«Դիլիջան ֆրոլովայի» հանդեպ հարուցվել է վարչական վարույթ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ» (Դիլիջան ֆրոլովա ապրանքանիշ) ընկերության հանդեպ:
Հանձնաժողովը հայտնում է, որ վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի բովանդակության` «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:
Ըստ բողոքող կողմի` խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք դեռևս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են Դիլիջան ապրանքային նշանը: Ըստ բողոքի` մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
«Դիլիջան» հանքային ջրի գործարանը մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին և արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:
լուսանկարը' ecopack.am
Մեկնաբանել