HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հունգարիայում գրանցված ընկերությունը գաղտնի է պահում Հայաստանին մատուցած ծառայությունների գինը

Այս տարվա մայիսին Հայաստան էին հրավիրվել Հունգարիայում գրանցված Arton Capital կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնը և կազմակերպության այլ ներկայացուցիչներ։ Նրանց այցի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ այս վերնագրով․ «Նախարարության և Arton Capital կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»։

Մի քանի ամիս է, ինչ փորձում ենք պարզել, թե ինչ է արժեցել այդ համագործակցությունը։ Arton Capital-ի հետ կնքված պայմանագրի արժեքը «Հետք»-ին չեն հայտնում ոչ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարությունը, ոչ էլ ընկերությունը։ Պայմանագրում, ինչպես պարզվում է մեզ ուղարկված գրավոր պատասխանից, նախատեսված է եղել գինը չհրապարակելու դրույթ։

Arton Capital-ը Հունգարիայում մեղադրվել է «անսովոր բարձր» գներով ծառայություն մատուցելու մեջ

Arton Capital-ի հայաստանյան գործունեությամբ և իրականացվող ծրագրի արժեքով հետաքրքրվելու առիթը դարձավ ընկերության հունգարական փորձը։ 

Arton Capital-ը, ըստ հունգարական հետաքննական Atlatszo պարբերականի հոդվածի, կառավարության ծրագրով օտարերկրացիներին բնակության (ռեզիդենտության) պարտատոմսեր վաճառող ընկերություններից մեկն է եղել: Ըստ հոդվածի` նրանք, ովքեր ցանկացել են մասնակցել ծրագրին, վճարել են 300 հազար եվրո, այնուհետև հնարավորություն են ստացել դիմել Հունգարիայում բնակության (ռեզիդենտության) թույլտվություն ստանալու համար: Պարտատոմսերը ուղղակիորեն չեն վաճառվել Հունգարիայի կառավարության կողմից, այլ միջնորդ ընկերությունների, որոնցից մեկն էլ եղել է Arton Capital-ը: Ըստ լրատվամիջոցի՝ միջնորդ ընկերության շահույթն ամեն պարտատոմսի վաճառքից կազմել է շուրջ 29 հազար եվրո։

Հոդվածի կենտրոնում, սակայն, ծրագրի նկարագրությունը չէ․ Arton Capital-ի` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող գրասենյակը 2017թ. ապրիլ ամսին հարձակման է ենթարկել, որից հետո հաղորդվել է, որ շուրջ 1,9 միլիոն եվրո են գողացել: Համակարգիչը, որը պարունակում էր կարևոր տեղեկատվություն բնակության պարտատոմսերի ծրագրի մասին, ևս, ըստ պաշտոնական հաղորդման, կորել է:

Arton Capital-ի՝ Բուդապեշտի գրասենյակը, աղբյուրը 

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ սա իրականում ինքնակողոպուտ էր և ոչ իրական հանցագործություն։ «Ինքնակողոպուտի տեսությունը ավելի ու ավելի է ուժեղանում, երբ տեսնում ենք, որ քննիչները չեն գտել որևէ կապ հանցագործության և որևէ հայտնի կողոպտող հանցախմբի կամ այնպիսի հանցագործների միջև, ովքեր մասնագիտացած են սեյֆեր կոտրելու մեջ», - նշված է հոդվածում: Atlatszo-ն գործը համարում էր «քաղաքական առումով զգայուն» և նշում, որ իրավապահ մարմինները շահագրգռված չեն քննություն իրականացնելու հարցում։ 

Հունգարական ծրագրի մասին զեկույց է հրապարկել նաև Ներդրումային Միգրացիայի խորհուրդը (IMC)՝ Հունգարիայի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրի հետ համատեղ։

Հետազոտությունը բացահայտել է, որ նշված ծրագիրը չի նպաստում Հունգարիայի տնտեսությանը, այլ երկրում քաղաքական առումով ազդեցիկ մի քանի անհատների հարստացմանը և այն ընկերությունների բարգավաճմանը, որոնց հետ այդ անձինք համագործակցում են: Arton Capital-ն այդ ընկերությունների շարքում է: 

Հիմնական շահառուները, ըստ զեկույցի, օֆշորային ընկերություններ են, որոնք միջնորդ են Հունգարիայի կառավարութան` Պարտքի կառավարման գործակալության և ներդրողների միջև: 

«Նրանց ծառայության գները սովորաբար շատ բարձր են և վերջնական շահառուները, որոնք վայելում են շահույթը, սովորաբար չեն կարող հայտնաբերվել», - եզրակացնում են հետազոտողները։

Arton Capital-ը, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, առարկել է զեկույցի տարբեր հատվածների դեմ. արդյունքում ընկերությանը հնարավորություն է տրվել հայտնելու իր դիրքորոշումը, բայց վերջինս մերժել է: 

Arton Capital-ի մամուլի քարտուղար Ռուփերտ Ռայթը (Rupert Wright), «Հետք»-ին պատասխանել է, որ ընկերությունը խստորեն մերժում է զեկույցի արդյունքները, բացի այդ տեղեկացնում, թե կապվել են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության հետ և առաջարկել վերանայել զեկույցը փաստական անճշտությունների համար: «Այս առաջարկը որևէ պատասխան չի ստացել»,- գրում է  Ռուփերտ Ռայթը:

Arton Capital-ի ներկայացուցիչը հայտնում է նաև, որ վարձատրել է Մեծ Բրիտանիայի «Շիլլինգս» իրավաբանական կազմակերպությանը իրենց շահերը և հեղինակությունը պաշտպանելու համար: Ռուփերտ Ռայթը այս պատասխանին կցել է նաև «Շիլլինգս» կազմակերպության պատրաստած հարցուպատասխանը, որը «մանրամասնում է ընկերության` զեկույցի վերաբերյալ կոնկրետ մերժումները»: Պատասխանում նշվում է նաև, որ Arton Capital-ը դատական գործ է սկսել Դուբայում ընդդեմ IMC-ի` զեկույցի հեղինակի:

«Arton-ի վճարները լիովին համապատասխանում են արդյունաբերության ստանդարտին, և վճարները, որոնք գանձվում են որպես Հունգարիայի ծրագրի մաս, համապատասխանում են նմանատիպ ծրագրերի համար եվրոպական այլ օրենսդրություններին։ Գանձվող վճարները ներառում են հատկացումները գործակալներին և խորհրդատուներին, հարկերն ու ծախսերը, որոնք առնչվում են դիմելու գործընթացին (օրինակ՝ կառավարությանը դիմելու հարկը, իրավական, թարգմանչական և օրենսդրական վճարները)», - գրված է «Շիլլինգս»-ի պատրաստած փաստաթղթում։

Ընկերությունը հայտնում է նաև, որ պարտատոմսերի ծրագրի միակ անդամն է, որ գործում է՝ օգտագործելով Հունգարիայում գրանցված ընկերություն։ ««Արտոն»-ը որևէ պարտավորություն չուներ օգտագործելու տեղական գրանցման ընկերություն, սակայն արել է իր կամքով, և ծրագրի միակ ընկերությունն է, որ այդկերպ է վարվել»,- նշված է պատասխանում։

Մեր  հարցին` արդյոք կա պայմանագիր կամ համաձայնագիր Հայաստանի  ծրագրի համար և որքան գումար է նախատեսված աշխատանքների համար, Ռուփերտ Ռայթը պատասխանել է. «Պայամանագիր է ստորագրվել 2017թ. մարտ ամսին` Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ։ Մենք չենք քննարկում պայմանագրի գումարը` առևտրային պատճառներով և պայմանագրում առկա գաղտնիության դրույթներով»: 

Եվրամիության բյուջեից վճարված գումարը՝ առևտրային գաղտնիք

«Arton Capital»-ը Հայաստանում էր Եվրամիության ֆինանսավորմամբ իրականցվող «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD): Այսինքն՝ գումարը, որը վճարվել է Arton Capital-ին և չի հրապարկվում, վճարվել է ԵՄ միջոցներից։ 

«Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ծրագիրն ունի պաշտոնական կայք, որում այս տարվա սեպտեմբերին ներկայացվեց պաշտոնական տեղեկություն Arton Capital-ի կատարած աշխատանքների մասին։ Սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ Arton Capital-ը պատրաստել և ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ «Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» նախագծի զեկույցը: 

«Գնահատման զեկույցում «Arton Capital» կազմակերպությունն առաջարկում է հարուստ օտարերկրյա քաղաքացիների պասիվ ներդրումները գրավելու նպատակով վերջիններիս բնակության և այնուհետև քաղաքացիության իրավունք շնորհել: Ծրագրի առանցքային տարրերն են ներդրումային տարբերակների մշակումը, ֆինանսական և նյութական համապատասխանությունը և մարքեթինգը: Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձնում նախագծի ուժեղ և թույլ կողմերին, հնարավորություններին և վտանգներին, ինչպես նաև ուսումնասիրում է ռիսկային գործոնները և ռիսկերը մեղմացնելու ռազմավարությունները: Համաձայն կանխատեսումների, նախագիծը կարող է դառնալ օտարերկրյա ուղիղ ներդրումների կայուն աղբյուր, որի կանխատեսելի կուտակված մաքուր եկամուտը կկազմի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար 6 տարվա կտրվածքով»,- տեղեկացնում է ծրագրի պաշտոնական կայքը:

Ըստ էության, Arton Capital-ի գործն այս զեկույցը պատրաստելն է եղել։ Ընկերությունը «Հետք»-ի հարցմանը պատասխանել է․ ««Arton Capital»-ը արդեն ավարտել է առաջադրանքը և պաշտոնապես ներկայացրել է առաջարկությունների զեկույց հաճախորդին, որն այն թարգմանում է հայերեն»։ 

Պայմանագրի արժեքը, սակայն, չհրապարակեց ոչ միայն ընկերությունը, այլ նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է միայն ընկերության միջազգային փորձի մասին։

«Ընկերությունը ներկայացված է ավելի քան 15 քաղաքներում և աջակցել է ներդրման դիմաց քաղաքացիություն շնորհելու ծրագրեր ունեցող տարբեր երկրների ներգրավել ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրում», - պատասխանել է Խաչատրյանը։

Ընկերության մատուցած ծառայության արժեքը «Հետք»-ին չհայտնեց նաև ծրագիրն իրականացնող Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան: Նա նշում է, որ «Arton Capital» ընկերության հետ պայմանագիր է կնքվել  մրցակցային գործընթացից հետո։ Մրցույթում, ըստ Հոֆստրայի, ներգրավված են եղել մի քանի խորհրդատվական ընկերություններ:  

«Այս ընկերություններն ընտրվել են ինտերնետային հետազոտության արդյունքում: «Arton Capital» ընկերությունն ընտրվել է` հիմնվելով մրցունակ արժեքի և նախկին փորձառության վրա: Հուսով եմ, որ Դուք կհասկանաք, որ ես չեմ կարող պայմանագրի ճշգրիտ գումարը փոխանցել, բայց այն շատ մրցունակ էր միջազգային խորհրդատվության համար»,- պատասխանել է Կարել Հոֆստրան:

Գլխավոր լուսանկարում՝ Arton Capital կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում

Թարմացում

Հոդվածի հրապարկումից հետո Եվրոպական միության հայաստանյան գրասենյակը «Հետք»-ին տրամադրեց զեկույցի պատրաստման արժեքը, որը կազմում է շուրջ 18,500 եվրո (առանց ԱԱՀ-ի)։ «Արտոն կապիտալ»-ի պատրաստած զեկույցին և Հայաստանում հնարավոր «Ոսկե վիզա» ծրագրի մասին կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

Մեկնաբանություններ (1)

Վալյա
Ինչն է գաղնիք?Նայած ում համար է գաղտնիք? Հայաստանը կթու կով է..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter