HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կրկնակի ստանդարտներ չեմ ուզում կիրառել»,- ասում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավորը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստին  այսօր ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը դարձյալ երկու անգամ նախազգուշացվեց դատական նիստի կարգը խախտելու համար:

Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտում էր ՊՊԾ գնդի գրավման առթիվ քրեական գործով տուժող ճանաչված երկու  անձանց ինքնությունները, երբ Արայիկ Խանդոյանը տեղից խոսեց՝ դատավորին հարցնելով, թե արդյոք վերջինս մեկուկես միլիոն հայերին այս գործով տուժող ճանաչե՞լ է:

Դատավորը Խանդոյանին նախազգուշացրեց դատական  նիստի կարգը խանգարելու համար:

«Դուք եք խանգարում»,- դատավորին հակադարձեց Խանդոյանն ու երկրորդ նախազգուշացումը ստացավ. դատավորը նշեց, որ նման վարքագիծ դրսևորելու դեպքում Խանդոյանը կհեռացվի նիստերի դահլիճից:

«Ես խոսում եմ, դուք տեղից խոսում եք, երբ դուք խոսում եք, ես լսում եմ, չէ՞»,- Խանդոյանին դիմելով`ասաց դատավորը, և Խանդոյանը պատասխանեց, թե ինքն  ուղղակի հարց է տալիս:

«Դուք ինձ հարցեր տալու իրավունք չունեք»,- ամբաստանյալին դատավարական կարգը ևս մեկ անգամ բացատրեց Մակյանը:

«Ես որ իրավունքներ ունեմ, ոչ մեկ չունի»,- շարունակեց Խանդոյանը, ապա լռեց:

Դատական նիստին  ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց  միացնել «Սասնա ծռեր»-ի գործով  այսօր դատարանում քննվող երեք գործերը, որոնք վերաբերում են նույն ենթադրյալ դեպքին՝ ՊՊԾ գնդի գրավմանը:

Ալումյանը նշեց, որ երեք գործով նույն տուժողներն ու վկաներն են անցնում, ամբաստանյալներից յուրաքանչյուրն իր վերաբերյալ քննվող քրեական գործից զատ նաև մյուս գործերով պետք է ցուցմուքներ տա, որոնք էական են լինելու այս գործերով ելքի համար:

Փաստաբանը նշեց, որ եթե քննվող երեք գործերի շրջանակներում նույն անձինք միմյանցից տարբերվող ցուցմունքներ տան, ապա յուրաքանչյուր գործով կարիք է առաջանալու` գնահատելու ոչ միայն տվյալ դատավորի վարույթում գտնվող, այլ նաև մյուս երկու գործերով տված ցուցմունքները:  Բացի այդ՝ մի գործով ամբաստանյալները հնարավորություն չեն ունենալու նույն դեպքի առնչությամբ  այլ դատավարության ժամանակ վկայի տված ցուցմունքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնել:

Ալումյանը նշեց, որ եթե այդ երեք  դատավարությունների ընթացքի և արդյունքների մասին երեք դատավորների միջև չկա պայմանավորվածություն, ապա ենթադրվում է, որ դրանք տարբեր ժամանակահատվածում են ավարտվելու:

Ըստ Ալումյանի՝ գործով դատավճիռ  հրապարակելու համար որոշ հանգամանքների գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանալու, որոշ հանգամանքներ հաստատված են համարվելու, որոնք լինելու են Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված համարված հանգամանքներ:

Այսինքն՝ ստեղծվելու է իրավիճակ, երբ նույն հանգամանքները մեկ դատական ակտով  Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված են համարվելու, իսկ  այլ դատական գործերով, որոնք դեռևս ավարտված չեն լինի, վիճարկվելու են այդ նույն հանգամանքները:

Փաստաբանն ընգծեց, որ այն պահից, երբ այս գործերից որևէ մեկով  վճիռ կայացվի, խախտվելու է այս գործով անցնող և այլ դատավորների կողմից քննվող մյուս գործով անցնող ամբաստանյալների անմեղության կանխավարկածը:

Գործով մյուս պաշտպանները Ալումյանի միջնորդության վերաբերյալ դիրքորոշումչհայտնեցին: Նրանցից երկուսը՝ Երվանդ Վարոսյանը և  Մուշեղ Շուշանյանը միջնորդեցին հետաձգել գործի քննությունը:

Բանն այն է, որ այսօրվա դատական նիստին գործով որոշ պաշտպաններ չէին ներկայացել: Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ նման պայմաններում միջնորդությունը քննարկվել չի կարող:

Մուշեղ Շուշանյանը ևս հնարավոր չհամարեց, որպեսզի շարունակվի գործի քննությունը:

«Դատական նիստին կան  մեղադրյալներ, որոնք զրկված են իրենց ընտրած պաշտպանների միջոցով Հայկ Ալումյանի միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Դրանից հետո Հայկ Ալումյանն, ով փոքր-ինչ ուշ էր եկել նիստերի դահլիճ,  նշեց, որ ինքը չգիտեր, որ կան ամբաստանյալներ, որոնք առանց պաշտպանների են, և իրենց պաշտպանների բացակայությամբ գործի քննությունը շարունակելու վերաբերյալ դիրքորոշում դեռևս չեն արտահայտել:

«Եթե ես իմանայի, որ այստեղ կան  անձինք, որոնք առանց պաշտպանների են և չեն ցանկանում, որպեսզի գործի քննությունը շարունակվի, ես իմ միջնորդությունը չէի ներկայացնի: Այս պահին հրաժարվում եմ միջնորդությունից: Ես առարկում եմ նման գործելաոճի դեմ և խնդրում եմ` մի՛ ստեղծեք իրավիճակ, որ մենք, ի նշան մեր կոլեգաների նկատմամբ համերաշխության,  ստիպված  լինենք դուրս գալ դատական նիստերի դահլիճից»,- դատավորին դիմելով`ասաց Հայկ Ալումյանը:

Դատավոր Մակյանը հակադարձեց, թե համաձայն չէ, որ`Ալումյանը չգիտեր պաշտպանների բացակայության մասին, քանի որ դատական նիստին ներկա և բացակա անձանց անունները հրապարակվել են:

 «Ես տեղյակ չէի, որ կան ամբաստանյալներ, ում պաշտպաններն այստեղ չեն, և իրենք չեն առարկել իրենց պաշտպանյալների բացակայությամբ շարունակել գործի քննությունը»,-իր միտքը մեկ անգամ ևս  պարզաբանեց Հայկ Ալումյանը:

Դատավորն, այնուամենայնիվ, պաշտպաններից ոմանց բացակայությամբ չշարունակեց գործի քննությունը: Մակյանը նշեց, որ ընդառաջ գնալով պաշտպանության կողմին՝ գտնում է, որ գործի քննությունը պետք է հետաձգվի՝ պաշտպանների մասնակցութամբ գործի քննությունը շարունակելու համար:

Նշենք, որ այսօրվա նիստին որոշ պաշտպաններ դատարանին բացակայության վերաբերյալ պատճառաբանություն անգամ չէին ներկայացրել, նրանց հետ դատարանի աշխատակազմը չէր կարողացել կապ հաստատել, ուստի դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կանդրադառնա նրանց վարքագծին:

Այսօր դատարանը չքննարկեց Պավել Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը: Մանուկյանը խնդրում էր որպեսզի կնոջը թույլատրվի իր անունից հանդես գալ Ճանապարհային ոստիկանությունում`սեփականության իրավունքով իրեն պատկանող մեքենայի պետհամարանիշները հանձնելու համար:

Թեև Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ցականում էր, որպեսզի այս հարցը քննարկվեր, դատավորը, հղում կատարելով քիչ առաջ պաշտպանների կողմից արված հայտարարություններին այն մասին, որ բացակա պաշտպանները գործով ցանկացած հանգամանքի վերաբերյալ կարծիք  արտահայտելու իրավունք ունեն, հարցին չանդրադարձավ:

«Մյուս պաշտպանները կարծիք արտահայտելու իրավունք չունե՞ն.  չեմ ցանկանում  կրկնակի  ստանդարտներ կիրառել»,- ասաց Մեսրոպ Մակյանն ու հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 15-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter