանջներով, պատժամիջոցներ կիրառում՝ հայհոյախոս ֆուտբոլիստին ապտակում, եւ այլն: Ասել է թե՝ ՀՖՖ ներկայիս նախագահը ստանձնել է միանգամից մի քանի դեր. ֆեդերացիայի ղեկավար, մարզիչ, կարգապահական կոմիտե...     

Երրորդ. երկրպագուներից շատերին զայրացրել է Մովսիսյանի մեծարումն ու դրա ֆոնին Մանուչարյանի քննադատությունը, ինչն, ըստ էության, մեղմելու համար Հայրապետյանը պատասխանել է, թե «Յուրա Մովսիսյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստին մեծարելու համար ընդհանրապես պետք չէ Էդգարին քցել», ու որ «Էդգարը վերջին 30 տարվա ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»:

Այս վերջինն, իհարկե, կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի, չնայած որ մեծապես վիճելի տեսակետ է, ինչպես որ վիճելի է այն, թե «Մանուչարյանն  իր տվյալներով, իր վարպետությամբ շատ ավելի հզոր է, քան Մովսիսյանը»: Ոչ ոք, իհարկե, Էդգարին չի «քցում», բայց պետք չէ նաեւ ծայրահեղությունների գիրկն ընկնել՝ նույն ֆուտբոլիստին երեք տասնամյակների ընթացքում ամենատաղանդավորն ու միաժամանակ այսօր հավաքականում սեփական կաշվի մասին մտածող միակ ֆուտբոլիստ անվանելով:

Մեկնաբանություններ (2)

armen vardanyan
Edgar Manucharyan@ en futbolistn e vor 17 tarekanum xaxum er ev 17tarekanneri, ev 19 tarekanneri, ev 21 tarekanneri ev azgajin havaqakanum. ev ajd canrabernvacutyan patcharov an@ndhat vnasvacqner er stanum. ajdqanic heto inchpes kareli e asel, vor na nvirvac chi xaxum havaqakanum.
Սոս
Իսկ որ մի թերուս պաշտոնյան իրեն չի գցում ճիշտ այսպիսի հիմար իրավիճակներ մեջ, ինչպիսին սա: Հուսով եմ, երկար չի խանգարի վերջապես աննախադեպ վերելք ապրող հայրենական ֆուտբոլին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter