HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննությունների, ջեռուցման, ձվի, ջրի, գարշահոտության ու բունտի մասին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մի քանի օր առաջ Սլավոնական համալսարանի երեք դասախոսներ այցելեցին ինձ, հանձնեցի 5-րդ կուրսի երեք քննություն՝ ՀՀ քրեական դատավարությունից, ՀՀ քաղաքացիական իրավունքից ու ՀՀ քաղաքացիական դատավարությունից: Նույն դասախոսների հետ արդեն հանդիպել էի նախկինում: Օրինակ`քաղաքացիական իրավունքի դասախոսին անմիջապես հիշեցի. մոտ 3 տարի առաջ քննություն էր ընդունել ինձանից: Քննական տոմսերն արդեն շարված էին, երբ ներս մտա քննչական սենյակ: Քաշեցի մեկն, ինչպես բուհում սովորաբար արվում է քննության ժամանակ: Այս անգամ բոլոր քննությունները հայերեն լեզվով հանձնեցի, քանի որ Հայաստանի քրեական ու քաղաքացիական իրավունքի ճյուղերի վերաբերյալ էին: Ստացա բարձր գնահատականներ:

Քննությունները հանձնելուց հետո, նկատի ունենալով բանտից հեռակա ուսուցման առանձնահատկությունները, խնդրեցի, որ դասախոսները քննություններից դուրս, բայց ապագա մասնագիտությանս շրջանակներում`պրակտիկ կյանքից բխող մի քանի հարցերի շուրջ պարզաբանումներ տան: Սիրով պատասխանում էին բոլոր հարցերիս: Փոխադարձ գոհ մնալով` իրար հրաժեշտ տվեցինք: Անչափ զգացված էի, երբ դասախոսները նույնպես շնորհակալություն հայտնեցին ինձ՝ լավ պատրաստվածությանս համար:

Ասեմ, որ մենք նստած էինք տաք սենյակում: Այո՛, այստեղ արդեն միացված է ջեռուցումը: Անցյալ ձմեռվանից սկսած կլոր բանտը ջեռուցվում է: Կարծեմ՝ գրել եմ այդ մասին:

Օբյեկտիվ լինելու համար ձեզ պատմում եմ ոչ միայն բացասականի մասին, այլ նաև ներկայացնում եմ դրական փոփոխությունները: Անցած տարի շինարարական աշխատանքներ կատարվեցին, մասնավորապես բանտի դիմացի հատվածում`վարչակազմի մասնաշենքի աջ կողմն ընկած հողատարածքի վրա տեղադրեցին արևային մարտկոցներ:

Եվս մեկ դրական փոփոխություն կա: Ազատազրկվածներին սկսել են պարբերաբար ձու բաժանել: 21 տարվա մեջ չէի տեսել, որ բոլորին տան: Զարմանալի երևույթ է, քանի որ մինչ այս միայն դիետչիկներին էին ձու տալիս, այն էլ՝ ամսվա մեջ 1 ձու: Հիմա երբ բալանդյորին (հաց բաժանողին) հարցնում ենք՝ բոլորին է ձու բաժանում, ասում է՝ բերդով մեկ՝ բոլորին:

Իսկ հիմա երկու բացասական երևույթի մասին: Բանտի 1-ին հարկը փակվեց, այսինքն`հիմա այնտեղ մշտապես պահվող կալանավորներ չկան, քանի որ այդ հարկում անտանելի գարշահոտ էր: Բայց հիմա էլ, անհասկանալի պատճառով, այդ գարշահոտությունը տարածվել է ամբողջ բանտով, նույնիսկ ցմահների բաժնում`5-րդ հարկում, հատկապես միջանցքում անտանելի է դարձել օդը: Արդարադատության նախարարությունը կամ պետք է քայլեր ձեռնարկի, որ վերանա այս գարշահոտությունը, կամ էլ ստիպված են լինելու բյուջեից գումարներ դուրս գրել`բանտապահներին ու դատապարտյալներին օծանելիք բաժանելու համար, որպեսզի կարողանանք դիմակայել այս գազային հարձակմանը…

Հիմա ջրի մասին, որը քչացել է. նախկինում խցերում ջուրը գալիս էր 3 ժամ առավոտյան և այդքան էլ երեկոյան: Սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում ժամերը կտրուկ կրճատել են անհասկանալի պատճառով: Առավոտյան տալիս են առավելագույնը մեկ ժամ, մոտ այդքան էլ՝ երեկոյան:

... Օրեր առաջ հեռուստացույցի տարբեր ալիքներով հաղորդեցին, որ Գորիսի բանտում իրարանցում է`« բունտ»: Զարմանալի է, բայց 21 տարվա մեջ չեմ հիշում, որ «Նուբարաշեն» բանտում այնպիսի «բունտ» եղած լինի, ինչպես պարբերաբար լինում էր Գորիսի բանտում: Այնտեղ 7-8 ամիս եղածս ժամանակ 2004թ.-ին 2 ուժեղ դժգոհության ալիք եղավ ամբողջ բանտով մեկ: Ցմահներն անմասն չմնացին՝ այնքանով,որքանով հարկավոր էր համերաշխություն դրսևորել այլ բանտարկյալների հետ: Բայց պետք է ասեմ, որ ցմահների համար կենցաղային պայմանների առումով (բանտախցեր, սնունդ) Գորիսի բանտն անհամեմատ ավելի բարենպաստ էր, քան Նուբարաշենը:

2004թ.-ի աշնանը Սողոմոնի ու ևս 2 խցակիցների հետ Գորիսի բանտի երկրորդ հարկի համար 23 խցում էինք: Հանկարծ ամբողջ բանտով մեկ սկսեցին հարվածել դռներին ու կերակրադռնակներին. գոռոցներ, իրարանցում: Հետո բանտը ծխով լցվեց`խցերում վառում էին նեքնակները, ամանները պատուհաններից ու կերակրադռնակներից դուրս էին թռնում, աշխատակիցները վախեցած աջ ու ձախ էին վազվզում, նույնիսկ դիմացի բնակելի շենքերից էին մարդիկ պատշգամբներ դուրս եկել ու նայում էին բանտի կողմ: Բնական է, որ բանտված մարդու մոտ կա կուտակված էներգիա, որը առիթի դեպքում դուրս է գալիս այդ կերպ: Եթե չեմ սխալվում հիշածս իրադարձությունը կապված էր այն բանի հետ, որ դիմակավորված անձինք էին ինչ-որ խուց մտել և սկսել ծեծել բանտարկյալներին: Ինչևէ, անսովոր էր, երբ մեկ ակնթարթում լուռ, խաղաղ հայկական բանտը վեր է ածվում ամերիկյան ֆիլմերից դղրդացող բանտի, որտեղ մի պահ կարծես տեր ու տիրակալ են դառնում բանտարկյալները:

Աստված չանի, որ հայաստանյան բանտերում համբերության բաժակը մի օր լցվի, բայց դրա համար իշխանությունները պետք է գոնե երբեմն`մարդասիրական սկզբունքներից ելնելով, համաներում հայտարարեն, նաև նախագահն իրականացնի Սահմանադրությամբ միայն իրեն վերապահված ներման իրավունքը, բայց ոչ միայն իր իսկ մերձավորների նկատմամբ, այլև այն բանտարկյալների, ովքեր չունեն կապեր նախագահականի հետ, բայց արժանի են նման մոտեցման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter