Շաբաթ, 25 նոյեմբերի

Եռաչափ մուլտեր, հուշանվերներ, օրիգինալ խաղեր․ ի՞նչ են առաջարկում թանգարանները


21-րդ դարի մարդը թանգարաններից այլ ակնկալիք ունի։ Այլեւս զուտ էքսպոնատներ ցուցադրելը ինքն իրենով չի գոհացնում։ Թանգարանների ամենակրտսեր այցելուներն անգամ, այլ սպասելիքներով են այցելում։ Բոլորը վառ տպավորություններ են ուզում:

Հայաստանի թանգարանները սկսել են կիրառել արտասահմանյան գործընկերների փորձը՝ դրանք դարձել են դասախոսությունների ու տոների կազմակերպման վայրեր, իրականացնում են կրթական ծրագրեր, արտադրում հուշանվերներ, հագուստ ու աքսեսուարներ, հրատարակում գրքեր ու խաղեր։ Սրա հաշվին հաստատությունները դարձել են չափազանց գրավիչ։ Այնքա՜ն գնելու բան կա թանգարաններում՝ գեղեցիկ ու բարձրաճաշակ։ Ով ինչպես կօգտվի ժամանակի հնարավորություններից, նույնպես էլ շահույթ կունենա։
«Հետքը» ներկայացնում է հոդվածաշար այն մասին, թե ինչ են առաջարկում Երեւանի թանգարանները՝ ցուցանմուշներից բացի։ Շարքի առաջին հատվածում ներառված են Հովհաննես Թումանյանի թանգարանը, Ավետիկ Իսահակյանի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները։

Մարկետինգի տեսանկյունից հաջողվածներից մեկը, անկասկած, Մոսկովյան 40 հասցեում գտնվող Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից իրականացվող ծրագրերն են։ Մեծ գրողի գրական ժառանգությունն արդեն իսկ հետաքրքիր գաղափարների հիմք է տալիս, ինչից հիանալի օգտվում է թանգարանի աշխատակազմը։

Թանգարանը սեփական նախաձեռնությամբ հրատարակել է տասնյակ գրքեր, հուշանվերներ, դեկորատիվ իրեր, զարդեր, մանկական խաղեր ու հանելուկներ, նկարների ալբոմներ, ձեռագործ գրքեր եւ այլն, որոնք ուղիղ կերպով առնչվում են Թումանյանին եւ նրա ստեղծագործությանը։

«Արեւմուտք-արեւելք» մատենաշարով հրատարակվող ակադեմիական գրականության կողքին կարելի է տեսնել խորհրդանշական բանալի՝ պատրաստված արծաթից եւ պղնձից:

Թումանյանի մահից հետո որդիներից մեկը բժիշկներից խնդրել է հոր սիրտը եւ այն բերել տուն։ Ընտանիքը երկար տարիներ այն պահել է գրողի աշխատասենյակում՝ գեղեցիկ դեղատուփի մեջ։ Այսօր թանգարանում վաճառվող բանալիները հենց այդ դեղատուփի բանալու կրկնօրինակն են։ Դրանք կարող են լինել որպես կախազարդ՝ վզնոցից կամ ապարանջանից։

Թանգարանի աշխատակից Մարիա Ադամյանը ստեղծում է գեղեցիկ ձեռագործ գրքեր։ Հեքիաթների տողերն ու պատկերազարդումներն այստեղ արվում են ասեղնագործության միջոցով։ Այս շարքի առաջին նմուշը վաճառվել է աճուրդով, այն պայմանով, որ գնորդը մեկ ամսից այն ի պահ է տալու թանգարանին։ Նման գիրք ունենալու համար պետք է դիմել ցանկալի ժամկետից գոնե մեկ ամիս առաջ։

Մեծ գրողն իր տան պատին կախված ունեցել է փայտե տուփ, որտեղ պահել է թղթի կտորների վրա գրված քառյակները։ Թումանյանի երեւանյան թանգարանում վաճառվում է տուփի ճիշտ կրկնօրինակը, ինչպես նաեւ քառյակներ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, նույնպես փայտից։

Տուփը հնարավոր է գնել առանձին, կամ միաժամանակ ստեղծել քառյակների սեփական հավաքածուն: Քառյակների գինը 1000 դրամ է։

Թումանյանի թանգարանում նվերներ կարելի է գնել սկսած 50-ից մինչեւ 20 հազար դրամի սահմաններում։ Բանաստեղծը հայտնի է որպես սիրողական լուսանկարիչ։ Նրա հեղինակած լավագույն 18 լուսանկարները վաճառվում են մեկ ալբոմով։ Ալբոմի արժեքը 1000 դրամ է։ Ցանկության դեպքում հնարավոր է լուսանկարները գնել մեկ-երկու հատով՝ յուրաքանչյուրը 50 դրամով։

Թումանյանի տան գրապահարանի փոքր կրկնօրինակը նույնպես կարելի է գնել երեւանյան թանգարանում։ Դրա մեջ ութ շատ փոքրիկ՝ եղնգաչափ հատորներ են՝ քառյակներով, պոեմներից հատվածներով։

Շատ քչերը գիտեն, որ Հովհաննես Թումանյանն իր երեխաների համար հորինել է խաղեր ու հանելուկներ։ «Դդում» գույների խաղը նկարազարդել է նրա որդին՝ Արտավազդ Թումանյանը։ «Դդում ասում են դմբոներին։ Բայց նեղանալ պետք չէ»,-մեկնաբանել է Թումանյանը, իսկ «Հանելուկների խաղի» համար էլ խնդրել՝ խարդախաբար չխաղալ։ Իր հերթին թանգարանի աշխատակազմը ստեղծել է մեկ այլ՝ «Չտեսնվածը» խաղը, որը գրական իմացություն է պահանջում։ Խաղերի ու հանելուկների գինը 2000-2500 դրամ է։

1914-ական թվականներին Թումանյանը գրավաճառից գնել է Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածու՝ տպագրված 1910 թվականին, Պոլսում։ Գիրքը մինչ օրս պահպանվել է։ Թանգարանի տնօրինությունը 2013 թվականին վերահրատարակել է այն՝ նույն տառատեսակով եւ իլյուստրացիաներով։ Ընդամենը 1000 դրամով հնարավոր է ձեռք բերել այս բացառիկ հրատարակությունը։

Թանգարանի ամենակրտսեր այցելուների սիրած վայրը «մութ ու լուս աշխարհն ու ստվերների թագավորությունն է»՝ կինոթատրոնը։ Սիմվոլիկ 100 դրամով տոմս գնելով, երեխաները կարող են դիտել միանգամից երկու եռաչափ մուլտֆիլմ՝ «Անբան հուռին» եւ «Ձախորդ փանոսը»։ Ընդ որում, այդ 100-ական դրամները թանգարանն ուղղում է բարեգործության՝ օժանդակելով վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքներին։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի (հասցեն՝ Զարոբյան 20) նորույթներից է «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին» բանաստեղծության հիման վրա՝ կամրջի մակետի եռաչափ անիմացիան։ Սա շատ ռոմանտիկ մի տեսարան է՝ Ռիալտոյի կամուրջը, գոնդոլավարներ, սիրահարված վարպետն ու նրա սիրած աղջիկը, որ տառապանքներ է պատճառել Իսահակյանին։

Թանգարանի նոր նմուշներից մեկը մանրաքանդակներ պատրաստող Էդվարդ Ղազարյանի թոռան՝ Էդվարդ Տեր-Ղազարյանի աշխատանքն է' «Լիլիթը»։ Ֆիգուրն ընդամենը 0,8 միլիմետր է եւ հնարավոր է դիտել մանրադիտակով։ Միկրոքանդակում օգտագործվել են հարյուրից ավելի կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարերի փոշեհատիկներ։

Հուշանվերների շարքում կան էջանշաններ՝ Իսահակյանի բանաստեղծությունների թեմայով, որ նկարել են Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սաները, թանգարանն էլ դրանք վերատպել է։ Արժեքը 200 դրամ է։ Թանգարանում 600-700 դրամով կարող եք գնել նաեւ մագնիսներ՝ «Սասմա Մհեր», «Աբու Լալա Մահարի» եւ այլ ստեղծագործությունների թեմայով։ Դրանք անվանի նկարիչներ Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի եւ Ալեքսանդր Գրիգորյանի կտավների վերատպություններ են։

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3) մեծ թիվ է կազմում աուդիոսկավառակների վաճառքը։ Այնտեղ բացառիկ ձայնագրություններ են, հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներ։ Թանգարանն ունի սեփական հրատարակությունը, եւ վերջերս տպագրվել է կոմպոզիտորի նամականին՝ ամբողջ ծավալով։

Հուշանվերների մեջ կգտնեք Լոնդոնում արտադրված գրիչներ, կոմպոզիտորի լուսանկարների ալբոմը, ինչպես նաեւ մետաքսե շարֆ՝ խաչատրյանական թեմայով։ Հատուկ նշանակություն ունի նկարիչ Էդման Այվազյանի գեղանկարի արտատպությունը՝ պոստեր, որի արժեքն ընդամենը 500 դրամ է։ Նկարը կոչվում է «Արամ Խաչատրյանը Լոնդոնում 1977թ․»։ Անվանի կոմպոզիտորը 1977-ին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել «Ալբերտ Հոլլ» համերգասրահում։ Նկարիչ Այվազյանը Խաչատրյանին նկարել է հենց փորձի ընթացքում։

Զարմանալի կարող է թվալ, բայց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնարավոր է կազմակերպել ծննդյան տոնակատարություններ։ Այն բնականաբար տարբերվում է ռեստորանում ուտել-խմելով անցնող միջոցառումներից։ Թանգարանում անցկացվող տոնակատարությունները կրթական բնույթի են։ Ծնողները կարող են իրենց երեխայի ծննդյան միջոցառումը կազմակերպել թանգարանում, վճարելով յուրաքանչյուր հյուրի մուտքի տոմսի արժեքը՝ դպրոցականների դեպքում 300 դրամ, ինչպես նաեւ մի փոքր հավելյալ գումար՝ թանգարանի կողմից իրականացվող ծրագրի համար։ Փոխարենը երեխաների համար կազմակերպվում է նախ՝ էքսկուրսիա, ապա եւ խաղեր ու մրցույթներ՝ վիկտորինաներ, երաժշտական ժանրերի ունկնդրում եւ այլն։ Ծննդյան տորթը թույլատրվում է:

Բոլոր երեք թանգարաններն ունեն կրթական բազմաթիվ ծրագրեր։ Թումանյանի թանգարանում ստեղծվել են «Պոչատ աղվես» նախադպրոցական տարիքի եւ «Չամիչ» 7-11 տարեկանների խմբակները, որոնք զբաղվում են բեմադրություններով։ Իսահակյանի տուն-թանգարանում գործում է ամառային դպրոց։ Երեխաները նկարում են, ձեռագործ աշխատանքներ ստեղծում։ Ուրբաթ օրերին համերգներ են՝ նվագում են շնորհալի պատանի երաժիշտները։ Խաչատրյանի տուն-թանգարանում ծանոթացնում են մուլտֆիլմերում հնչող դասական երաժշտությանը, երեխաները նկարում են Խաչատրյանի երաժշտության ներքո եւ այլն:

(շարունակելի)


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Լուսիեն10:14 - 14 նոյեմբերի, 2017
Իմ բալիկները հաճախել են Հով Թումանյանի թանգարանում գործող «Չամիչիկ» և «Բզեզիկ»ամառային դպրոց: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել թանգարանի ողջ անձնակազմից: Բալիկներս մեծ սիրով հաճախել են և գիտելիքների մեծ պաշար ստացել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։